ԳՐԱԴԱՐԱՆԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ-ՄԱՏԵՆԱԳԵՏԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳԱԳԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր ԳԻՐՔԸ հայերի հոգեւոր կյանքի զարգացման պատմության մեջ կատարել ու այսօր էլ կատարում է անգնահատելի դեր: Այդ են վկայում մատենադարաններում ու գրադարաններում դարերով գոյատեւած հայկական ձեռագրերն ու ավելի քան 500-ամյա հայ տպագիր մշակույթը: Սույն հոդվածը նվիրված է դպրոցական կրթական համակարգում քիչ շոշափված, բայց մեծ նշանակություն ունեցող հիմնախնդիրներից մեկինՙ այդ համակարգի համակողմանի զարգացման գործում գրադարանների եւ գրադարանավար-մատենագետ մասնագետների դերի լուսաբանմանը: Դպրոցական կրթության ընթացքում է, որ աշակերտները հաղորդակցվում են գրականությանը, գրադարանի եւ գրադարանավարի հետ, ձեռք են բերում ընթերցողական եւ գեղարվեստական ճաշակ, զարգացնում բանավոր եւ գրավոր խոսքը, ցուցաբերում են կուտակած գիտելիքները դրսեւորելու կարողություններ: Դպրոցական գրադարանները օժտված են մի շարք գործառույթներովՙ տեղեկատվական-հաղորդակցական, կրթադաստիարակչական, սպասարկման, մանկավարժական: Հայ գրադարանագիտության եւ մատենագիտության խնդիրն էՙ խթանել գրադարանային համակարգերի զարգացմանն ու նրանց գործունեության կատարելագործմանը, նպաստել ուսումնագիտական աշխատանքները գրքատեղեկատվական աղբյուրներով ապահովելու մեթոդական գործընթացներին: Գլոբալ այդ հիմնախնդրի լուծման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ են. Դպրոցական կրթական համակարգում գրադարանի, ընթերցողների եւ գրքային ռեսուրսների միջեւ հարաբերության որոշումը: Ուսումնական ծրագրերից բխող դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտների ընթերցողական պահանջների սոցիոլոգիական ուսումնասիրությունը եւ հետազոտության արդյունքների արդյունավետ կիրառումը: Այսպիսի գործունեության ծավալումը կարող է հստակություն մտցնել ոչ միայն տեղեկատվական աղբյուրների ձեռքբերման, այլեւ գրադարանները նախ եւ առաջ գրադարանավար-մատենագետ մասնագետներով համալրելու, գիրք-գրադարան-ընթերցող կապերը ակտիվացնելու եւ կրթական գործը արդյունավետ դարձնելու հարցերում: Որպեսզի դպրոցում ստեղծվի տեղեկատվական-հաղորդակցական ճկուն միջավայր, անհրաժեշտ են գրադարանային ֆոնդերի շարունակական համալրում, գրքերի տեսության եւ թեմատիկ այլ միջոցառումների կազմակերպում, գրադարանային-մատենագիտական լայն սպասարկումՙ անկախ դասական եւ տեխնոլոգիական մեթոդների կիրառումից: Իհարկե այս հարցերը գտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում, սակայն խոսքը ուսուցման գործընթացում գրադարանային-մատենագիտական գիտելիքների տարածմանն ու տեղեկատվական միջոցները ավելի մատչելի դարձնելու մասին է, որոնցում աշխատանքային իրենց մասնաբաժինն ունեն գրադարանավարները: Ակնհայտ է, որ ժամանակակից գրադարանային գործում կարեւոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներինՙ համակարգչայնացմանըՙ որպես դպրոցի նյութատեխնիկական բազայի բաղկացուցիչ մասի: Սակայն չպետք է մոռանալ, որ կրթական եւ հասարակական կյանքի զարգացման մեջ լայնածավալ տեղ ունի նաեւ հումանիտար զարգացումըՙ հասարակության հումանիտարացումը : Հետեւապես խոսքը վերաբերում է գրադարանային եւ կրթական գործի երկկողմանիՙ հումանիտար եւ տեխնոլոգիական զարգացումներին: Պետք է նշել, որ այս հիմնահարցերը իրենց արտահայտությունն են գտել Երեւանում եւ արտերկրում կայացած մի շարք գիտաժողովներում, որոնց լուծման առաջարկով հանդես է եկել նաեւ տողերիս հեղինակը: Ելնելով ժամանակի պահանջիցՙ հարկավոր է լուծել տեղեկատվական տեխնոլոգիաներից կախում ունեցած անհատի հումանիտարացման խնդիրը, որովհետեւ առանց գրքի ճանաչողական դերի բարձրացմանը եւ հումանիտար գիտելիքների խորացմանը անիմաստ է խոսել կրթադաստիարակչական ընդհանուր գործի եւ անձի ինտելեկտուալ զարգացման մասին: Մեր կարծիքով, գրքից հեռանալու եւ ընթերցանության պակասի միտումները, որոնք նկատելի են նաեւ հայ իրականության մեջ, արդյունք են հենց տեխնոլոգիական միջոցների մասսայական տարածմանն ու նրանց հետ «անհարկի» կապի. ստեղծվել է սոցիալ-հոգեբանական մի իրավիճակ, որն անգամ սահմանափակել է ծնողների կապն ու շփումը երեխաների հետ... Ավելին, գրելու արվեստը, որպես մշակութային երեւույթ, անհետանում է: Այս իրավիճակը թելադրում է էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրներից օգտվողների (անկախ սեռից, տարիքից եւ ազգությունից) ընթերցանության ղեկավարման նոր, բայց դժվարին խնդիր, որի իրականացումը խիստ պարտադիր է: Ներկա դարաշրջանի գլոբալ հարցերից են նաեւ գրքային ռեսուրսների անվտանգության ապահովումը, մշակութային ժառանգության եւ հեղինակային իրավունքի պահպանումը (հատկապես «թվայնացման» գործընթացում), տեղեկատվական ու տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարելը, որոնցում նույնպես կարեւոր դեր ունեն գրադարանավարներն ու մատենագետները: Ելնելով ասվածի կարեւորությունից անհրաժեշտ է ավելացնել, որ արդի տեղեկատվական եւ տեխնոլոգիական համակարգերի զարգացումների պայմաններում մարդկության գլխավոր խնդիրըՙ քաղաքակրթությունների պահպանումն է եւ մշակութային ժառանգության փոխանցումը ապագա սերունդներին: Հակառակ դեպքում տեխնոլոգիական մրցավազքը կարող է տանել մարդկային եւ հոգեւոր արժեքների կործանման: Հաշվի առնելով դպրոցական կրթության եւ գիտության զարգացման արդի պահանջները, անհրաժեշտ է ստեղծել գրադարանային-տեղեկատվական բազմալեզու աղբյուրների միասնական համակարգ, որի գործուն պայմաններում պետք է պահպանել ազգայինը: Ուշադրություն դարձնել դպրոցներում գրադարանային-մատենագիտական ընտրովի առարկաների ուսուցմանը, որն այսօր շրջանցված է: Մինչդեռ «գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական» մասնագիտությամբ շրջանավարտները, համաձայն կրթական չափորոշիչների, բուհն (ի դեպ, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում այս մասնագիտությամբ կադրեր պատրաստող) ավարտելուց հետո իրավունք ունեն աշխատել նաեւ դպրոցների գրադարաններում: Տվյալ մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ բակալավրի, ինչպես նաեւ մագիստրոսի գործունեությունը, առնչվելով համապատասխան դպրոցի գրադարանի հետ, նպատակաուղղված է գրադարանային ֆոնդի զարգացմանը, պահպանմանը, ընթերցանության սպասարկմանը: Կախված մասնագիտական գործունեության տեսակետիցՙ նրանք պետք է տիրապետեն ծրագրային ուսումնական գրականությանը, պատկերացում ունենան գրադարանի գործառույթների մասին, կարողանան կատարել տեղեկատվական եւ վիճակագրական ինքնուրույն վերլուծություններ, ունենան հիմնարար գիտելիքներՙ իրագործելու գրադարանային-մանկավարժական աշխատանքներ: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ կրթական համակարգումՙ դպրոցների, հետեւաբար նաեւ դպրոցական գրադարանների անվանակոչումներում առկա են տարածված անճշտություններ (անհամապատասխանություններ), որոնք պարզաբանումների եւ հստակեցման կարիք ունեն: Օրինակՙ Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց: Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց: Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոց: Այնուհետեւՙ Լեւոն Շանթի անվան N 4 հիմնական դպրոց: Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոց: Ստ. Շահումյանի անվան N 1 հիմնական դպրոց: Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական դպրոց: Բենիամին Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց: Այնուհետեւՙ Ն. Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոց: Աղասի Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց: Եղիշե Չարենցի Հ. 67 հիմնական դպրոց: Խաչիկ Դաշտենցի անվան Հ. 114 ավագ դպրոց եւ այլն: Անվանացանկից պարզվում է, որ դպրոցների մի մասի անվանակոչման մեջ առկա են «թիվ», մյուսներումՙ «N», այլ դեպքերումՙ «հ» (փոքրատառ) կամ «Հ» (մեծատառ) բառային միավորները: Ակնհայտ է, որ «թիվ»-ը եւ «համարը» (հ-Հ) նախկինում ընդունված «N»-ի հայերեն թարգմանություններ են եւ պաշտոնական ձեւակերպումներում պետք է ընտրվեր երեքից մեկը (դիցուքՙ «N»-ը), ինչը սուբյեկտների կողմից սկզբունքորեն չի կատարվել: Փաստացիորեն ոչ միասնական մոտեցում է տիրում նաեւ հազարավոր տպաքանակ կազմող պարբերական հրատարակություններում (թերթեր, ամսագրեր, գիտական հոդվածների ժողովածուներ եւ այլն), որոնց տպագրահրատարակչական տվյալներում «թիվ»-ին զուգահեռ հավասարապես պահպանվում է «N»-ըՙ տեղեկատվական շփոթ առաջացնելով գրադարանային-մատենագիտական գործունեության եւ ընթերցանության սպասարկման մեջ: Վերջին տասնամյակներում հանրապետության դպրոցներում իրականացված բարեփոխումների շնորհիվ մեծ ծավալի աշխատանք է տարվել կրթական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի կազմման ուղղությամբ: Մատենագիտական ստուգումները ցույց են տվել, որ դպրոցում ուսուցանվող «Աշխարհագրություն» եւ «Հայաստանի աշխարհագրություն», «Հայերենագիտություն», «Համաշխարհային պատմություն», «Ես եւ շրջակա աշխարհը», «Հայոց պատմություն» եւ այլ առարկաների վերաբերյալ 2006 թ. կազմված ուսումնական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերին կից գրականության ցանկերում նույնպես առկա են բազմաթիվ անճշտություններ ու սխալ նկարագրություններ: Նրանցում բացակայում են ոչ միայն հեղինակների ազգանունների այբբենական կարգը, այլ պահպանված չեն գրքերի մատենագիտական նկարագրման մյուս տարրերըՙ վերնագրերի ամբողջական արտացոլումը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը (կամ համապատասխան էջերը), կետադրությունները: Օրինակՙ «Հայոց պատմություն առարկայի չափորոշիչներ եւ ծրագրեր» ուսումնական հրատարակության մեջ (2006 թ.) հանձնարարված գրականության ցանկում կարդում ենքՙ Հր. Սիմոնյան, Անդրանիկի ժամանակըՙ հ 1-2, Երեւան: Նախ տվյալ նկարագրության մեջ անընդունելի է բութ (ՙ) նշանը եւ ապաՙ հայտնի չէ գրքի հրատարակության թվականը: Նման հանձնարարության դեպքում ընթերցողը եւ անգամ գրադարանավարը կարող են հայտնվել անորոշության մեջ: Ընդհանրապես տեղեկատվական աղբյուրների հղման անկանոն իրավիճակ է տիրում նաեւ գիտական բազմաթիվ հրատարակություններում ու ատենախոսություններում, որոնք նույնպես վերանայման եւ մատենագիտական ճշգրտման կարիք ունեն: Չէ՞ որ ընթերցողի համար գրքի եւ հոդվածի մասին առաջին եւ օբյեկտիվ տեղեկատվական աղբյուրը մատենագիտությունն է: Այն օգնում է գրադարաններից օգտվողների թե՛ ուղղախոսությունն ու ուղղագրությունը զարգացնելուն եւ թե՛ ուսումնական հաստատություններում ու գիտական կենտրոններում տեղեկատվական գրագիտությունը բարձրացնելու կարեւոր գործին: Համոզված ենք, որ քննարկվող հիմնահարցերը եւ նրանց գործնական լուծումները հիմք կհանդիսանան ոչ միայն «տեղեկատվական քաոսից» խուսափելու համար, այլ մի կողմից նպատակաուղղված կլինեն հայկական կրթական հաստատություններում գրադարանային գործը եւ մատենագիտությունը զարգացնելուն, մյուս կողմիցՙ բարձրագույն կրթությամբ համապատասխան մասնագետների դերի էլ ավելի բարձրացմանը, որոնք ունեն ռազմավարական անվիճելի նշանակություն: 02.05.2016 թ. |