RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016



ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2016-07-15 00:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4488, Տպվել է` 319, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐՎԵ ԶԵՆՋԻՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ՊՈՐՏԸ ՏԵՂՆ Է ԴՆՈՒՄ

Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Անգլերենի 28-ամյա թուրք ուսուցչուհի Մերվե Զենջիրը հեծանիվով ճանապարհորդություն է սկսել Թուրքիա-Վրաստան-Հայաստան-Իրան ուղղությամբ: Ուսուցչուհու ճանապարհորդությունն արդեն սկսվել է շուրջ տասն օր առաջՙ Քոջաելիից եւ երեկ նա հասել էր Օրդու բնակավայր:Մերվե Զենջիրը հայտարարել է, որ ճանապարհորդությամբ, որն ի դեպ ձգվելու է 3 հազար կիլոմետր, ինքը ցանկանում է ցույց տալ, որ կինն ամեն ինչ կարող է իրական դարձնել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ կանայք պետք է ամուսնանան եւ սերունդ տան, ավելի ճիշտՙ կանայք պետք են, որպեսզի ամուսնանան եւ սերունդ տան:

Ինչպես ցույց է տալիս Մերվե Զենջիրըՙ Էրդողանը ոչինչ չի հասկանում կանանցից:

Մենք էլ «Ռոշեն» չենք ուտի

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, որը այս օրերին Բաքվում է, Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Պորոշենկոն հենց այդպես էլ ասել էՙ երբեք:

Մի խումբ հայ մանուկներ էլ հանդես են եկել պատասխան հայտարարությամբ, որ մենք էլ երբեք «Ռոշեն» շոկոլադ չենք ուտի, տեսնենք, թե ո՞վ կտուժի, Արցա՞խը, երբ բոլորը հերթով ճանաչեն, բացի Ուկրաինայից, թե՞ Պորոշենկոն, որի արտադրած շոկոլադը կզրկվի մեծ թվով սպառողներից:

Մելիք-Դաունինգ-Ադամյան-սթրիթ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անցնող շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀԿ-ն քաղաքական բրենդ է, բրենդ է նաեւ կուսակցության հասցենՙ Մելիք Ադամյան 2-ը, որը իրենց համար քաղաքական հասցե է եւ որտեղից, ըստ Աշոտյանի, իրականացվում է ոչ միայն կուսակցական գործունեությունն, այլեւ պետական քաղաքականությունը:

Դժվար է ասել, թե ի՞նչ են մտածում Մելիք Ադամյան 2 բրենդի կապակցությամբ Դաունինգ-սթրիթ 10 հասցեում, որտեղ տեղակայված է բրիտանական կառավարությունն ու վարչապետի նստավայրը, բայց հստակ է, որ բրիտանական Պահպանողական կառավարությունը իր կուսակցական հասցեն բրենդ չի համարում եւ չի գտնում, որ Պահպանողական կուսակցության գրասենյակից է իրականացվում պետական քաղաքականությունը, չնայած արդեն մի քանի տարի կառավարում է երկիրը: Այդ պատճառով էլ Բրիտանիայում բրենդը ոչ թե կուսակցական գրասենյակն է, այլՙ Դաունինգ-սթրիթ 10 հասցեն, անկախ նրանից, թե ո՞ր կուսակցության անդամներն են այս հասցեում մեծամասնություն կազմում: Եւ այս մոտեցումն էլ հենց իրական քաղաքական բրենդն է:

Աշոտյանը դպրոցը վաղուց է ավարտել, սա պետք է որ իմանար:

Փող եւ պատմություն

Ստեղծվել է հայկական ազգային խորհրդանիշ, որի ստեղծման համար ծախսվել է 400 հազար ամերիկյան դոլար: Թե ինչ պատկեր ունի խորհրդանիշըՙ կարեւոր չէ, քանի որ պարզ է, որ խորհրդանիշ ստեղծողներին ոչ այնքան խորհրդանիշն է հետաքրքրել, որքան 400 հազար դոլարը:

Խորհրդանիշն ունի նաեւ կարգախոս. այ սա ամենակարեւորն է: Ուրեմն հայկական ազգային կարգախոս է ճանաչվել սաՙ «Պատմություն, որը նոր է սկսվում» (The Story is Just Beginning): Թե կոնկրետ ո՞ւմ պատմությունն է նոր սկսվում եւ ի՞նչ պատմություն է դա, խորհրդանիշի եւ կարգախոսի ստեղծողները չեն մանրամասնել, բայց տրամաբանում ենք, որ 400 հազար դրամ տեսնելիս կարելի է եւ մոռանալ ազգի պատմությունը, անգամ եթե այն ոչ թե նոր է սկսվել, այլ հնամենի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ