RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2016-07-15 00:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3773, Տպվել է` 314, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԹԻԿԻ ՀԵՂԵՂԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՎՐԵ՞ԺՆ ԷՐ

Մ.Խ.

Հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղն աննախադեպ էր: Արագածում եկած կարկուտից հետո հեղեղը լցվեց մարդկանց տները եւ զգալի վնաս հարցրեց բնակչներին: «Ազգը» եղավ Արթիկիՙ այսպես կոչված «Տուֆի մայլա» թաղամասում, որտեղ աշխատող տեխնիկան դեռ հեղեղումից բավական ժամանակ հետո էլ մաքրում է փողոցները հեղեղի բերած տիղմից ու կեղտից:

Մեր պաշտոնյաներն արդարանում են, ասում են` բնական աղետ էր, ի՞նչ կարող էինք անել: Սակայն մեր զրուցակիցը` արթիկցի գործարար Յուրա Սահակյանը մասամբ է համամիտ այդ տեսակետի հետ: «Համաձայն եմ, ասում է նա, հեղեղը բնական է, բայց ինչու այդպես լցվեց տները: Արթիկն Արագածի փեշին է, այսինքն հեղեղները միշտ էլ Արթիկում կան, բայց այս անգամ չափազանց առատ էին: Արթիկով երկու ձորակ է անցնում` Մորղովենց ու Բմբուլենց ձորերը, դրանք հո իրենք իրենց չե՞ն առաջացել, տարիների ընթացքում Արագածի սելավաջրերն են բացել դրանք: Դրանք բնական հզոր հեղեղատարերն են եղել շատ վաղ ժամանակից: Էդ երկու հեղեղատարները տարիների ընթացքում լցվեցին Արթիկի տուֆի արտադրական թափոններով` խորհրդային տարիներից դեռ: Հեղեղատարները փակվեցին կամաց-կամաց, իսկ այդ բնապահպանական խնդրի մասին բարձրաձայնողները որպես պատասխան ուսերի թոթվոց էին միայն ստանում: Այս անգամ հեղեղն աննախադեպ էր, ու ամբողջ տուֆի թափոնը ջուրը բերեց-լցրեց քաղաքը: Հեղեղատարների ելքերը փակվեցին, ջուրը բարձրացավ-լցվեց տները: Բնությունը խստագույնս պատժեց մեզ` մեր իսկ սխալներ համար: Ջրերը մարդու ձեռքով կուտակած կեղտը լցրեցին տները` հասկացնելով, որ մաքրենք: Հեղեղը կարող է պարբերաբար կրկնվել, մանավանդ` հիմա կլիման փոխվել է: Մենք խախտել ենք բնության օրենքը` սա բնապահպանական խնդիր է դարձել: Ձորերը ձեռակերտ չեն, բնության օրենքներով են առաջացել` ո՞ւր ես թափոն լցնում այնտեղ, հեղեղ էլի է լինելու:

Ընդհանրապես հայերս ճիշտ չենք ապրում` մեկ-երկու տարի հեղեղ-աղետ չեղավ` հանգստանում ու նույն սխալներն ենք գործում: Երկրաշարժից հետո նույն ձեւով պանելով շենք չե՞նք սարքում: Ամեն մի տուֆահանքի շահագործման դեպքում թափոնները պետք է հարթել, հողով ծածկել, դարձնել վարելահող:Դա չի արվել: Ապականել ենք բնությունը: Ճիշտ է, հիմա տուֆի մեծ արտադրություն չկա, ավելի շատ հին կուտակումներ էին, բայց ձորերը, միեւնույն է, պետք է մաքրել հին թափոնից»:

Դատելով ձորերի լցվածությունից` դա աշխատատար ու ֆինանսատար գործ է, որը հազիվ թե Արթկիկի քաղաքապետարանը կարողանա գլուխ բերել: Դատելով երկրի բյուջեի անմխիթար վիճակից` դա անհույս գործ է: Իսկ ջրհեղեղների հետ դեռ ոչ ոք պայմանագիր չի կապել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ