CHERCHEZ LA FEMME ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Օլանդի վարսավիրը ստանում է գրեթե նույնքան աշխատավարձ, որքան Ֆրանսիայի նախարարները: Այս լուրը անցնող շաբաթ ամենաքննարկվողներից էր: Պարզվեց, որ վարսավիրը, ում անունը Օլիվյե է եւ որը 46 տարեկան է, ստանում է 9895 եվրոՙ առանց հարկերի, մաքուր, այն պարագայում, երբ Ֆրանսիայում նախարարի աշխատավարձը կազմում է 9940 եվրո, կրկին մաքուր: Եթե հետաքրքրեց, ապա ավելացնեմ նաեւ, որ Օլիվյեյի հետ նախագահ Օլանդը աշխատանքային պայմանագիր է կնքել 2012-ին, հինգ տարի ժամկետով, եւ պարտավորվելով վարսավիրին ամեն ամիս տալ վերոհիշյալ մաքուր աշխատավարձը, իսկ վարսավիրը ստանձնել է պարտավորություններՙ միշտ տեղում լինել նախագահի համար եւ ուղեկցել Օլանդինՙ վերջինիս արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, մկրատով, անշուշտ, վարսավիրական, իհարկե: Մի խոսքով, հաջորդ տարի Օլիվյեյի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է, եւ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահի կողքին միշտ պետք է վարսավիր լինի, ապա կարող եք թողնել ձերՙ 1000 դրամով տղամարդու մազ կտրելու անշնորհակալ եւ անարդյունավետ աշխատանքն ու գնալ Ֆրանսիայի դեսպանատունՙ վիզայի հետեւից: Հետո կամ կբերի բախտներդ, կամՙ ոչ, նկատի ունեմ, դեսպանատանը կա՛մ վիզան կտան, կա՛մ ոչ: Ընդ որում, պարզ չէ, թե ո՞ր դեպքում բախտներդ կբերի, քանի որ 2017-ին, այսինքն հաջորդ տարի, երբ Օլիվյեյի աշխատանքային պայմանագիրը դադարի գործել, ավարտվելու է նաեւ Օլանդի նախագահական ժամկետը, եւ պարզ չէ, թե ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը եւ նա ինչպես կվերաբերի միգրանտներին, հատկապես միգրանտ-վարսավիրներին: Բայց այս պատմությունը ինձ հետաքրքրական թվաց ամենեւին էլ ոչ Օլիվյեյի պատճառով, առավել եւս նրա աշխատավարձի: Ինձ անհամեմատ ավելի հետաքրքրեց Ֆրանսիայի նախարարների ցածր աշխատավարձը, իսկ 9940 եվրոն Ֆրանսիայում բարձր աշխատավարձ չէ, այն էլ այն պարագայում, երբ ստիպված ես պարբերաբար կոստյումներ գնել, որոնք Ֆրանսիայում գնում են բրենդային խանութներից, քանի որ «Մալաթիա» տոնավաճ չունեն: Այսինքն թանկ, իսկ թանկ կոստյումը Ֆրանսիայում մի նախարարական աշխատավարձ արժի, այն էլ, եթե այնքան էլ թանկ չի համարվում: Ուրեմն որտեղի՞ց են գնում Ֆրանսիայի նախարարներն իրենց կոստյումները, իսկ որն ավելի կարեւոր էՙ ինչպե՞ս: Գուցե նվե՞ր են ստանում: Լավ, բայց ինչքա՞ն: Ասենք ծննդյան օրը, ֆինանսների նախարար Միշել Սափենը կոստյում է նվեր ստանում, բայց հո բոլոր հյուրերը կոստյում չե՞ն բերելու, այսինքն, ենթադրենք, այդ նվեր ստացած կոստյումը երկուշաբթի օրը հագավՙ կառավարության նիստին, բա Բելգիայի ֆինանսների նախարարի հետ երեքշաբթի օրը նախատեսված հանդիպմանն ի՞նչ է հագնելու: Մնում է մեկ տարբերակ, գնում են: Ու այստեղ առաջ է գալիս հիմնական, կարեւորագույն հարցը, ինչպե՞ս, եթե ոչ աշխատավարձով: Կոռուպցիա՞, Ֆրանսիայո՞ւմ, չգիտեմ: Բիզնեսներ ունե՞ն Ֆրանսիայի նախարարները, կրկին չգիտեմ. համենայն դեպս Ֆրանսիան հայտնի չէ ո՛չ պետական ապարատի կոռումպացվածությամբ, ոչ էլ նախարական բիզնեսներով: Փոխարենը հայտնի է կոստյումներով, արդեն նաեւ վարսավիրով, էլի շատ բաներով, օրինակՙ կանանցով: Cherchez la femme, ասում են ֆրանսիացիները, կարծես պատասխանելով մեր հետաքրքրությանը: Բանն այն է, որ այս արտահայտությունը բառացիորեն նշանակում էՙ փնտրեք կնոջը, սա օգտագործում են այն ժամանակ, երբ այն օգտագործողի կարծիքով տվյալ արարքի, գործողության (տղամարդու կատարած) մեջ կնոջ հետք կա: Կարծում եմ սա հենց այդ դեպքն է. բանն այն է, որ կամ Ֆրանսիայի նախարարներին թանկարժեք կոստյումներ նվիրում են իրենց կանայք, իսկ նախարարների կանայք միշտ ավելի հարուստ են, քան նախարարները, անգամ Ֆրանսիայում, կամ էլ Ֆրանսիայի պետական ապարատում կոռուպցիա կա: Սա չի նշանակում, որ մենք պետք է մեզ լավ զգանք, բայց սա նշանակում է, որ ֆրանսիացիներն իրենց պետք չէ շատ լավ զգան: |