RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016



ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-07-15 00:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3876, Տպվել է` 270, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱԼԵՀ ԶԱՀՐ ԷԴ-ԴԻՆԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԻՑ».... ՄԻՆՉԵՎ «ՄՈՒՍԱ ԴԱՇՏԱՎԱՅՐՙ ԱՅՆՃԱՐ»

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ, Արաբագետ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող

«Հայկական հերոսամարտ մահվան ու կյանքի միջեւ» մենագրության մասին

2015 թ. օգոստոսին Բեյրութում արաբերեն լույս է տեսել լիբանանցի արաբ պատմաբան-հայագետ Սալեհ Զահր Էդ-Դինի «Մուսա լեռից».... մինչեւ «Մուսա դաշտավայրՙ Այնճար» (հայկական հերոսամարտ մահվան ու կյանքի միջեւ)» մենագրությունը, որտեղ հեղինակը հանգամանորեն ներկայացնում է 1915 թ. մուսալեռցիների հերոսական պայքարն օսմանյան կանոնավոր զորքի դեմ, ի վերջո ֆրանսիական ռազմանավերով մուսալեռցիների փրկվելու պատմությունը, մի քանի տարի անց վերադառնալը, իսկ 1939 թ. -ից մինչ օրսՙ կյանքը Լիբանանի Այնճար բնակավայրում:

Նշենք, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում Մուսալեռը (այլ անուններովՙ Ջեբել Մուսա, Մուսա Դաղ) գտնվում էր Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Ալեքսանդրեթի սանջակում, Անտիոք քաղաքից 25 կմ հեռավորության վրաՙ Միջերկրական ծովի ափերին (ներկայումսՙ Հաթայի վիլայեթ): Լեռան շուրջը կար վեց հայկական գյուղՙ Յօղունօլուք, Բիթիաս, Հաջի-Հաբիբլի, Վագըֆ, Խդրբեգ, Քեբուսիե, որոնց բնակիչները (մոտ վեց հազար մարդ) զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ եւ այլն, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները: Իմանալով 1915 թ. գարնանը Արեւմտյան Հայաստանի եւ կայսրության մյուս հայկական շրջանների բնակչության տեղահանությունների ու կոտորածների լուրը, եւ խուսափելով նույն ճակատագրից, մուսալեռցիները հուլիսի 29-ին Յօղունօլուքում տեղի ունեցած վեց գյուղերի ներկայացուցիչներիՙ երեւելիների ժողովից հետո բարձրացան լեռը: Նրանք հաստատվեցին լեռան բարձունքներից մեկումՙ Դամլաջըքում եւ կազմակերպեցին ինքնապաշտպանություն: Մուսալեռցիների մի մասը, ովքեր բռնեցին գաղթի ճանապարհը, այլեւս չվերադարձան: Սկսած օգոստոսի 7-ից, օսմանյան բանակը մի քանի հարձարկումներ իրականացնելուց եւ հակազդեցության հանդիպելուց հետո ի վերջո 15 հազարանոց զորքով պաշարեց լեռը: Մուսալեռցիներին այլ բան չէր մնում, քան ակնկալել օգնություն ծովից: Նրանք երկու պաստառ պատրաստեցին, որոնցից մեկի վրա նկարված էր խաչ, մյուսի վրա գրված էրՙ «Քրիստոնյաները վտանգի մեջ են, օգնեցե՛ք», որպեսզի նկատվեն դաշնակիցների նավերի կողմից: 53 անմոռաց օր մարտեր մղելուց հետո ֆրանսիական «Գիշեն» եւ «Ժանն դ"Արկ» ռազմանավերը հրաշքով փրկված մուսալեռցիներին սեպտեմբերի 10-ին տեղափոխեցին Պորտ Սայիդՙ Եգիպտոս: Պատահական չէ, որ հեղինակն օգտագործում է «փրկության նավ» եզրը: Ահա թե ինչ պատմություն է ընկած Սալեհ Զահր Էդ-Դինի գրքի հիմքում, որը Մուսա լեռան հերոսամարտի մասին արաբերենով գրված առաջին նմանօրինակ աշխատությունն է: Նշենք նաեւ, որ հերոսապատման մասին Ֆրանց Վերֆելի հայտնի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը թարգմանված է նաեւ արաբերենի, ինչի մասին իմանում ենք ծագումով մուսալեռցի մտավորական, պատմաբան Ասատուր Փաշայանի «Ֆրանց Վերֆելի Մուսա լեռան քառասուն օրը» գրքից (Երեւան, 2014, էջ 71):

Սալեհ Զահր Էդ-Դինի գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության եւ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ: Այն նվիրված է «Քառասուն օրերի ժողովրդի»ՙ մուսալեռցիների տասնութ զոհերի հիշատակին, ովքեր պայքարել են իրենց իրավունքների համար մղված պայքարում: Գիրքը նվիրված է բոլոր այնճարցիներին, ովքեր հիմնեցին իրենց բնակավայրը լիբանանյան հողի վրա այն բանից հետո, երբ հեռացան Մուսա լեռից, այն նահատակների հիշատակին, ովքեր արդեն Այնճարում զոհ գնացին հիվանդություններին եւ համաճարակներին, բոլոր այն այնճարցիներին, ովքեր, այնուամենայնիվ, հարթեցին կյանքի իրենց ճանապարհը, եւ վերջապեսՙ բոլոր նրանց, ովքեր հավատում են սիրուն, արդարությանը, մարդասիրությանը:

Հեղինակը գրքի հրատարակությանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն է հայտնել Հայ հեղափոխական դաշնակցության Այնճարի մասնաճյուղին (Կարմիր լեռ) ի դեմս Կարո Բայլաուջյանի եւ Եսայի Հաֆաթյանի:

Գիրքը կազմված է տասներկու մասից, նաեւՙ հեղինակի խոսքից, առաջաբանից, օգտագործված գրականության ցանկից: Գրքի հիմնական բաժիններում հանգամանորեն քննարկվում են Մուսա լեռան շրջանի աշխարհագրական դիրքը, բնակչության կազմը, այստեղ հայերի բնակեցման պատմական փաստերը, ի վերջո Օսմանյան կայսրության մեջ շրջանի կարգավիճակը, ապաՙ 1909 թ. Ադանայի կոտորածները, աղերսները Առաջին աշխարհամարտի, Հայոց ցեղասպանության եւ մուսալեռցիների միջեւ, 1915 թ. նրանց հերոսամարտը, 1915 թ. հերոսամարտից հետո հրաշքով փրկվելը եւ Պորտ Սայիդում հաստատվելը, 1919 թ. վերադառնալը եւ մինչեւ 1939 թ. Մուսա լեռում բնակություն հաստատելը, Իսկենդերունի սանջակի հարցը, 1939 թ. Այնճարում մուսալեռցիների հաստատվելը, այնտեղ կրած տանջանքներն ու չարչարանքները: Հատկանշական է, որ հեղինակը նույնիսկ անդրադարձել է պատմական Կիլիկիայի հարավում մուսալեռցիների հաստատվելու պատմությանըՙ նշելով, որ նրանք Անտիոքի շրջանում հայտնվել են Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 50-60-ականներին): Արաբ հեղինակը ոչ միայն լավատեղյակ է մուսալեռցիների պատմության բազմաթիվ ծալքերին, այլեւ հիացմունքով է խոսում նրանց հերոսամարտի մասինՙ քննադատության ենթարկելով Օսմանյան կայսրության քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ: Գրքի վերջում զետեղված են մի շարք փաստաթղթեր, լուսանկարներ եւ աղբյուրագիտական ցանկ, որը հագեցած է նյութին վերաբերող բազմաթիվ նյութերով: Գրքում տեղ են գտել Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների, այդ թվումՙ ղեկավարների (Տիգրան Անդրեասյան, Եսայի Յաղուբյան, Մովսես Տեր-Գալուստյան, Պետրոս Դմլաքջյան, Պետրոս Դուդաքլյան), Պորտ Սայիդի եւ Այնճարի վրանաքաղաքների, մուսալեռցիներին տեղափոխող մակույկների եւ այլ նկարներ: Նշեմ, որ գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, գրված է անթաքույց պաթոսով եւ գեղեցիկ արաբերենով:

Գրքում զետեղված է նաեւ Սալեհ Զահր Էդ-Դինի կենսագրությունը, ով Հայաստանի պատմության տարբեր հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է: Հիշենքՙ «Ղարաբաղի խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ» (1994 թ., Բեյրութ), «Հայերը եւ արաբները պանթուրանիզմի եւ սիոնիզմի միջեւ» (1994 թ. Բեյրութ), «Հայերը. ժողովուրդ եւ դատ» (Բեյրութ, 1988) եւ այլն: Իր աշխատություններում Սալեհ Զահր էդ-Դինը լայն անդրադարձ է կատարել հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը, արցախյան խնդրին, Լիբանանի հայկական համայնքին եւ այլն:

Նշենք նաեւ, որ լիբանանցի պատմաբանն իր ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդրում 1994 թ. եւ եղել է առաջին արաբ պատմաբանը, ով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Նրա գիտական ղեկավարը եղել է ճանաչված արեւելագետ Նիկոլայ Հովհաննիսյանը:

Մուսալեռցիների հերոսամարտին եւ հետագայում նրանցՙ Այնճարում հաստատվելու պատմության մասին Սալեհ Զահր Էդ-Դինի գիրքը կարեւոր ներդրում է ոչ միայն Օսմանյան կայսրության մեջ հայ ժողովրդի պատմության ու նրա հերոսական դրվագների ուսումնասիրության, այլՙ հայ-արաբական հարաբերությունների, բարեկամության եւ պատմամշակութային առնչությունների ոլորտում: Մյուս կողմից, Մուսա լեռան հերոսամարտը շարունակում է մնալ այն կարեւոր իրադարձությունը, որով աշխարհը շարունակում է ճանաչել հայերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ