RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 5564, Տպվել է` 920, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Խառնակ ժամանակներ ենք ապրում։ Միմյանց հաջորդող քաղաքական իրադարձություններն այնպիսի անհավանական անակնկալներ են մատուցում, որ հաճախ առաջ են անցնում արվող ամենահամարձակ կանխատեսումներից։ Ասես դիտում ես շեքսպիրյան թատրոնի կրքերին, խարդավանքներին, քծնանքներին, դավերին հարիր մի ներկայացում, ուր դերասաններն անընդհատ դիմակներ են փոխում, ուր հանդիսատեսը ռեալ ժամանակի ռեժիմում կատարվող սպանությունների մասնակիցն է, իսկ ետնաբեմում քաղաքական այս տրագի-ֆարսին են հետեւում նրա սցենարիստներն ու բեմադրիչները։ Իրոք, «Ժամանակը դուրս է եկել իր ուղեծրից», ու կրկին «լինել, թե՞ չլինելու» խնդիրն է ծառացել ազգերի, կրոնների, մշակույթների, քաղաքակրթության առջեւ։

Դեռ սկզբից էր պարզ, որ խորտակված ռուսական ռազմական կործանիչի պատճառով սրված ռուս-թուրքական հարաբերությունները կրկին կվերականգնվեն։ Դրանում մեծ էր հենց իրՙ ՌԴ նախագահի շահագրգռվածությունը։ Բոլոր մակարդակներում շուրջ յոթ ամիս տեւած ռուս-թուրքական թշնամանքը մի անուղղակի, կեսբերան ասված ներողության շնորհիվ փոխվեց «նորից ախպեր ենք» փոխհարաբերության։ Նույնիսկ Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումն ու դրան հետեւած ռեպրեսիաները չեն կարող հետաձգել ռուս-թուրքական հարաբերությունների արագ վերանորոգվող գործընթացը։

Մինչ թուրքական ամայի լողափերն ընդունում են այնտեղ հանգստանալու եկած ռուս «կամիկաձե»-ների առաջին խմբերին, ու մինչ կրկին «որակյալ» է դառնում թուրքական լոլիկը ռուսական շուկայում, մեծ թափով նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկու նախագահների շուտափույթ հանդիպման համար։ Միջազգային վերլուծաբանները տնտեսական պատճառներից առավել նշում են ռուս-թուրքական կապերի վերականգնման քաղաքական դրդապատճառների մասին։ Նրանց կարծիքով Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում ցանկանում է ամրապնդել իր միանձնյա առաջատարի դերը, այնտեղից դուրս մղել Մ. Նահանգներին եւ նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունը սեւծովյան ավազանում։ Եվրոպայից օտարված Թուրքիան պետք է Ռուսաստանի համար դառնա կարեւոր գործընկեր այս ծրագրերն իրականացնելու համար, գրում է «Նովայա Գազետա»-ի թղթակից Պավել Ֆելհենհաուերը։

Արդեն հայտնի է, որ օգոստոսի սկզբին, Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Պուտին-Էրդողան հանդիպումը։ Սակայն ռուսական ԶԼՄ-ները, անցյալ նոյեմբերից հետո, իրենց արբանյակային, տիեզերական ուժերի տվյալների փոխանցմամբ, այնպես լավ աշխատեցին Էրդողան-Թուրքիա-«Իսլամական պետություն» կապը մերկացնող փաստերը լուսաբանելիս, որ, անկեղծորեն, առաջիկա հանդիպումը զավեշտի թատրոն է հիշեցնելու։

Ավելին, ամիսներ առաջ ռուսական առաջին ալիքով հնչեց լուր այն մասին, որ ՌԴ-ն Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան։ Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ նույնպես քրեական գործ են հարուցել Էրդողանի դեմ քրդերի նկատմամբ բռնություններ կիրառելու համար։ Human Rights Watch կազմակերպությունը վերջերս հանդես եկավ Էրդողանի ռեժիմը քննադատող բազմաթիվ մեղադրանքներով։ Առհասարակ, այս պաշտոնական դեմքն իր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ կատարած լուրջ հանցանքների համար պետք է վաղ թե ուշ կանգնի Հաագայի դատարանի առաջ։

Մեզ անհանգստացնողը սակայն այն է, թե ի՞նչ նվեր է պատրաստվում մատուցել Պուտինը Էրդողանին ռուս-թուրքական մեղրամիսի առիթով։

Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում տիրող ներկայիս անհանգիստ, պայթյունավտանգ վիճակը, հոգեբանական շանտաժի հետեւանք էր, ինչն ուղարկվեց ադրբեջանական կողմից Ղարաբաղի հարցով Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո։ Դրան գումարվեց «Կազանյան» փաստաթղթի հրապարակումը մամուլում։ Շրջանառության մեջ մտան խոսակցություններ այսպես կոչվածՙ «պուտինյան պլանի» մասին, որը «տարածքների հանձնում Ղարաբաղի շատ ավելի կայուն կարգավիճակի դիմաց» դրույթն է։

Այս հարցի մեկնաբանության մեջ ՀՀ նախագահը լուռ է, ՀՀ արտգործնախարարըՙ նույնպես։ Չկա ժողովրդի անհանգստությունը հերքող կամ հավաստող որեւէ պաշտոնական խոսք։ Այս չկայացող հակադարձ կապի բացակայության պատճառով է ահա, որ հուսալքության հասած ժողովուրդը ստիպված փաստորեն ինքն է խոսում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակմամբ, բողոքի ցույցերով, քաոսային վիճակի ստեղծմամբ։

Երկրում ստեղծված սոցիալական ճգնաժամը, անօրինականությունն ու կոռուպցիան ժողովուրդն ատամները սեղմած հաղթահարում Էր, հանուն այն պայքարի, որի մեջ մտանք 25 տարի առաջ։ Ունեցանք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի կոտորածներ, ունեցանք փախստականներ, որոնց գործոնն անտեսված է բանակցություններում։ Ունեցանք Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի շրջանի, Արծվաշենի կորուստ, որի գործոնը նույնպես անտեսված է։ Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ամեն խոսք ու փաստաթուղթ պտտվում է Ադրբեջանի տարածքների ու ադրբեջանցի փախստականների շուրջը։ Մենք ոչինչ չե՞նք կորցրել։ Ինչո՞ւ տեղ չի հասնում մեր կորուստների մասին ձայնը։

Տարածքներ հանձնել Ղարաբաղի անորոշ, միջանկյալ կարգավիճակի, «ազնիվ խոսքով» ամրագրված երաշխիքների դիմա՞ց... Մոտեցնել ազերի երախը Արցախի սահմաններին, այն դեպքում, երբ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, ավելինՙ անելու է ամեն ինչ այն բռնազավթելու համար։

Ուրեմն, հայ ժողովուրդը կրկին պետք է Սարդարապատի պատրաստվի, այս անգամ արդեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Եթե դա չլինի, ապա տարածքային զիջումների փռվող ուղեգորգը տանելու է մեզ դեպի Երեւանի մատույցները։

Չգիտես ինչու Վլ. Պուտինի տարածքներ հանձնելու ողջ եռանդը հենց Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ է աշխուժացել։ Էնտուզիազմն անհետանում եւ չափանիշները փոխվում են, երբ խոսք է լինում «իր մոտ» եղած տարածքները հանձնելունՙ Ղրիմ, Հարավային Օսեթիա, Աբխազիա, Կուրիլյան կղզիներ, Կալինինգրադ Եթե հնարավոր է զենքի միջոցով նվաճած հողերը գրչով ետ վերադարձնել, ուրեմնՙ Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձը նույնպես գրչի զորությանն է ապավինվելու, մանավանդ որ դրա համար անհրաժեշտ միջազգային բոլոր փաստաթղթերն առկա են։ Պուտինը կօգնի՞ մեզ արդյոք այդ հարցում։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ