ՇՈԳ ԱՇՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք ԱՄՆ նախագահ Օբամայի պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել են հաշված ամիսներ: Ավանդաբար այս անցումային շրջանում են թեժանում ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւերի քննարկումները, որոնք ինչպիսի համառությամբ առաջադրվում, նույնպիսի համառությամբ էլ մերժվում են, հենց հեռացող նախագահների (Բ. Քլինթոն, Ջ. Բուշ) ջանքերի շնորհիվ, դրանով մշտապես կարեւորելով այդ երկրի քաղաքական նպատակահարմարությունները հայ համայնքի արդարացի պահանջից: Այս տարի կարծես վիճակը փոքր-ինչ այլ է: Դրսում առկա է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների աննախադեպ սառնություն, որպես հետեւանք այդ երկրի առաջնորդի վարած ոչ ադեկվատ ներքին եւ արտաքին քաղաքականության: Ջո Բայդենի այցը Թուրքիա չփրկեց իրավիճակը: Առանց այն էլ ավազե ամրոցի նման փլուզվող թուրք-ամերիկյան հարաբերությունների փլատակների վրա ավելացան Գյուլենի արտահանձնման խնդիրը եւ թուրքական բանակի վերջին արկածախնդրությունները Սիրիայի տարածքում: Մենք ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման վերջին փորձից լավ հասկացանք, որ առանձնակի հույսեր չպետք է փայփայել շահառու լինելու Թուրքիայի հետ որեւէ գերտերության փչացած հարաբերություններից: Այդուհանդերձ, սխալ կլինի հայեցողի կեցվածք ընդունել եւ նպաստավոր այս պահը չօգտագործել հօգուտ հայկական խնդրահարույց գործերի կարգավորման: Հայ դատին առնչվող երկու խոշոր նախագծեր են ընթացքի մեջ դրված այս աշնանը: Առաջինըՙ աներիկահայերի հայցն է ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, որի մասին «Ազգ»-ը տեղեկացրել էր իր ընթերցողներին նախորդ համարներում, երկրորդըՙ ԱՄՆ Կոնգրես առաջադրվող Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 154 բանաձեւը: Ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանից եւ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի վերջին հրապարակումներից տեղեկանում ենք, որ Փասադենա քաղաքում (Կալիֆորնիա), օգոստոսի 4-ին Միացյալ Նահանգների իններորդ մարզային վերաքննիչ դատարանը լսել է բանավոր փաստարկներ երկու դատական հայցերի վերաբերյալՙ Թուրքիայի կողմից 1915-23 թվականներին բռնագրավված հայկական կալվածքների եւ «Ինջիռլիք» ամերիկյան ռազմաբազայի տարածքի նկատմամբ իրավասության մասին պահանջները: Հիշեցնենք, որ 2013 թ. շրջանային դատարանը մերժել էր այս երկու հայցերըՙ հիմնավորելով, որ իրենք գործ ունեն մի քաղաքական հարցի հետ, որը ոչ թե դատարանի, այլ Սպիտակ տան պաշտոնյաների ենթակայության տակ է գտնվում: Հայկական կողմի շահերը դատարանում ներկայացրել են փաստաբաններ Քեթրին Լի Բոյդը, Վարդգես Եղիայանը, Մարկ Կիրակոսը: Թուրքական կողմը ներկայացրել է Նիլ Սոթմանը: Դաշնային վերաքննիչ դատարանի կազմում են եղել Ալեքս Կոզինսկին, Սթիվն Ռայնհարդը եւ Քիմ Ուորդլոն: Երեք դատավորներն էլ հայտարարել են իրավական այն թեզը, համաձայն որի, ինքնիշխան պետությունն իրավունք ունի օտարել իր քաղաքացիների սեփականությունը, եւ ամերիկյան դատարանը իրավասու չէ միջամտել նման դեպքերում, բացառությամբՙ եթե դրանք ուղեկցվել են միջազգային իրավունքի խախտումներով կամ ցեղասպանությամբ: Դատաքննության ընթացքում դատավոր Կոզինսկին մի քանի անգամ կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության հղումների իրավաչափությունը, ասելով. «Մեր կառավարությունը դեմ է հայերի հետ պատահածը ցեղասպանություն անվանելուն: Մեր կառավարությունը անդրդվելի է այս հարցում»: Միայն այն բանից հետո, երբ փաստաբան Բոյդը բացատրել է դատավոր Կոզինսկուն, որ հայկական կալվածքների բռնագրավումը թուրքական կառավարության կողմից եղել է «կամայական եւ խտրական», դատավորը հասկացել է խնդիրը եւ ասել թուրքական կառավարության փաստաբան Նիլ Սոլթմանին, որ տարբերություն կա, օրինակ, Կոննեկտիկուտում հանրային գերակա շահի պատճառով տան օտարման եւ որոշակի ռասայի կամ կրոնի պատկանող անձանց բոլոր տների գրավման մեջ, որը միջազգային իրավունքի խախտում է, եւ հետեւաբար, օրինականորեն դատելի է Միացյալ Նահանգների դատարանում: Հարութ Սասունյանը , ով ներկա է եղել նիստին, նշում է իր թերթում, որ դատավոր Ուորդլոյը Թուրքիայի նախագահին հիշատակելիս, բերանից պատահաբար թռցրել է «այս խելագար նախագահը» արտահայտությունը, ինչը կարող է նշանակել, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հոգնել են արդեն Էրդողանի «խելագար» արարքներից եւ այսուհետ պետք է թույլ տրվի ԱՄՆ արդարադատության համակարգում որոշում կայացնել ղեկավարվելով օրենքի, այլ ո՛չ քաղաքական շահերի դրդմամբ: Դաշնային վերաքննիչ դատարանն իր որոշումը հրապարակելու է առաջիկա 90 օրվա ընթացքում: Երկրորդ նախագիծն առնչվում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի աննահանջ պայքարին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Դեռ անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել հայկական ծագումով երկու կին կոնգրեսականներՙ Աննա էշուի եւ Ջաքի Սփիյըրի առաջարկած «Ճշմարտություն + Արդարություն» անունը կրող թիվ 154 բանաձեւը, ինչը խոսնակ Փոլ Ռայանը հոկտեմբերին պետք է դնի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը: Վերոհիշյալ դատավարության արդյունքից շատ բան է կախված ԱՄՆ Կոնգրեսում թիվ 154 բանաձեւի ընդունման համար: Եթե ամերիկյան օրենքը բավարարի ընդդեմ Թուրքիայի ամերիկահայերի հայցը, ապա ԱՄՆ օրենսդիր մարմնի համար կանաչ լույս կվառվի, ի վերջո, ընդունելու Հայոց ցեղասպանության փաստը: Բազմիցս է ասված, որ ԱՄՆ կառավարությունը վաղուց ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչի մասին են վկայում ԱՄՆ 50 նահանգներից 43-ի Հայոց եղեռնի ճանաչումը: 1951 թ. ԱՄՆ պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանՙ հիշատակելով այնտեղ Հայոց ցեղասպանության մասին: 1981 թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական Հռչակագիր է ստորագրել: Ներկայացուցիչների պալատը երկու բանաձեւ է ընդունելՙ 1975 եւ 1984 թվականներին: Այդուհանդերձ, Մ. Նահանգները որպես երկիր պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ դա պետք է վաղ թե ուշ տեղի ունենա, որպեսզի այնպիսի պաշտոնյա, ինչպիսին դատավոր Կոզինսկին է, եւ այլք, իրենց իրավունք չվերապահեն ասելու, թե հայերի հետ 100 տարի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն չի եղել: |