ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է հինգերորդ տարին: Այդ ընթացքում Հայաստանի տասը մարզում 135 ընտանիք արմատապես փոխել է իր կյանքի որակը եւ այժմ բնակվում է բարեկարգ պայմաններում: Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի Նահապետավան գյուղում բնակվող Թորոսյաններինՙ երիտասարդ ընտանիքի հետ կիսելու նրանց ուրախությունը: Ծրագրի շնորհիվ Թորոսյանները ստեղծել են իրենց երազանքների տունըՙ հիմնովին վերանորոգելով այն: «Տարիների երազանք է եղել հարմարավետ տուն ունենալը, սակայն հույսը շատ փոքր էր, որ երազանքը երբեւէ իրականություն կդառնա: Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ընտանիքիս ապագան այսքան լուսավոր, բարեկարգ ու ապահով դարձնելու համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Ռուդիկը: Շիրակի մարզի տարբեր համայնքներումՙ Գյումրի քաղաքում, Նահապետավան եւ Սարալանջ գյուղերում, այս տարվա ծրագրով աջակցություն է ստացել 3 ընտանիք: «Յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ինչ-որ հարցում: Կարեւորըՙ հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատելն է եւ համախմբվելը: Մեր ճանապարհն ու միասին արձանագրած արդյունքը դա են վկայում: Այս ծրագրի համար եղել է ոչ միայն նյութական, այլեւ տարբեր ընտանիքներից եւ աշխատավայրերից կամավորագրված մարդկանց ֆիզիկական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կարող էին ծրագրեր իրականացնել առանձնաբար: Միավորվելը, սակայն, արդյունավետ է եւ՛ հաջողված համագործակցության օրինակի, եւ՛ առավելագույն թվով մարդկանց օգնելու առումով: Այս համագործակցությունն արժեքավոր է: Իսկ ամենամեծ երջանկությունը մեր հայրենակիցներին առանց հոգսերի տեսնելն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մեր աշխատանքում ամենաբերրի ժամանակն աշունն է, երբ շինարարական տարվա ավարտին կարողանում ենք կիսել ոչ միայն ընտանիքի հոգսը, այլեւ ուրախությունը: Ամեն անգամ, նոր ընտանիքի բնակարանամուտի մասնակիցը լինելով, ավելի ու ավելի եմ համոզվում, որ միասին կարող ենք շատ բան փոխել ոչ միայն կոնկրետ ընտանիքների համար, այլեւ համայնքի ու հայրենիքի»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի համար: Իսկ հինգ տարվա ընթացքում այդ գումարի չափը գերազանցել է 333 մլն դրամը: |