RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3499, Տպվել է` 385, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՈՒՆՆԵՐՆ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ ԵՆ»

Մ. Խ.

Արցախյան հիմնախնդրի ներկա պահի մասին ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի տեսակետը անցած անգամ չկարողացանք ընդգրկել «Ազգում», ներկայացնում ենք այն այս անգամ: Նրանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ նոր միտումներ կան հիմա աշխարհում Արցախի հետ կապված, մանավանդ` Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փոխվում է, կան նաեւ Մինսկի խմբում չգտնվող եվրոպական երկրներ, որոնք կուզեին մասնակից դառնալ բանակցություններն առաջ մղելուն: Ա. Մելքոնյանը կարծում է, որ նոր միտումներ, այո, կան Արցախի հիմնախնդրում:

- Իմ կարծիքով ապրիլյան դեպքերից հետո աշխարհի վերաբերմունքը որոշ իմաստով փոխվել է ղարաբաղյան հիմնախնդի հետ կապված: Երբ հայկական կողմն անընդհատ պնդում էր, որ Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ ամենաբարձր կարգավիճակովՙ նշանակում է Արցախի հայաթափում, ցեղասպանություն` ոչ ոք լուրջ չէր ընկալում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ապրիլին, մեր զինվորների նկատմամբ իրակացրած գազանությունները, հանցագործությունների փաստը շատերին արեւմուտքում հուշեցին, որ, այո, Արցախի վերադարձն Ադրբեջանի կազմ` նշանակում է Արցախի հայությանը դատապարտել 1915-ի վիճակին, եւ դա նոր ցեղասպանություն է ենթադրում: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ այլ երկրների խորհրդարաններում պատգամավորների մակարդակով առաջին անգամ հնչեցին կարծիքներ, որ խնդրի լուծումը Արցախի անկախության ճանաչման մեջ է:

Սա շատ կարեւոր մոտեցում է: Ուշադրություն դարձրեք` եթե Ալիեւը հայտարարում է, որ արեւմուտքը սկսել է իրեն ճնշել, պահանջելով ճանաչել Արցախը, նշանակում է, որ կուլիսներում ընթացող գործողութուններն ի նպաստ մեզ են: Ես խորապես համոզված եմ, որ արցախյան պայքարի հաջորդ փուլը Արցախի ճանաչման հարթակի վրա է լինելու, ինչու չէ` ոչ միայն անկախության ճանաչման: Արցախի ղեկավարների հետ զրույցներից իմացանք, որ արեմուտքում կան գործիչներ, որոնք ասում են, թե հարցի լուծումը Արցախը Հայաստանին միացնելու տարբերակի մեջ է:

- Իսկ Ռուսաստանի, Արեւմուտքի կողմից Արցախի անկախության ճանաչումը վտանգ չունի՞ իր մեջ:

- Ես կարծում եմ` ոչ:Կոսովոյի նախադեպն արդեն կա, եթե աշխարհն սկսեց Կոսովոն ճանաչել, որը համեմատելի չէ Արցախի հետ, քանի որ Արցախի հայությունն ինքնորոշվել է իր հայրենի երկրում, իսկ Կոսովոն Կոսովոյի մահմեդականների հայրենիքը չէ, դա սերբերի հողն է, որտեղ էլ նրանք իքնորոշվեցին: Դա աշխարհի համար էլի ընդունելի էր` պատճառաբանությամբ, որ Կոսովոյի մահմեդականները սերբերի կողմից ենթարկվել են էթնոցիդի, այսինքն` էթնիկական զտման: Նշանակում է` եթե այնտեղ էթնոմաքրում եղել է, բա այստեղ ի՞նչ է եղել, մեր հայրենիքը չէ՞ր մաքրազարդվում 1915 թվին: Նույնը կրկնվել է Արցախում, դրա համար գնալով աճում է այն մտայնությունը, որ խնդրի լուծումը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մեջ չէ:

- Իսկ Հայաստանն ինչպե՞ս պետք է վարվի. երկրի նախագահը ԱԳՆ-ին հանձնարարել էր Արցախի հետ համագործակցության պայմանագիրը նախապատրաստել:

- Հայաստանի կողմից ճանաչումն անարդյունք քայլ կլինի. նախ ճանաչումն էլ, միացումն էլ եղել են` 1989 թվականի դեկտեմբերի մեկի որոշմամբ, դա չի վերացել: Երկրորդ` Արցախն իրականության մեջ Հայաստանի Հանրապետության մաս է, ինքնախաբեությամբ չզբաղվենք` նույն ֆինանսական միջոցներն են, նույն բանակն է: Բայց որ հանձնարարվել է ռազմական պայմանագիրը նախապատրաստել` դա ավելի շատ միջոց է Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու:

Եթե մեր կողմից ասվում է, որ ՀՀ-ն Արցախի հանրապետության երաշխավորն է, սրա մեջ Ձեր ասած բոլոր կոմպոնենտները մտնում են: Հայաստանն իր ունեցած օդային պաշտպանության միջոցները եթե պարտավորվում է օգտագործել նաեւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու համար, նշանակում է` մի համակարգի մեջ ենք, ես չեմ պատկերացնում ավելի բարձր կարգավիճակ: Դա ավելի շատ դիվանագիտական քայլ է, քան թե իրականության մեջ կարող է շատ բան փոխել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ