ԱՄԵՆԱՄՅԱ «ԹԸՐՔԻ» PARDON ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք Գոհաբանության կամ Երախտագիտության (Thanksgiving) տոնը, որ նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը, ամենասիրվածն է ամերիկացիների շրջանում, եւ իր մասսայականությամբ ու հանդիսանքով թերեւս զիջում է միայն Ծննդյան տոնին: Տարբեր են այս տոնին առնչվող պատմական վկայությունները: Օրվա խորհրդանիշըՙ դդումն է, իր կարմրա-նարնջագույն հանդերձով: Իսկ սեղանին պարտադիր մատուցվող հնդկահավի (turkey) առնչությամբ կան շատ ավանդապատումներ: Հարյուրամյակներ առաջ ամերիկյան տեղաբնակ հնդիկների հայրենիք են անհրավեր ժամանել եվրոպացիները (պիլգրիմներ), որոնք Անգլիկան եկեղեցու բողոքականներ էին: 1621-ին աշնան վերջին օրերին եկվորները խնջույք են կազմակերպել հաջողված բերքի առիթով եւ հրավիրել բնիկներին, առատ սեղանին մատուցելով հնդկահավ ու գինի: Խնջույքը սակայն տխուր ավարտ է ունեցել: Եվրոպացիները դավադրաբար սպանել են բնիկներին: Սա միֆ է, թե՞ իրականություն, մինչ օրս չունի հստակ պատմական հաստատում: Համենայնդեպս, այս թեման ամերիկացի աշակերտների դասագրքերից հանված է արդեն: Ամերիկայի պատմության վաղ շրջանում էլ ավելի մասշտաբային եւ արյունալի բախումներ են եղել բնիկ ցեղերի եւ սպիտակամորթների միջեւ, ինչը կրկին առնչվում է Գոհաբանության տոնի ծագման շարժառիթներին: Ասում են, որ մինչ օրս Գոհաբանության օրը հնդիկների սերունդները նշում են որպես սգո եւ ցեղասպանության օր: Ամերիկահայերը առիթը բաց չեն թողնում ասելու. «Այստեղ էլ է «թըրքի» մատը խառը եղել...»: Մի կողմ թողնենք պատմական անցյալի տխուր փաստերն ու փոխելով տրամադրությունը գանք Գոհաբանության տոնին առնչվող ամերիկահայերի պատմած անեկդոտներին: Նրանք սիրում են հնդկահավի (turkey) անվան շուրջ զանազան կատակներ անել, ասելով, որ այն մեր նախասիրած տոներից է, քանզիՙ այդ օրը մորթում, խորովում են «թըրքին»: Անգլերենում հնդկահավ բառը գրվում եւ հնչում է ճիշտ եւ ճիշտՙ turkey - Թուրքիա... եւ մենք դրանում որեւէ մեղք չունենք: Ամերիկյան նախագահները, սկսածՙ Ա. Լինքոլնից, տոնի նախօրեին Սպիտակ տանը նախագահական սեղանի համար հատուկ ընտրված հնդկահավի կյանքը գթասրտորեն խնայել են, ինչն ավանդաբար կոչվում էՙ «Turkey Pardon»: Թե, որքան է շարունակվելու Սպիտակ տան այս «պարդոնայնությունը» հայտնի չէ, սակայն նախագահ Օբաման վերջին երկու տարիներին սպառել էր արդեն «թըրքի» նկատմամբ իր պարդոնի ողջ պաշարը: Տեսնենք Թրամփն իրեն ինչպես կդրսեւորի: |