RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4211, Տպվել է` 398, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Պ. Ք.

Ու նաեւ հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»: Նրա խոսքերովՙ եթե նման փոփոխություններ տեղի չունենան, ապա դա կխարխլի Ադրբեջանի վստահությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ, եւ «հարց կծագիՙ որքանո՞վ է անհրաժեշտ Բաքվի ներկայությունը ԵԱՀԿ կազմում, եւ հարկավո՞ր է արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեությունը»: Ըստ որում, փոխվարչապետը գտնում է, որ «Հայաստանը փորձում է ձգձգել հակամարտության լուծումը, ձգտելով պահպանել գոյություն ունեցող ստատուս-քվոն», եւ որ «Երեւանում պետք է հասկանան, որ հակամարտությունը վաղ թե ուշ լուծվելու է միջազգային իրավունքի հիման վրա», եւ «հակառակ դեպքում Ադրբեջանը կդիմի վճռական քայլերի, այդ նպատակով օգտագործելով իր բոլոր հնարավորությունները»:

Ռուսաստանցի հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում վկայակոչում է Բաքվի տեղեկատվական դաշտում արդեն վաղուց մշակվող այն տեսությունը, թե «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Մոսկվան միջնորդ է, ուստի տրամաբանական է, որ այսօր, երբ Հարավային Կովկասում Ռուսաստանի վասալը հրաժարվում է բանակցություններից, տերն իր վրա է վերցնում այդ գործառույթը»: Ըստ որում, Բաքուն շարունակում է առաջ մղել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը դարձնելու գաղափարը, ինչը, ի դեպ, կապ ունի Հայաստանի համաձայնության հետ, որը, հասկանալի պատճառներով, դա կմերժի: Բաքվում դա լավ գիտեն, թեեւ հայտարարում են «Հայաստանի շփոթվածության» մասին, մինչդեռ իրենք են կորցրել իրավիճակի վրա ազդելու բոլոր լծակները: Ավելին, ստեղծվում է անհարմար կացություն, երբ Մոսկվան պահանջում է կատարել առաջին հերթին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները, որոնցով նախատեսվում է հակամարտող կողմերի շփման գծի վրա մտցնել մշտադիտարկման համակարգ եւ տեղաբաշխել միջազգային դիտորդներ: Համբուրգումՙ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում պատահական չէր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «ԼՂ հակամարտության վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն վավերական կերպով»: Այդ հանդիպումներին մասնակցել էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Քանի որ ամրագրում չի կատարվում, Երեւանն անտեսում է Բաքվի հետ բանակցությունների վարումը, որը հենց իրադարձությունների ընթացքում նենգափոխում է հասկացությունները: Տարասովը նշում է, որ տարիներով մշակված այդ մարտավարությունը ներկայումս այլեւս չի գործում: Իսկ ուրիշ ոչինչ չկա, բացի զենքի շաչեցումից, ահաբեկումից, թե Լեռնային Ղարաբաղում հավանական նոր պատերազմը «կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը»: Նույնիսկ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուլիյամ Լահուն հայտարարել է, որ «Մենք ուզում ենք տեսնել խաղաղ կարգավորում»: Այդուհանդերձ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հետեւյալը. «Եթե հակամարտության կարգավորման կապակցությամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ուզենա Հայաստանին արտաքսել գրավյալ ադրբեջանական տարածքներից, ապա շատ արագ կարող է հասնել դրան: Եթե համանախագահները կայացնեն ճիշտ եւ վերջնական վճիռ, ձեռնարկեն գոնե մինչեւ օրս ընդունված բազմաթիվ որոշումների կատարմանն ուղղված իրական քայլեր, ապա խնդիրը կվերանա»:

Այսինքն Ադրբեջանը սպասում էր, որ ինչ-որ մեկը սկուտեղի վրա իրեն մատուցի իր ցանկացած սցենարը, թեեւ ինքը տարիներ շարունակ աշխատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ բանակցել առաջարկվող փոխզիջողական տարբերակների շուրջը, իր կողմից առաջ չքաշելով որեւէ գրագետ նախաձեռնություն, արձանագրում է Ստանիսլավ Տարասովը: Բացի դրանից, ուրիշ միջազգային խնդիրների առթիվ համանախագահ երկրների իրավիճակային տարաձայնություններից օգտվելով ԵԱՀԿ Մինսկի խումբը փլուզելու Բաքվի փորձերը եւս արդյունք չտվեցին: Կարող են փոխվել ձեւաչափերը, պահանջները, մոտեցումները, բայց էությունը կմնա առաջվանը:

Պարզ է, որ Երեւանը ինչ-ինչ միակողմանի զիջումների չի դիմի, իսկ Բաքուն ստիպված կլինի համաձայնվել բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցությանը: Միջնորդները եւ առաջին հերթին Ռուսաստանը պարտավոր են ջանքեր գործադրել հակամարտության գոտում կայունությունը պահպանելու եւ ապրիլյան դեպքերի կրկնություն թույլ չտալու համար: Ի դեպ, այդ մասին խոսել է նաեւ Հայաստան-ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը : Նրա կարծիքով, «Հայաստանը կարող է պահանջել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունըՙ որպես բանակցությունների սեղանի մոտ իր վերադարձի նախապայման»: Ըստ երեւույթին, ուրիշ ելք այլեւս չկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ