RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



ՀՐԱՏԱՊ

Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 5634, Տպվել է` 1206, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՎ ՍՊԱՆԵՑ ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆԻՆ

Պ. Ք.

Պատասխանատվությունը ստանձնեց «Ջեյշ ալ-Ֆաթհը»

Անկարայում, դեկտեմբերի 19-ի երեկոյան, Ժամանակակից արվեստի կենտրոնում գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի բացման ժամանակ կատարվեց զինված հարձակում Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Hurriyet թերթի տեղեկացմամբ, ելույթի համար ամբիոնին մոտեցած դեսպանն ատրճանակից ծանր վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: «Ռուսաստանն ու Թուրքիան անպայման վրեժ կլուծեն ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար», հայտարարել է Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիխ Գյոքչեքը NTV-ի հեռուստաեթերում:

Ահաբեկիչը եղել է ոստիկանի համազգեստով եւ պատկերասրահի շենք մտնելիս ներկացրել է ոստիկանի վկայական: «Սպուտնիկ» ռադիոկայանի տվյալներով, անցած հուլիսի դեպքերից հետո նրան հեռացրել էին ոստիկանությունից, բայց Թուրքիայում տարածված կոռուպցիայի պայմաններում վկայական պահելը կամ նորը ճարելը խնդիր չէ: Հարձակումից հետո մյուս ոստիկանների հետ ծավալված փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչը սպանվել է: Նրա անունը Մերթ Ալթընթաշ է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանրությանը կոչ է արել «կողմնորոշվել ԱԳՆ-ից կամ Թուրքիայի դեսպանատնից ստացվող տեղեկատվությամբ»: Մոսկվան ռուս դեսպանի սպանությունը որակել է ահաբեկչություն:

Թուրքիայում վերջերս լուրեր էին պտտվում, թե երկրի ապակայունացման նպատակով իբր նախապատրաստվում է մահափորձ նախագահ Էրդողանի դեմ: Էրդողանը երկրի քաղաքացիներին հորդորել էր միավորվել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համար: Սակայն ահաբեկիչների հերթական թիրախը դարձավ ՌԴ դեսպանը: Ինչո՞ւ:

Այս կապակցությամբ աչքի են զարնում որոշ հարակից հանգամանքներ:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հերքել էր արեւմտյան եւ որոշ թուրքական ԶԼՄ-ների այն հաղորդումը, թե «Թուրքիան եւ Ռուսաստանը ինչ-որ գաղտնի գործարք են կնքել Սիրիայի վերաբերյալ»: Չավուշօղլուի խոսքերովՙ «ռուսները առաջարկել են, որ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը միավորվեն առանձնապես Հալեպի հարցում, որպեսզի հետագայում դա թերեւս տարածվի Սիրիայի նաեւ մյուս մասերի վրա»: Ավելին, Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին Մոսկվա մեկնեց, որպեսզի մասնակցի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպմանը, որի օրակարգում էին Սիրիայի եւ մասնավորապես Հալեպի կացության հետ կապված հարցեր: Ռուսաստանցի պատմաբան Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Անկարայում դեսպան Կառլովի սպանությունը միտված լինի սկսված բանակցությունների ձախողմանը:

Ամերիկյան Foreign Policy հրատարակության լրագրողներ Ռոբբի Գրեյմերը եւ Էմիլի Տամկինը անդրադառնում են առանց այդ էլ բարդ Մոսկվա-Անկարա հարաբերությունների հնարավոր զարգացումներին:

Նախ եւ առաջ, չի բացառվում ռուսաստանցի ցանցահենների գրոհ թուրքական ցանցերի վրա, ինչը կարող է Թուրքիայում առաջ բերել քաղաքական անկայունություն: Օրինակ, ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր նախագահ Էրդողանի փեսա, էներգետիկայի եւ բնապաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի 57 հազար էլեկտրոնային նամակները:

Երկրորդ, ռուս-թուրքական տնտեսական կապերը կարող են վերստին սառեցվել: 2015-ի նոյեմբերին Սիրիայում ռուսական ռազմօդանավի ոչնչացումից հետո թուրքական ապրանքների ներմուծումը կրճատվեց 737 մլն դոլարով:

Երրորդ, դեսպանի սպանությունը կարող է իբրեւ պատրվակ օգտագործվել Թուրքիայում, ինչպես նաեւ ՌԴ-ում բռնարարքների սաստկացման համար:

Չորրորդ, դեսպանի սպանությունը կարող է ի չիք դարձնել Հալեպում հաստատված անկայուն հրադադարի ռեժիմը:

Վերջապես, առկա է վտանգ, որ Մոսկվան կօգտագործի քրդական խաղաքարտը, որի հետեւանքով Թուրքիայում ահաբեկչությունները կդառնան առավել հաճախակի, գրում է ամերիկյան հրատարակությունը:

Սակայն վերջինս չի խոսում մի էական «մանրուքի» մասին: Սպանության նախօրեին լիովին ազատագրված Արեւելյան Հալեպում նախագահ Ասադի զորքերը գերի էին վերցրել ՆԱՏՕ-ի առնվազն 14 բարձրաստիճան զինվորական հրահանգիչների, որոնց գոյությունը գաղտնի էր պահվում, եւ որոնք ուղղորդում էին այսպես կոչված «չափավոր ընդդիմության» գործողությունները սիրիական բանակի եւ խաղաղ բնակչության դեմ: Դիվանագիտական սկանդալը դեռ չի պայթել, սակայն իրավագիտության դոկտոր Անդրեյ Սամոյլոն «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե հաջորդ օրն իսկ Անկարայում ռուս դեսպանի սպանությունը կարող էր լինել ՆԱՏՕ-ի որոշ երկրների վրեժխնդրության քողարկված դրսեւորում եւ հընթացս Մերձավոր Արեւելքում լարվածության մի նոր պատճառ: Որոշ հաղորդումների համաձայն, թուրք մարդասպանը դեսպանի վրա կրակ բացելուց առաջ բղավել է, թե Ռուսաստանը «կվճարի Հալեպի համար»:

Սամոյլոյի վարկածը առավել համոզիչ է թվում նաեւ այն առումով, որ վերջին օրերին Արեւմուտքը Հալեպի մարտերին անդրադառնալիս սկսել էր հաճախ խոսել մարդասիրական վերաբերմունքի եւ նոր հրադադարի «անհրաժեշտության» մասին, որը հնարավորություն կտար տարհանել եւ թաքցնել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրահանգիչներին:

ՌԴ Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին կարծում է, որ ահաբեկչությունը կազմակերպած ծայրահեղականների նպատակը Սիրիայում հաշտության գործընթացի խափանումն է: Մյուս ակնհայտ նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում թույլ չտալն է: Ի դեպ, «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Մոսկվան հետաձգել է Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմի հաստատումը: Անկարան մեղադրվում է ռուս դեսպանի պատշաճ պատշպանությունն ապահոված չլինելու մեջ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սպանության հետաքննության գործում Թուրքիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Իսկ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Քիրբին , թերեւս նկատի ունենալով Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված թուրքական հնարավոր մեղադրանքները, արդեն հայտարարել է, թե իր երկիրը «մեղսակից չէ» ռուս դեսպանի սպանությանը:

Դարձյալ դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինի տարեվերջյան տոնավաճառներից մեկում մի բեռնատար ավտոմեքենա սպանեց 12 եւ վիրավորեց 50-ից ավելի անձանց: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Անկարայի սպանության պատասխանատվությունը դեկտեմբերի 21-ին ստանձնեց ելուզակային խմբավորումների «Ջեյշ ալ-Ֆաթհ» («Նվաճման բանակ») կոալիցիան: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը, վկայակոչելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքին: «Ջեյշ ալ-Ֆաթհի» կազմի մեջ մտնում է մասնավորապես ահաբեկչական «Ան-Նուսրա» ճակատը: Թուրքական Milliyet թերթը հավելում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ահաբեկիչ Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարում գտել են «Ալ-Ղաիդայի» եւ թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության մասին պատմող գրքեր: Հայտնաբերվել են նաեւ Ալթընթաշի գրառումները ջիհադի եւ «Ալ-Ղաիդայի» մասին: Ակնհայտ է, որ ահաբեկչությունն ուղղված է ռուս-թուրքական մերձեցման եւ Սիրիայում խաղաղության հաստատման դեմ: Ի դեպ, նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջնորդությամբ ղազախական Աստանայում անցկացնել Ասադի կառավարության եւ սիրիական ընդդիմության նախնական բանակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ