ԷՐԲԻԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ Պ. Ք. Թուրքական զորքը հեռանում է Իրաքից Օրերս Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմի հետ հանդիպումից հետո նրա իրաքցի պաշտոնակից Հայդեր ալ-Աբադիի արած հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել: Ալ-Աբադին հայտարարեց, որ Բաղդադին եւ Անկարային հաջողվել է կարգավորել իրաքյան տարածքիցՙ Բաշիկ քաղաքին մերձակա ճամբարից թուրքական զորակազմի դուրսբերման հարցը: Նրա խոսքերովՙ «այդ հարցը պատշաճ կերպով կլուծվի կարճ ժամանակամիջոցում»: Ավելի վաղ այդ շրջանում հենց թուրքական զորքի ներկայությունն էր դարձել թուրք-իրաքյան հարաբերությունների լարվածության պատճառ: Անկարան հայտարարում էր, թե թուրք զինվորականներն այդ ճամբարում են Թուրքիան ահաբեկիչներից պաշտպանելու եւ տեղացի մարտիկներին հակաահաբեկչական պայքարի նախապատրաստելու նպատակով: Ավելի ստույգՙ Անկարան մեծ ուշադրություն էր դարձնում Իրաքի հյուսիսում գտնվող եւ առավելապես էթնիկ թուրքոմաններով բնակեցված Սինջարի շրջանին, որպեսզի այն չանցնի PKK-ի վերահսկողության տակ: Դա պաշտոնական պատճառաբանությունն էր: Իսկ իրականում թուրք հրահանգիչները Բաշիկի ճամբարն օգտագործում էին ռազմականացված սուննի արաբական ուժերին մարզելու համար, ինչը մեծ լարվածություն էր ստեղծել Անկարա-Բաղդադ հարաբերություններում: Եվ ահա հունվարի 9-ին Թուրքիայի վարչապետը ընդգծեց ոչ միայն Իրաքի ինքնիշխանության պահպանման, այլեւ այն բանի կարեւորությունը, որ Բաղդադը «թույլ չի տա PKK-ի կողմից իր տարածքի օգտագործումը Թուրքիային վնաս պատճառելու նպատակով», քանի որ ծավալվում է «համատեղ հակաահաբեկչական պայքար»: Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլում ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի եւ Թուրքիայի վարչապետ Յըլդրըմի հանդիպումից հետո հայտարարվեց, որ Էրբիլը պատրաստ է օժանդակել Սինջարի շրջանից PKK-ի ջոկատների դուրսբերմանը: «Ռեգնում» գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի տվյալներով, PKK-ն թաքստոցներ ունի Կանդիլ լեռներում, Իրանի, Թուրքիայի եւ Իրաքի սահմաններին գտնվող եռանկյունում: Այստեղ թուրքական օդանավերն ու հրետանին գնդակոծում էին PKK-ի հենակետերը: Ուստի այժմ հարց է ծագում. Անկարան եւ Էրբիլը դեպի ո՞ւր եւ ի՞նչ ուղղությամբ են ուզում դուրս մղել PKK-ին Իրաքի հյուսիսից: Անկարան քանիցս ընդգծել է, որ սիրիացի քրդերի գլխավոր քաղաքական ուժըՙ Ժողովրդավարական ուժերի կուսակցությունը իբր սերտաճել է PKK-ի հետ, ուստի ինքը այդ երկու կազմակերպությունները դասում է «ահաբեկչականների» շարքին եւ դրանց դեմ մարտնչում է Սիրիայում, իսկ Թուրքիայում իրականացնում է ռազմական ու ոստիկանական գործողություններ: Բայց բարդությունն այն է, որ քրդերը գլխավոր խնդիր եւ քաղաքացիական պատերազմի աղբյուր չեն Սիրիայի եւ Իրաքի համար: Ավելին, սիրիացի քրդերը եւ Էրբիլը ռազմական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից եւ արեւմտյան այլ գործընկերներից: Եթե PKK-ն իրաքյան ճամբարներից դուրս մղվի դեպի Սիրիայի տարածք, ապա դա կարող է նկատելիորեն փոխել ուժերի զուգակշռությունը նախ եւ առաջ բուն Սիրիայում: Ըստ որում, Անկարան ձգտում է Իրաքում Էրբիլի հետ հարաբերություններն ամրապնդել Բաղդադի հետ երկխոսության միջոցով, մինչդեռ Սիրիայում մարտնչում է սիրիացի քրդերի դեմ, անտեսելով Դամասկոսին: Առկա է այսպես կոչված «զուգահեռ ընթացք», որը Թուրքիայի դեպքում կապված չէ «Իսլամական պետության» դեմ պայքարելու հետ: Թուրքական այս քաղաքականության ընդդիմախոսները դիմում են հակահարձակումների: Այսպես, Իրաքի նախկին վարչապետ, շիաների «Դավա» իսլամական կուսակցության առաջնորդ Նուրի ալ-Մալիքին Թեհրանում օրերս մամլո ասուլիսում հայտարարեց, թե «ԻՊ գրոհայիններից Իրաքի տարածքի ազատագրումից հետո «Խաղդ աշ-Շաաբիի» շիա աշխարհազորայինները կհատեն Սիրիայի սահմանը, որպեսզի օգնեն այդ երկրի կառավարական ուժերին»: Նա նաեւ գտնում է, որ քուրդ աշխարհազորայինները պարտավոր են վերադառնալ Իրաքյան Քրդստանի մինչեւ 2003 թ. եղած սահմաններին: Ի պատասխանՙ Իրաքյան Քրդստանի աշխարհազորայինների նախարարությունը հայտարարել է, որ այդ կարծեցյալ սահմանը եղել է լոկ աշխարհազորայինների եւ բաասյան վարչակարգի «բախումների բնագիծ», եւ որ «ԻՊ-ից ազատագրված շրջանների բնակիչները իրենց ապագան կորոշեն հանրաքվեով»: Առկա են Իրաքում ազգային քրդական պետության ստեղծմանն ուղղված լուրջ պայքարի բոլոր նշանները: Սիրիացի քրդերի համար դա առայժմ օրակարգի գլխավոր հարցը չէ, բայց նրանք իրավունք ունեն պահանջելու ինքնավարություն, ինչին կտրականապես դեմ է Թուրքիան, վախենալով իր տարածքում ապրող քրդերի համանման պահանջից: Այս կապակցությամբ թուրք քաղաքագետ Սերխաթ Սերմենը ուշադրություն է հրավիրում 2016 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստան-Թուրքիա-Իրան հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարության վրա, որտեղ Թուրքիայի դերը սահմանող գլխավոր գործոն համարվում է ոչ թե «Եփրատի վահան» հակաքրդական եւ հակաջիհադիստական գործողությունը, այլ սիրիական ընդդիմության վրա Անկարայի ազդեցությունը: Վաշինգտոնն առայժմ «խաղից դուրս» է, մինչդեռ ձեւավորվում են բարդ եւ աներեւակայելի դաշինքներ, ազդելով ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում հակամարտության զարգացումների վրա: Հայտարարելով Հյուսիսային Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերման մասին, Թուրքիան կատարեց լուրջ քայլ, որի հետեւանքներն առայժմ դժվար է գնահատել: Պարզ է միայն, որ Անկարան ձեռնարկում է կանխիչ բնույթի գործողություններ, քանի դեռ Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդական կազմակերպությունները չեն որոշել այն սկզբունքները, թե ինչպիսին եւ ինչ սահմաններում պետք է լինի քրդական պետությունը: Քրդերն առայժմ միջազգային ահաբեկչության ուժերի դեմ մղվող պայքարի առաջնագծում են, բայց բացառված չէ, որ տվյալ փուլում Իրաքյան Քրդստանը առաջին օղակը դառնա Սիրիայում, Թուրքիայում եւ Իրանում քրդերի հետագա ինքնորոշումների շղթայում: Շատ բան կախված կլինի Մերձավոր Արեւելքում եւ այլուր ձեւավորվող ուժերի նոր դասավորությունից: |