RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



ՔԱՂԱՔ

Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 4481, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ԹԵ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ, ԱՅԼ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ՛, ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ՛ ՓՈՂՈՑ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրու կազմակերպված երիտասարդների մի խումբ վերջերս հետաքրքրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Խմբի անդամները, համաձայնեցնելով քաղաքապետարանի հետ, պատրաստել եւ առայժմ միայն հետերկրաշարժյան «Անի» թաղամասի Պարույր Սեւակի անունը կրող փողոցի շենքերի պատերին փակցրել են փողոցի անունն ու տվյալ բնակելի շենքի համարը նշող գեղեցիկ ցուցանակներՙ բանաստեղծի դիմապատկերով եւ նրա բանաստեղծություններից մեկական քառատողով: Փողոցների, շենքերի հասցեները նշելու հետ մեկտեղ նաեւ մեր գրողների ստեղծագործությունները մարդկանց ներկայացնելու, մեր մեծերին ճանաչելի դարձնելու այս ձեւը կարող է կիրառվել նաեւ այլ փողոցներում, եթե նախաձեռնությունը քաղաքացիների հավանությանն ու դրական արձագանքին արժանանա:

Բայց այդ ցուցանակներում, ցավոք, թույլ է տրվել մի տարածված սխալ: Դրանց վրա գրված է «Պարույր Սեւակ փողոց», մինչդեռ պետք է լիներ «Պարույր Սեւակի...» ձեւով: Պատկանելություն, հատկացում, վերաբերում ցույց տվող: Այսինքնՙ Պարույր Սեւակի անվան, նրա անունը կրող:

Անվանման ու գրության նշված կարգի սխալը, որը, ինչպես հետո պարզեցինք, առկա է քաղաքիս նաեւ շատ այլ փողոցների ցուցանակներում եւ այս երիտասարդներից չի սկսվել, թերեւս եկել է ժամանակին Տերմինաբանական կոմիտեի համապատասխան որոշման պահանջի թյուր, սխալ ըմբռնումից: Ըստ տասնամյակներ առաջ կայացված այդ որոշման առաջին կետի, հայկական ազգանուններով կոչված փողոցները պետք է անվանվեն ու գրվեն ազգանվան ուղիղ եւ ոչ սեռական հոլովաձեւով: Ինչպես ցույց են տալիս նաեւ տվյալ որոշման մեջ բերված օրինակները (Աբովյան,Նալբանդյան, Շահումյան փողոց եւ այլն), տվյալ պահանջը վերաբերում է միայն յան-ով ավարտվող ազգանուններով կոչվող փողոցներին, քանի որ յան-ի մեջ արդեն իսկ կա, թեկուզ այժմ մթագնած, սեռական հոլովական իմաստ: Ակնհայտ է, որ մյուս գրեթե բոլոր դեպքերում, բացի, ասենք, ածականակերտ -ական, -ային ու նման վերջավորություններով անվանումներից, պետք է անվանել ու գրել սեռական հոլովաձեւով: Այն էՙ Պարույր Սեւակի փողոց, Տրդատ ճարտարապետի, Խրիմյան Հայրիկի, Անանիա Շիրակացու, Տիգրան Մեծի, Սայաթ-Նովայի փողոց ու պողոտա եւ այլն: Գյումրու այս անուններով բոլոր փողոցների ցուցանակներին, բացի երեւի Տիգրան Մեծի պողոտայից, սովորաբար գրված է սխալ, այսինքն անվան ուղիղ ձեւով: Հատկանշական է, որ այդ փողոցներից ամեն մեկում այնուամենայնիվ կարելի է գտնել հիմնականում հնից, խորհրդային շրջանից եկող առնվազն մեկ (եւ ճաշակով ու օրինակելի) ցուցանակ, որտեղ ճիշտ է գրված: Այն ժամանակ տեղյակ եւ ուշադիր են եղել, իսկ հիմա նման բաների ո՞վ է ուշք դարձնում...

Ի դեպՙ ցուցանակների ձեւի, ինչպես նաեւ քանակի մասին: Կարծում ենք արժե, որ բնակավայրի արտաքին տեսքին բավական ուշադրություն նվիրող քաղաքային ներկա իշխանությունը սկսի մտածել նաեւ փողոցների անուններով տարիներ շարունակ տարբեր սուբյեկտների կողմից փակցված տարատեսակ ու ամեն գույնի ցուցանակների փոխարինման, դրանց միասնականացման եւ ամենուրեք մեկ ընդունելի տեսքի բավարար քանակով ու ճիշտ գրված ցուցանակներ ունենալու մասին: Քաղաքում կան նաեւ փողոցներ, որտեղով անցնող չիմացող, փնտրող մարդը ճրագով պիտի ման գա, որ պարզի, թե դա ո՛ր փողոցն է:

Փողոցների ցուցանակները պետք է լինեն նաեւ առնվազն երկլեզվյան: Իհարկեՙ հայերենի պարտադիր առաջնայնությամբ: Իսկ թե մյուսը ինչպես, որը լինիՙ սա արդեն քննարկման հարց է: Ինչու չէՙ նաեւ հանրային քննարկման:

«Fish hou՞se», թե՞ ազգային արժանապատվություն

Գյումրու մարզային հեռուստատեսություններից մեկի եթերում վերջին շրջանում հայերեն ու ռուսերեն ակտիվ գովազդվում է «Ֆիշ հաուս» օտարատառ-օտարաբառ անունով երկու խանութ, որոնցից մեկը քաղաքում է գտնվում, մյուսըՙ մերձակա Ախուրյանում: Այդ ոմանց համար գուցե մոգական բառակապակցությունը անգլերեն չիմացող «հասարակ» գյումրեցուն ու ախուրյանցուն որեւէ բան չի ասում, մինչդեռ խոսքն ընդամենը սովորական ձկան խանութի մասին է: Բառացի թարգմանածՙ ձկան տուն: Բայց ինչու հենց այդպես էլ չեն անվանել ու գրելՙ խանութատերերն իրենք կիմանան: Երեւի ձուկ, ձկներ, ձկնեղեն, ձկնաշխարհ, ձկան տեսականի, նույն այդ ձկան տուն, ձկան խանութ եւ հայերեն նման այլ պարզ ու մեկին հասկացությունները նրանց չեն բավարարել, այլ ուզեցել են դնել նոր, «թարմ», էֆեկտի՛վ (հատուկ հենց այս բառն ենք գործածում) անուն: Բայց ի՞նչ վատ կլիներ, եթե այդպես հնչեղ լինելու համար դնեին թեկուզ «Ոսկե ձկնիկ»: Հայաստանումՙ հայերե՛ն: Դրա կողքն էլ թող արդեն ինչ օտար թարգմանություն ուզում էինՙ գրեինՙ «Ֆիշ հաուս» էլ, ուրիշ հազար ու մի բան էլ:

Բայց պարզվում էՙ այս «հաուս»-ասիրությունը, «սենթր»-ասիրությունը եւ ընդհանրապես մեր ազգային ու պետական լեզվի հաշվին խանութներին, տարբեր տեսակ «օբյեկտներին», հաստատություններին օտարալեզու անուններ կպցնելու մտայնությունը որպես մոդա, որպես վարակ մայրաքաղաքից վաղուց ոչ միայն թափանցել է նաեւ Գյումրի, այլեւ գոնե մեզ համար անհասկանալի կերպով տարածում գտել: Այստեղ հայատառ կբերենք մեծաթիվ այդպիսի անուններից մի շարք, բայց դրանք գրեթե բոլորը իրականում հենց անգլիատառ են, ռուսերեններն էլՙ ռուսատառ: Ահա. Ֆուլ հաուս (սրճարան է), Բեյսիկ հաուս, առաջին բառը հայատառ եւ երկրորդը լատինատառՙ Յաղլի հաուս, Զ մոբայլ սենթր, Ունո շուզ, Ջեսիկա- արտ շուզ, Ալա շուզ ֆոր մեն, Պաոլո շուզ, Էքսկլյուզիվ բուտիկ, Կրիստալ գելարի, Սպորտ զոն, Նորմա-քարտ Լլք, Ջեվելզ, Ռենթ օպտիքս... Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Սա Հայաստա՞ն է, սա Գյումրի՞ է... Այս օտար անունների կողքին եթե առանձին տեղեր հայերեն ինչ-որ բան էլ կա, անպայման երկրորդ, երրորդ պլանում է:

Եթե ոմանք անգամ կարծում են, թե սրանով ինչ-որ չափով նաեւ կգրավեն կամ կզարմացնեն հազվադեպ Գյումրի եկող սակավ թվով օտարերկրացիներին, անշուշտ սխալվում են: Նրանք այստեղ գալիս են ոչ թե այն գտնելու, ինչը իրենք ունեն, այլ այն, ինչը մերն է, մեր ուրույնը: Դրանով մենք կլինենք հետաքրքրական: Իսկ անդիմագիծ կապկողին ո՞վ կհարգի: Ուրեմն գուցե ժամանակն է նաեւ մտածելու ազգային արժանապատվության, մեր արժեքները գնահատելու մասին:

Այս ամենից զատ ի վերջո նաեւ օրենք կա, որին պարտավոր են ենթարկվել բոլորը: Հայաստանի տարածքում բոլոր ցուցանակները նախ եւ առաջին հերթին, ընդգծված պետք է լինեն երկրի պետական լեզվով, միայն որից հետո կարող է լինել նաեւ օտար լեզվովը:

Ո՞ր պետական կառույցը պետք է վերահսկի ու ինչու չի վերահսկում այս պահանջի ամենուրեք եւ անվերապահ կատարումը:

Մեկը լավով աչքի ընկավ...

Բավական շատ է խոսվել եւ դեռ կխոսվի քաղաքային տրանսպորտում հաճախ բարձր հնչող անճաշակ երաժշտության ու կլկլոցների, որոշ վարորդների ծխելու, նրանց ոչ խնամված տեսքի ու կոպտության մասին: Սակայն այն, ինչ մի անգամ լսեցինք Գյումրու ներքաղաքային առաջին երթուղու ավտոբուսներից մեկը նստած լինելով, մեզ համար իրոք չտեսնված ու չլսված էր: Ավտոբուսի սրահում հանդարտ հնչում էր... Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Հետո նաեւ երգ հնչեց, բայց դարձյալՙ նուրբ արվեստով, պրոֆեսիոնալ հեղինակավոր երգչի կատարմամբ, պետական ճանաչված նվագախմբի արհեստավարժ նվագակցությամբ: Մեր կանգառն անցել էր, բայց դեռ իջնել չէինք ուզում...

Իջնելիս բարետես, քաղաքավարի վարորդին նաեւ շնորհակալություն ասացինք: Քիչ հանդիպող լավը ինչպե՞ս չխրախուսես, որ մարդն ինքն էլ իմանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ