RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3860, Տպվել է` 476, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԻՊՐՈՍԸ ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ

Պ. Ք.

Ժնեւյան բանակցությունների ձախողման պատճառները

Ժնեւում Կիպրոսին նվիրված միջազգային կոնֆերանսն ավարտվեց անարդյունք, չնայած 43 տարում առաջին անգամ դրանք անցկացվում էին դասական ձեւաչափով. մասնակցում էին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ղեկավար Մուստաֆա Ակինչին, երաշխավոր տերություններ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները:

Թուրքիայի 1974 թ. ներխուժումից ի վեր Կիպրոսը բաժանված է: Կղզու տարածքի 37 տոկոսն օկուպացված է: Այնտեղ 1983 թ. հռչակվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», որը ճանաչվեց միայն Անկարայի կողմից: Հունաբնակ Կիպրոսի Հանրապետությունը 2004 թ. դարձավ Եվրոմիության անդամ: Դրանով վերջ դրվեց «էնոսիսի» (կղզին Հունաստանին միացնելու) հետ կապված խոսակցություններին: Միացման դեպքում Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը կհայտարարեր սեփական տարածք: Չնայած միջհամայնքային երկխոսության փորձերին, Կիպրոսը 2005 թվականից շրջափակում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

2014 թ. փետրվարին ի հայտ եկավ հայտարարության նախագիծ երկգոտի ու երկհամայնք, քաղաքականապես իրավահավասար դաշնապետության փուլային կառուցման վերաբերյալ: Կիպրոսը որպես ԵՄ անդամ պետք է լիներ միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ինքնիշխանՙ որպես ՄԱԿ-ի անդամ երկիր: Անկարայում որոշակի ուժեր կիպրոսյան «խաղաքարն» ուզում էին օգտագործել ԵՄ-ին անդամակցելու, ինչպես նաեւ Թուրքիայի ժողովրդավարացման հետագա գործընթացը կանխորոշելու նպատակով: Ավստրիական Die Presse թերթը նշում է, որ հետագայում շեշտը դրվեց Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Ակինչիի եւ Կիպրոսի Հանրապետության նախագահ Անաստասիադիսի անձնական լավ հարաբերությունների եւ համախոհության վրա: Երկուսն էլ ունեին ընդհանուր տնտեսական շահեր, մանավանդՙ մի քանի տարի առաջ Կիպրոսի ափերի մոտ գազի հանքավայրերի հայտնաբերումից հետո:

Ժնեւում միջազգային կոնֆերանսի բացման պահին Բրյուսելը հասկացրեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները երկար ժամանակով հետաձգվում են, իսկ նախագահ Էրդողանը երբեմնի առաջադեմ բարեփոխիչից վերածվել է միահեծան ղեկավարի: Ուստի Անկարան կորցրեց կիպրոսյան ուղղությամբ գործելու շարժառիթը: Բացի դրանից, կիպրացի հույները պահանջում են կատարել երկու պայման. ա) Մեծ Բրիտանիան, Հունաստանը եւ Թուրքիան հրաժարվում են Կիպրոսի անվտանգության երաշխավորի դերից, բ) Անկարան Հս. Կիպրոսից հետ է կանչում իր զինվորներին (մոտ 35 հազար): Ինչ վերաբերում է կղզու քաղաքական կառուցվածքին, կիպրացի հույները պատրաստ են համաձայնել ռոտացիոն համակարգին, երբ նախագահի պաշտոնը հերթով զբաղեցնում են թուրքական եւ հունական ծագումով կիպրացիներ: Երկրորդ տեղում սեփականության ֆինանսական փոխհատուցման, ինչպես նաեւ փախստականների վերադարձի հարցերի լուծումն է:

ԵՄ-ին զիջելովՙ Թուրքիան չի ստանում ոչինչ, բացի, թերեւս, իր միջազգային նկարագրի որոշ բարելավումից: Բայց գլխավոր խնդիրն այն է, որ Անկարան Հս. Կիպրոսը համարում է «սեփական տարածք», իսկ դրա ԵՄ իրավադատության տակ անցնելըՙ պետության փլուզմանն ուղղված գործողության առաջին տարր: Պատահական չէ Ժնեւի կոնֆերանսից հետո Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի արած այն հայտարարությունը, թե նախ անհրաժեշտ է ամրագրել «իրադարձությունների հնարավոր բոլոր, նույնիսկ առավել բացասական տարբերակները»: Անշուշտ, նա նկատի ուներ Արեւելյան Միջերկրածովքի եւ Մերձավոր Արեւելքի ներկա իրադրությունը: Թուրքիան ուզում է պահպանել երաշխավոր երկրի կարգավիճակը, ինչպես նաեւ Հս. Կիպրոսում թողնել թուրքական զորքը, դրանով իսկ կասկածի տակ առնելով «միավորված Կիպրոսի» անցումը ԵՄ իրավադատության տակ:

Կիպրոսում տեղաբաշխված զորքերի թվակազմի եւ սպառազինության վերաբերյալ փորձագետների կազմելիք զեկույցի հիման վրա հունվարի 23-ին ժնեւյան նախկին ձեւաչափով տեղի կունենա եւս մեկ հանդիպում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հունական կողմը երաշխավոր տերությունների համակարգը համարում է ժամանակավրեպ երեւույթ եւ դրա փոխարեն առաջարկում է Կիպրոսի, Հունաստանի եւ Թուրքիայի բարեկամության ու համագործակցության պայմանագիր: Իր հերթին Էրդողանը հայտարարել է, թե կղզու վերամիավորման վերաբերյալ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ներկայացրած ծրագիրը «այլեւս ուժի մեջ չէ», եւ այժմ «բանակցությունների նոր էջ է բացված»: Այլ կերպ ասած, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցումը ազատ է արձակել Անկարայի ձեռքերը, որն անցել է քաղաքական հակահարձակման: Իսկ դա կասկածի տակ է առնում Կիպրոսի խնդրի կարճաժամկետ եւ նույնիսկ միջնաժամկետ լուծման հեռանկարները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ