RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3763, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՄԵԾ ԽԱՂԸ»

Պ. Ք.

Նպատակը սեփական ազդեցության աճն է եւ Արեւմուտքի զսպումը

Ուկրաինայի եւ Սիրիայի դեպքերը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահական ընտրարշավի սկանդալները հանրության ուշադրությունից դուրս թողեցին Բալկաններում սեփական ազդեցության ուժեղացման համար Ռուսաստանի ձեռնարկած պայքարը: Վերջինս այնքան էլ աղմկալի չէ եւ պակաս կատաղի է, քան Կրեմլի մյուս վճռական քայլերը, բայց դա բնավ չի նսեմացնում տվյալ պայքարի կարեւորությունը 21-րդ դարում «Մեծ խաղի» վերսկսման համար:


Bloomberg գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի համար Բալկանները արդեն վաղուց ակտիվ գործողության նույնպիսի ասպարեզ են, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունները: Ներկայումս ԱՄՆ-ը դադարել է լինել անվտանգության «մատակարար»: Եվ եթե նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետեւի նախընտրական արշավի ժամանակ նրա հռչակած մեկուսապաշտությանը, ապա Բալկաններում կարգուկանոնի պահպանությունը կդառնա «պառակտված եւ անատամ» Եվրոմիության խնդիրը, որին դեմ հանդիման Ռուսաստանն իրեն բավականաչափ վստահ է զգում: Ուստի Bloomberg-ը կարծում է, որ Բալկանների գործերում Ռուսաստանի ներգրավվածությունը կանխորոշված է:

ՌԴ-ում գտնում են, որ ՆԱՏՕ-ի կազմում Չեռնոգորիայի, Մակեդոնիայի եւ Բոսնիայի ընդգրկվելը լուրջ սպառնալիք կդառնա Ռուսաստանի անվտանգության համար, ինչպես դա պատահեց ռուսների նախկին դաշնակից Բուլղարիայի հետ: Այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն է բալկանյան մյուս երկրներին չեզոքություն պարտադրել արեւմտյան կառույցներին անդամակցելու հարցում:

Անցյալ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում հայտարարեց, որ Մոսկվան հանդես է գալիս Բոսնիայի եւ Հերցեգովինայի գծով Գերագույն ներկայացուցչի ապարատի գործունեության դադարեցման օգտին: 1995 թ. այդ կառույցը ստեղծվեց Հարավսլավիայի պատերազմին վերջ դրած Դեյտոնյան համաձայնագրին համապատասխան: Լավրովի խոսքերովՙ վաղուց անկախ երկիր համարվող Բոսնիայում նման «գեներալ-նահանգապետի» գոյությունը զայրացուցիչ է: Բալկանյան ժողովուրդներին այսպես կոչված եվրոպական արժեքներ են պարտադրվում արդեն նոր, արդիականացված, հետքրիստոնեական փաթեթավորմամբ:

Ըստ Bloomberg-ի, ներկայումս Ռուսաստանը Բալկաններում «ստուգում է հնարավորի սահմանները»: Մոսկվան դաշնակիցներ ունի սերբերի մեջ, պաշտպանում է Բոսնիայի մասը կազմող Սերբական Հանրապետության նախագահ Միլոռադ Դոդիկին եւ օժանդակում սերբական ինքնության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերին: Մոսկվայի համար Դոդիկը Բոսնիայում Արեւմուտքի ազդեցությունը թուլացնելու միջոց է: Ռուսաստանը Բոսնիային է վերադարձրել Հարավսլավիային ԽՍՀՄ-ի ունեցած պարտքի (125 մլն դոլար) մի մասը: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը Դոդիկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց Դեյտոնյան համաձայնագրի կատարմանը խոչընդոտելու համար:

Bloomberg-ը նշում է Ռուսաստանի ներգրավվածությունը նաեւ Կոսովոյի հակամարտության մեջ, որը կապված է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից դեպի Կոսովոյի սերբաբնակ Միտրովիցա քաղաք մեկնած գնացքի հետ: Ռուսաստանի նվիրած գնացքի վրա 21 լեզվով գրված էր «Կոսովոն Սերբիա է»: Դա զայրացրել էր Կոսովոյի իշխանություններին, որոնք սահմանի վրա կանգնեցրել էին գնացքը եւ հետ ուղարկել այն: Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին սերբերին մեղադրել էր Մոսկվայի հետ համատեղ իր երկրի հյուսիսը գրավելու նպատակով «ղրիմյան սցենար» նախապատրաստելու մեջ: ՌԴ ԱԳՆ-ն սերբերին պաշտպանելով հայտարարեց, որ Կոսովոյի իշխանությունները իրավունք չունեին կանգնեցնելու գնացքը:

Սերբերի մեծամասնությունը Ռուսաստանին համակրանքով է վերաբերվում պատմական կապերի եւ ՆԱՏՕ-ի հանդեպ անվստահության պատճառով: Նախկին հարավսլավիական մյուս հանրապետություններում Ռուսաստանը չունի այնպիսի բացահայտ դաշնակից, ինչպիսին է Սերբիայի ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչը:

Մակեդոնիայում եւս Ռուսաստանն աջակցում է տեղական իշխանություններին, 2015 թ. այնտեղ անցկացված բողոքները համարելով երկիրը զավթելու Արեւմուտքի փորձ:

Չեռնոգորիայում, որտեղ իշխում է արեւմտամետ կառավարություն, եւ բնակչության կեսը կողմ է արեւմտյան կառույցներին անդամակցելուն, 2016 թ. Ռուսաստանին մեղադրեցին վարչապետ Միլո Ջուկանովիչի սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Գործակալությունը եզրակացնում է, որ Ռուսաստանն այս կամ այն չափով ներքաշված է բալկանյան բոլոր երկրների գործերի մեջ: Վերջերս նրա մասնակցությունը ավելի ու ավելի է ակտիվանում, եւ եթե իրադրությունը շիկանա, ապա չի բացառվի Մոսկվայի քաղաքական ու ռազմական միջամտությունը Պուտինի ղեկավարությամբ, ով չի հավատում, թե ազդեցության ոլորտները հնացած գաղափար են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ