ՈՒՄԻՏ ՔՈՒՐԴԸ ԱՅՆԹԱՊԻ ՄԱՍԻՆ Հ. Ծ. Ներկայիս Հարվարդ համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնում հետդոկտորական հետազոտություններ անցկացնող դոկտ. Ումիտ Քուրդը փետրվարի 23-ին, երեկ, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերությունում (NAASR) դասախոսություն է կարդացել «Ալի Ջենանի Բեյի հետաքրքրական դեպքը: Ցեղասպանության հանցագործներից մեկի պատմությունը 1915-ի Հայոց ցեղասպանության ընթացքում եւ հետո» թեմայի շուրջը, որի ընթացքում հիմնականում կենտրոնացել է Այնթապում իրականացված իրադարձություններինՙ եւ մասնավորապես մեկ մասնավոր անհատիՙ Ալի Ջենանի Բեյի (1872-1934) անցյալի, ակտիվ գործունեության եւ Թուրքիայում նրա հետագա կյանքի վրա: Նա նշել է, որ չնայած ցեղասպանության հարցը ընդհանուր առմամբ լայն քննարկման առարկա դարձել է, այդուհանդերձ անհատ հանցագործների գործունեությունը դեռեւս քիչ է ուսումնասիրված: Քուրդը իր դոկտորականը պաշտպանել է Քլարք համալսարանում 2016-ին: Թեման եղել է հայերի ունեցվածքի բռնագրավումները Այնթապում 1915-21 թվերին: Հեղինակ է Թաներ Աքչամի հետ «Օրենքների ոգին: Հարստության կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» հատորի, նաեւ մի շարք պատմական եւ քաղաքական հոդվածների ակադեմիական մակարդակի հանդեսներում եւ պարբերականներում: |