ԳՆՈՒՄ ԵՆ ԿՌՎՈ՜Վ, ԵՐԳՈ՜Վ` ԿԱՅԱՐԱՆԸ ԳՐԱՎԵԼՈՒ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Բացի կոմունիստներից, գալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրեթե նույն բանն են ուզում: Ուզում են, որ հայրենիքում բարեկեցիկ ապրենք, ԲՀԿ-ն, ճիշտ էՙ ոչ այնքան բարեկեցիկ է ուզում, որքանՙ բարգավաճ, եւ ուզում են, որ բոլորս աշխատանք ունենանք: Կոմունիստները այս ամենից բացի ուզում են նաեւ, որ սոցիալիզմ կառուցենք: Ավելի ճիշտՙ նորից կառուցենք, քանի որ այն, որը 80 տարի կառուցեցինք, պարզվեց սխալ սոցիալիզմ էր, կամ ամուր չէր, ամեն դեպքում քանդվեց: Քանդեցինք, այդ թվում իրենքՙ կոմունիստները, մանավանդ իրենք: Այս առանձնահատկությունը կոմունիստներին ընտրարշավի մյուս մասնակիցներից հստակ տարբերակում է: Հիշեցնեմ, որ Կոմկուսը ընտրություններին մասնակցելու էՙ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» անփոփոխ կարգախոսով: Ճիշտ է, նրանք չեն մանրամասնում, թե հայրենիք ասելիսՙ ի՞նչ նկատի ունեն: Եթե Հայաստանը, ապա Արցախն է՞լ, որը կոմունիստական Հայաստանին մաս չի կազմել: Կամ աշխատանք ասելով ի՞նչ նկատի ունեն, ասենքՙ միայն աշխատա՞նք, թե՞ նաեւ աշխատավարձ: Բայց նրանց ասած սոցիալիզմը ավելի քան հստակ է. ամեն դեպքում բոլորս գիտենք, թե ինչ է սոցիալիզմը, այլ բան է, որ ոչ մեկը, այդ թվումՙ կոմունիստները, չգիտի, թե այն ինչպես են կառուցում: Ի դեպ, կառուցելու մասին: ԲՀԿ-ն գալիք ընտրություններին մասնակցելու է «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է» կարգախոսով: Փոփոխություններին դեռ կանդրադառնանք, բայցՙ ի՞նչ կառուցել, այսինքն ի՞նչ կառուցելու ժամանակն է: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե, օրինակ, պետք է եկեղեցի կառուցենք, կամ մոլ, այն էլՙ Առինջ գյուղում, ապա պետք է հասկանալ, թե ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է, որ տառապում է եկեղեցա-մոլությամբ, հենց տառապում է: Անշուշտ հնարավոր է, որ ԲՀԿ-ն «կառուցելու ժամանակն է» ասելով նկատի ունի գործարաններ, դպրոցներ, ճանապարհներ, եւ այլն, բայց հաշվի առնելով, որ նախկինում ԲՀԿ-ն աչքի է ընկել առավելաբար հենց եկեղեցա-մոլ շինարարությամբ, կարելի է եզրակացնել, որ իրենք նկատի ունեն եկեղեցի եւ մոլ կառուցելը: Ինչ վերաբերում է «փոփոխություն» բառին, ապա պետք է արձանագրենք, որ դրանց ժամանակն ազդարարող ԲՀԿ-ն հանգիստ կարող է կոալիցիա կազմել «Հայկական վերածնունդ» կուսակցության եւ «Ելք» դաշինքի հետ: Բանն այն է, որ այս երեք քաղաքական ուժերի կարգախոսներումՙ «փոփոխություն» բառը կա, այսինքն միայն այս երե՞քն են, որ ուզում են փոփոխություններ, թե՞ միայն այս երեքն են, որ այլ բառեր չեն գտել: Օրինակ «Ազատ դեմոկրատները» գտել են, գտել են երեք բառ. նրանց կարգախոսն էՙ «Մենք կարող ենք»: Ճիշտ է, դեռեւս 2008-ին, ԱՄՆ նախկին նախագահ Օբաման իր քարոզարշավը տանում էրՙ «Այո, մենք կարող ենք» կարգախոսով, բայց մեծ ամերիկասեր «ազատ դեմոկրատների» հիշյալ կարգախոսից ես, օրինակ, ամենեւին էլ Օբամային չեմ հիշում: Հիշում եմ իմ տեսած այն բոլոր ֆիլմերը, որտեղ հոգեբանական խմբակներ կան, որոնց նպատակն է մարդկանց ազատել այս կամ այն կախվածությունից, ցուցաբերել հոգեբանական օգնություն: Այդ խմբակներում, երեւի գիտեք, անդամները նստում են շրջան ձեւավորելով եւ հերթով խոսում ենՙ ներկայացնելով իրենց խնդիրը: Ենթադրենք մեկն ասում էՙ «Ես խմում եմ եւ չեմ կարողանում ազատվել այդ կախվածությունից»: Մեկ ուրիշն էլ ասում էՙ «Ես ծեծում եմ իմ կնոջը», մեկ ուրիշն էլ, թեՙ «Ես գիշերները վախենում եմ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ, ինչի՞ց, բայց չեմ կարողանում ազատվել այդ խնդրից» ...Վերջում, երբ բոլորը խոսում են եւ միմյանց հույս են տալիս, իրենց կարծիքովՙ վստահություն են ներշնչում, խումբը, բոլորով միասին, բարձրաձայնում էՙ «Մենք կարող ենք»: «Ազատ դեմոկրատների» կարգախոսը ինձ հիշեցրեց նման խմբերի հավաքները: Ամեն դեպքում, ոչ մի «ազատ դեմոկրատ» դեռեւս չի ասել, թե իրենք ինչ են կարող եւ ինչո՞ւ է դա իրենց յուրահատկությունը: ՀՀԿ-ն, ինչպես գիտենք, կարող է շատ բան անել: Ոչ միայն ընտրություններում հաղթել, այլեւ որոշել, թե էլ ովքե՞ր են անցնելու խորհրդարան: Կարող է, բայց չի անելու, այս անգամ: Համենայնդեպս, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀԿ-ն այս անգամ որոշել է ազնիվ հաղթել, եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր երկրում քանի՜-քանի՜ տարի է, որ լինում է այնպես, ինչպես որոշել է ՀՀԿ-ն, կարելի է չկասկածել, որ գալիք ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է: Նրա կարգախոսն էՙ «Անվտանգություն եւ առաջընթաց»: Կրկին չի մանրամասնվում, թե ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, ասենքՙ հավաքակա՞նՙ ռուսների, բելառուսների, ղազախների, տաջիկների եւ ղրղզների հետ, թե՞ մենք մեր ուժերով, այդ թվումՙ միջնակարգ կրթությամբ (երբեմն առանց դրա) գեներալներով եւ ռազմագիտական տերմինների ռուս-հայերեն բառարանները թեւների տակ շրջող ռազմական փորձագետ դարձածներով: Ավելին, հստակ չէ, թե անվտանգություն ասելով ՀՀԿ-ն նկատի ունի երկրի՞ անվտանգությունը, ասենք արտաքին հարձակումներից, թե՞ երկրի ներսում ապրող քաղաքացիների անվտանգությունըՙ սահմանադրական կարգի բռնի փոփոխություններից եւ դրանց ընթացքում: Բայց դա դեռ մի կողմ, ի՞նչ առաջընթաց: Տնտեսակա՞ն, ռազմակա՞ն, ժողովրդավարակա՞ն: Եթե ռազմական, ապա էլ ի՞նչ անվտանգություն... Մի խոսքով, ՀՀԿ-ն դեռ պետք է պարզաբանի, թե ինչպե՞ս է հնարավոր առաջընթաց ապահովել, երբ մենք ունենք անվտանգության խնդիր: Եվ ինչո՞ւ դա անցած տարիներին հնարավոր չէր: Օրինակ ՀԱԿ-ը հստակ լուծում է առաջակում: Ընտրություններին Տեր-Պետրոսյանն ու մյուսները մասնակցում են «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Այստեղ էլ հստակություն չկա. խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն ո՞ւմ հետ, ասենքՙ Ադրբեջանի՞, թե՞, օրինակ, ՀՀԿ-ի, կամ ինչպես իրենք են ասում, համենայնդեպսՙ ասում էինՙ «այս մոնղոլ-թաթարական իշխանությունների, որոնց ավազակաբարո ռեժիմից օր առաջ պետք է ազատվել»: Եթե խոսքը Ադրբեջանի մասին է, եւ դատելով Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներից, ապա ՀԱԿ-ը փաստորեն հստակ ասում է, որ գնում ենք հաշտության, կնքում ենք խաղաղության պայմանագիր, բարիդրացիություն ենք անում, այսինքն լուծում ենքՙ անվտանգության հարցը եւ առաջընթացի դուռը բացվում է մեր առջեւ: Ստացվում է մոտավորապես ՀՀԿ-ի կարգախոսը, բայց ավելի հստակ: Այլ հարց է, թե ի՞նչ պայմաններով է ՀԱԿ-ն առաջարկում բարիդրացիություն անել ադրբեջանցիների հետ, ինչ պայմաններով, եւ ի՞նչ նախադեպեր հաշվի առնելով, ասենք հայերի եւ ադրբեջանցիների միջեւ կոնկրետ ի՞նչ բարիդրացիության օրինակներ գիտեն ՀԱԿ-ում, որոնք հիմք են հանդիսացել նրանց կարգախոսի եւ ողջ ընտրական ծրագրի պլատֆորմի ստեղծման համար: Գուցե «այն տարիներից» առաջին նախագահը հիշո՞ւմ է, թե ինչպես էին հայերն ու ադրբեջանցիները բարիդրացիություն անում, միմյանց տներում թեյ խմում, նարդի խաղում, եւ հիմա ուզում է կրկնե՞լ այդ տարիները: Գուցե, ամեն դեպքում առաջին նախագահն ու նրա ընկերները այդ տարիները կրկնելու մեծ ցանկություն ունեին, ունեն եւ ըստ ամենայնիՙ դեռ երկար են ունենալու: Չնայած երկար տարիների, ավելի ճիշտՙ մեկ դար եւ երկար տարիների պատմությանը, ՀՅԴաշնակցությունը գնում է ընտրությունների «Նոր սկիզբ. արդար Հայաստան» կարգախոսով: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե իր պատմության 126, արդենՙ 127 տարիների ընթացքում Դաշնակցությունը ե՞րբ է արդար Հայաստան տեսել, կամ դաշնակցական գործիչները հայոց պատմության ո՞ր էջում են արդար Հայաստանի մասին գոնե մեկ պարբերություն կարդացել: Չգիտեմ նաեւ, թե ի՞նչ նկատի ունի Դաշնակցությունը «արդար Հայաստան» ասելով: Ենթադրում եմ, որ խոսքը սոցիալական եւ իրավական արդարության մասին է առավելաբար, այսինքնՙ եթե հիմա մեկն աղքատ է ապրում, քանի որ իր փողերը գողացել են, կամ չեն տվել, իսկ մյուսըՙ շատ հարուստ է ապրում, քանի որ ինքն է այդ փողերը գողացել կամ չի տալիս, ապա արդար Հայաստանում նման բաներ չեն լինելու. հարուստները շատ հարուստ չեն լինելու, աղքատներն էլ շատ աղքատ չեն լինելու: Համարյա սոցիալիզմ, չնայածՙ ինչո՞ւ համարյա... Կամ, եթե մեկը ծեծի է ենթարկում ինչ-որ քաղաքացու, վերջինիս քաղաքական կողմնորոշման համար, ապա արդար Հայաստանում այդ ծեծողին են ծեծելու: Ինչեւէ, արդարության վերականգնման նախադեպերն եւ եղանակները շատ հաճախ ավելի անարդար են լինում արդարության ոտնահարման դեպքերից, բայց սա հավանաբար նրանից է, որ մեզանից ոչ ոք չի կարող հստակ պատասխանել հարցին, թե ի՞նչ է արդարությունը: Ամենաճշմարտամոտը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կարգախոսն է: Մարդիկ ընտրության են գնումՙ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» -ով: «Ժառանգությունը», եթե մոռացել եք, ինչի համար բոլոր հիմքերն ունեիք, Րաֆֆին է, «Համախմբումը» Օսկանյանի կուսակցության անվանումն է, հետեւաբար «Հաղթանակը» ստացվում էՙ Օհանյանն է, այդպես, ուղղակի ստացվում է: Այս կարգախոսը, ըստ իս ամենաճշմարտամոտն է, քանի որ ե՛ւ բառերն են կյանքից վերցված, ե՛ւ դրանց հերթականությունն է կյանքով փորձված: Տեսեք, սկզբում դու ստանում ես մեծ ժառանգություն, հետո բոլոր բարեկամներդ համախմբվում են կողքիդ, հետո դու հաղթում ես, քանի որ ամենահարուստն ես: Ես չգիտե՞մ, թե այս դաշինքում հավաքվածները համախմբել են, որ հաղթե՞ն, թե՞ որ երկրի իշխանությունից իրենց ժառանգությունը ստանան, բայց գիտեմ, որ այստեղ պակասում է երեւանցի առաջնորդը. սփյուռքահայը կա, այն էլՙ երկուսն են, արցախցին կա, ու եթե երեւանցին էլ լիներ, կստացվերՙ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, ինչն, ինչպես գիտենք (պնդողներ կան), անպարտ է: Եւ վերջապես, բացի ԲՀԿ-ից մեզ փոփոխությունների տանող երկու ուժերըՙ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որի կարգախոսն էՙ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի» եւ «Ելք» դաշինքը, որն ընտրությունների է գնումՙ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով: Ի դեպ, «Ելք»-ում «Սեյրան Օհանյանը»ՙ Սասուն Միքայելյանն է, ամեն դեպքում, եթե Միքայելյանն այս դաշինքում չլիներ, կասկածում եմ, որ «հաղթանակ» բառը լիներ նրանց կարգախոսում: Բայց, կարծում եմ, որ «Ելք»-ն իր կարգախոսում բառերի հերթականությունը խառնել է. բանն այն է, որ «ընտրությանը» պետք է հաջորդի ոչ թե «փոփոխությունը», այլՙ «հաղթանակը», տրամաբանում եմՙ «Ելք»-ի, որից հետո նոր միայն դաշինքի ձեւավորած կառավարությունը պետք է իրականացնի փոփոխություններ: Այս պարագայում, երբ ընտրություններին հաջորդում է «փոփոխություն» բառը, նոր վերջումՙ «հաղթանակը», ստացվում է, որ փոփոխություն ասելովՙ «Ելք»-ը նկատի ունի իշխանափոխությունը, ինչը հաջորդելու է ընտրությանը, եւ ինչը լինելու է նրանց հաղթանակը: Այսինքն այս ողջ կարգախոսը վերաբերում է բացառապես իրենց, ոչ թե այն փոփոխությունների իրականացմանը, որոնց անհրաժեշտության մասին խոսում են «Ելք»-ից, առավել եւս այդ փոփոխությունների համաժողովրդական սպասելիքներին: Ինչ վերաբերում է ՀՎԿ կուսակցության երկու անգամ «քվեարկիր» եւ երկու անգամ «հանուն» բառերը պարունակող կարգախոսին, ապա կարծում եմ, որ սկզբում առաջակվել է նույն կարգախոսի հետեւյալՙ ավելի պարզ տարբերակըՙ «Քվեարկիր հանուն փոփոխության եւ վերածննդի», հետո սակայն, կուսակցության ղեկավարությունը որոշել է, որ սա չափազանց պրիմիտիվ է ու ամենեւին էլ պոետիկ չի հնչում, եւ որոշել է պոեզիա հաղորդել իր կարգախոսին: Բացի այդ, կուսակցությունում հավանաբար գտնում են, որ երբ հայ ընտրողին մեկ անգամ ես ասում քվեարկիր, նա չի համաձայնվում, կամ երբ մեկ անգամ ես բացատրում, թե հանուն ինչի՞ պետք է քվեարկի, չի հասկանում... Ամեն դեպքում ՀՎԿ-ի կարգախոսը համարենք ամենապոետիկը եւ այս բարի նոտայի վրա էլ հիշեցնեմՙ ՀՎԿ-ն նախկին ՕԵԿ-ն է: |