ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸՙ ԵՐԿՐՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը հինգ տարվա ընթացքում կարեւոր խնդիր է լուծելՙ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը եւ նպաստել երկրում աղքատության ցուցանիշի կրճատմանը: Այդ առումով, ծրագիրը ռազմավարական կարեւորություն ունի մեր երկրի զարգացման համար: Գործակցող կողմերի ղեկավարների հերթական շրջայցը եղել է Կոտայքի մարզում: Գեղաշեն եւ Կամարիս համայնքներում բնակարանամուտ է նշել երեք ընտանիք: Այստեղ, կողմերի աջակցությամբ ավարտին է հասցվել մեկ կիսակառույցի շինարարություն, իսկ երկու տուն վերանորոգվել է: Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզում բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել 6 ընտանիք: Ծրագրի դրական ազդեցությունն արձանագրված ցուցանիշն է. հինգ տարվա ընթացքում բարեկեցիկ բնակարանային պայմաններով է ապահովվել 135 ընտանիքՙ 677 մարդ: Այդ նպատակի իրագործման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 333 մլն. դրամի ներդրում է կատարել: Ծրագրի առավել կարեւորՙ բարոյահոգեբանական կողմը, երկրի վաղվա օրվա նկատմամբ հավատի հաստատումն է: Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը սեփական երկրում բարեկեցիկ կենսամակարդակ ապահովելու անկարողությունն է: Երբ հաղթահարվում է հոգեբանական խնդիրըՙ ընտանիքը նախապատվություն է տալիս հայրենի հողի վրա ապրելուն: Ծրագրի գնահատումը ցույց է տվել, որ բնակարանաշինության ծրագրով աջակցություն ստացած ընտանիքներից ոչ մեկը չի արտագաղթել Հայաստանից: Բարեկեցիկ բնակարանային պայմանները նպաստում են նրան, որ խոցելի ընտանիքները փոխեն իրենց կենսակերպը, ապահովեն իրենց երեխաների զարգացումը առավել նպաստավոր միջավայրում: Ավելի քան 15 տարի երազել ենք մեր տունն ունենալ: Այսօր կրկնակի երջանկություն է այս տան մեջ հյուրընկալել այն մարդկանց, ովքեր մեր երջանկությունն իրականություն դարձրին,- ասել է Վարդանյան ընտանիքի մայրըՙ Քրիստինեն: «Փորձենք միասին գնահատել այս ծրագիրը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարեւոր է եւ արդարացված: Ուրախ ենք յուրաքանչյուրի ապրած երջանկությամբ: Հպարտ ենք, որ պատասխանատու մոտեցման մեր ռազմավարությունը արդյունք է տալիսՙ ոգեւորելով հասարակությանը, մեր աշխատակիցներին եւ երկրում գործող այլ կազմակերպությունների: Ավելի քան 11 տարի առաջնորդվել ենք այս սկզբունքով եւ ձգտում ենք շարունակել նույն ոգով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Ընտանիքի պահպանման, աղքատության եւ արտագաղթի նվազեցման ռազմավարական կարեւորությունից զատ, այս համագործակցությունը գնահատելի ազդեցություն ունի նաեւ համայնքների զարգացման գործում: Հնգամյա համագործակցության ողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի սահմանափակվել միայն ֆինանսական ներդրում կատարելով, այլեւ, կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, պարբերաբար մասնակցել է ընտանիքների համար կառուցվող տների շինարարական աշխատանքներին,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: |