RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 6551, Տպվել է` 533, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԵՎ ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ

Ա. Մ.

2017-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6,6 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության այս տեղեկատվությունը փաստում է, որ տարեսկզբին արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է: Հունվարին 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատՙ 6,2 տոկոս: Հետաքրքրական է, թե տնտեսության ո՞ր ճյուղերի շնորհիվ է եռամսյակային այս ցուցանիշն արձանագրվել:

Տոկոսային առումով տարվա առաջին երեք ամիսներին ամենաբարձր աճն արձանագրվել է արդյունաբերությունումՙ 16,1 տոկոս , ապա առեւտրի շրջանառությունումՙ 11,3 տոկոս, այնուհետեւՙ ծառայությունների ոլորտումՙ 10 տոկոս: Սակայն, գումարային առումով ամենամեծ աճն արձանագրվել է առեւտրի շրջանառությունում, որից հետո այն կազմել է 489 մլրդ դրամ: Արդյունաբերության արտադրանքի ծավալը` 361 մլրդ դրամ է եղել, ծառայությունների ծավալը` 301 մլրդ դրամ:

Առեւտրի ծավալների աճը վկայում է այն մասին, որ վերջին երկու տարիներին պահանջարկի անկման միտումը Հայաստանում հաղթահարվել է , բայց մյուս կողմից աճն այստեղ ինքնին մեծ արժեք չունի, քանի որ այս ճյուղը չի ստեղծում հավելյալ արժեք:

Տնտեսության մյուս երկու ճյուղերում անկում է գրանցվելՙ գյուղատնտեսությունում 1,5 տոկոս, շինարարությունումՙ 13,6 տոկոս: Ակնկալիքներ կան, որ գյուղատնտեսությունում այս տարի, այդուհանդերձ, աճ կարձանագրվի, ինչին նպաստում են բարենպաստ եղանակային պայմանները: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտում շարունակական անկումը կասեցնելու ուղղությամբ կառավարությունը որոշակի ջանքեր է ներդնում, որոնց արդյունավետությունը պարզ կդառնա առաջիկա ամսիներին (շինարարության ոլորտում իրավիճակի մանրամասների մասին տեսնել վերեւի հրապարակումը):

Արտաքին առեւտրաշրջանառությունը եւ հատկապես արտահանումը տարեսկզբին շատ ավելի տպավորիչ աճ ուներ, որի տեմպը փոքր ինչ նվազել է: Այդուհանդերձ, արտաքին առեւտրի աճը երկնիշ էՙ 17,4 տոկոս, որի արդյունքում այն հասել է 1 մլրդ 246 մլն դոլարի: Արտահանումը առաջին եռամսյակում կազմել է 443 մլն դոլար, աճելով 16,5 տոկոսով, իսկ ներմուծումըՙ 803 մլն դոլար, աճելով 17,9 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը տարվա առաջին երկու ամիսների արդյունքով կազմել 360 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում էապես չի փոխվել: 2017-ի հունվար-մարտի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն բարձրացել է 1,1 տոկոսով եւ կազմել 183 հազար դրամ: Որոշ չափովՙ 2,2 տոկոսով ավելացել է մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը, կազմելով 219 հազար դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը նվազել է 1,8 տոկոսով, կազմելով 155 հազար դրամ:

Գնաճի վարքագիծը որոշակիորեն փոխվել է: Թեեւ մարտ ամսին արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում նախորդ տարվա մարտի համեմատ, բայց սպառողական զամբյուղի հիմնականՙ սննդամթերքի գներն այդ նույն ժամանակահատվածում աճել են 3,4 տոկոսով:

Եթե ամփոփենք վերոնշյալ ցուցանիշները, կարելի է արձանագրել, որ լուրջ գործընթացներ են գնում արդյունաբերությունում, որ առկա է ներքին պահանջարկի վերականգման միտում, բայց բնակչության եկամուտների էական աճ դեռեւս տեղի չի ունեցել: Տնտեսական ակտիվության նման տեմպի պահպանման դեպքում արդեն եկող տարի հիմքեր կառաջանան սոցիալական համապատասխան քայլերՙ պետական սեկտորի աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ կատարելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ