RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 5150, Տպվել է` 520, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂԱՂԱԿՈՂ ՍԽԱԼ ԲԱՔՎՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Մանրակրկիտ հետաքննություն անցկացնելն ու աշխատանքի նկատմամբ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելը այն չափանիշներն են, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է իրականացած տեսնել բոլորի կողմիցՙ բացի իրենից եւ իր ընտանիքի անդամներից: Իրենից առաջ, նախագահական եւ հանրային ծառայությունների պաշտոնների բոլոր թեկնածուները պարտավոր էին հաշվետվություն ներկայացնել իրենց ֆինանսական գործունեությունների վերաբերյալ: Թրամփը, սակայն, հրաժարվեց հրապարակել տեղեկություն իր ֆինանսների եւ վճարած հարկերի վերաբերյալ: Այդուհանդերձ նա ընտրվեց նախագահ եւ խոստացավ իր կապերը խզել բիզնես աշխարհի հետ, այդ ոլորտի ամենօրյա գործառույթները վստահելով իր որդիներ Դոնալդ կրտսերին եւ Էրիկին: Սակայն, Թրամփը շարունակում է ցուցաբերել ֆինանսական հետաքրքրություններ իր ընկերությունում:

Էթիկայի ոլորտի մասնագետները, ներառյալ կառավարական էթիկայի գրասենյակի տնօրեն Ուոլտեր Շոուբը նշում են, որ նախագահ Թրամփը բավականաչափ ջանքեր չի գործադրում ազատվելու բիզնեսի իր շահագրգռվածություններից: Դա, վստահեցնում են նրանք, առաջնորդելու է քննադատությունների, քանի որ նա բիզնես կապեր ունի աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաեւ հատկապես որոշ անկայուն վայրերում: Փաստական քննադատություններ վերջերս ուղղված են եղել նրան եւ նրա բիզնես գործառույթներին աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկումՙ Ադրբեջանում: Խոսքը Թրամփի վատագույն գործարքը հորջորջված «Թրամփ Թաուերի» մասին է, որին անդրադարձել է «ԱԶԳ-ը» մարտի 24-ի իր համարում: Այնտեղ նշված վատահամբավ Մամադովի որդին վերջերս ընդհարվել է Մեհրիբան Ալիեւայի կլանիՙ «Փաշա հոլդինգ գրուպի» հետ, հաճախորդներին մոլորեցնելու առնչությամբ:

Ամերիկյան հասարակությունը ամեն օր է առնչվում նման սկանդալների հետ, որոնք սովորական երեւույթներ են դարձել: Սակայն կոռումպացված կառավարությունների հետ գործունեություն ծավալելու Թրամփի ներգրավվածությունը անցնում է գործարարական էթիկայի սահմանները եւ հակասում ամերիկյան օրենքներին եւ ազգային անվտանգության դրույթներին:

Այդ առնչությամբ դեմոկրատական կուսակցության երեք սենատորներ համապատասխան մարմիններին ուղղված իրենց նամակում պահանջել են հետաքննություն անցկացնել Բաքվում Թրամփի գործունեության ծրագրերի վերաբերյալՙ այն բանից հետո, երբ «Նյու Յորքեր» պարբերականում հրատարակվել է «Թրամփի վատագույն գործարքը» խորագրով հոդվածը:

Սենատորներ Շերոդ Բրաունի (Օհայոյից), Դայան Ֆեյնշտեյնի (Կալիֆոռնիայից) եւ Բեն Կարդինի (Մերիլենդից) նամակը ուղղված է եղել գերագույն դատախազ Ջեֆ Սեշնզին, գանձապետարանի քարտուղար Սթիվն Մնուչինին եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին: «Հոդվածում նշվում է նախագահ Թրամփի եւ նրա կազմակերպության կապը Ադրբեջանի վատահամբավ, կոռումպացված օլիգարխների եւ իրանական «Հեղափոխության պահապաններ» ընկերության հետ: Չնայած Թրամփի կազմակերպությունը կարծես դուրս է եկել Բաքվի «Թաուերի» գործարքից, այնուամենայնիվ, այդ կազմակերպության հնարավոր քրեական պատասխանատվության վերաբերյալ որոշ լուրջ հարցեր դեռեւս անպատասխան են մնացել», նշել են սենատորները իրենց նամակում:

Նախքան իրավական խնդիրներին անդրադառնալը մի կարեւոր հարց է առաջանում մեր մտքերում: Ինչո՞ւ էր Ադրբեջանը դուրս մնացել մահմեդական այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիների մուտքը Մ. Նահանգներ արգելվել էր:

Բայց հետաքննության պահանջը շատ ավելի լուրջ քաղաքական եւ իրավական ենթատեքստ ունի: 1977-ին ընդունված «օտար կոռումպացված ընկերությունների հետ գործունեություն ծավալելու մասին» օրենքը արգելում է ամերիկյան ընկերություններին մասնակցելու այնպիսի նախագծերի, որոնք նյութական շահույթի դիմաց վարձահատույց են լինում օտար կառավարության մի պաշտոնյայի: Տեսնենք, թե հետաքննությունը, եթե այն կատարվի, ինչ է պարզելու:

Առայժմ մխիթարվենք այն լուրով, որ Բաքվի վերոնշյալ ծրագրի վրա վատնված փողերը հոգացել է Ադրբեջանը, որի հարստությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում սկսել է երերալ: Մյուս կողմից «Բրիտիշ Փեթրոլիումը», որն Ադրբեջանի գլխավոր ներդրողն է համարվում, որոշել է դադարեցնել իր գործողությունները Շահդենիզի նավթահանքերում: Նաեւ Վրաստանն է որոշել վերջ տալ ազերի գազի պաշարներից իր կախվածությանը:

Հետաքննությունը կանցկացվի, թե ոչ, բացահայտումներն արդեն իսկ խամրեցրել են Թրամփի բիզնես գործարքները:

Երբ այսքան շատ բիզնես շահեր են դրված խաղասեղանին, ի՞նչ լուծում կարելի է ակնկալել Թրամփից ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Նա դեռ այդ խնդրին չի անդրադարձել, որովհետեւ նոր է դեռ իր պաշտոնում եւ սովորելու շատ բան ունի:

Թե ինչ ուղերձ է հղելու հայկական համայնքին ապրիլի 24-ի առթիվՙ նույնպես անորոշ է: Անկանխատեսելիությունը նրա քաղաքականության բնորոշ հատկանիշն է եղել, բայց նա առնվազն պարտավոր է հետեւողական եւ կայուն լինել: Եթե մանրակրկիտ հետաքննություն անցկացնելը նրա առաջնահերթությունների շարքում է, ապա առաջին հերթին ինքը պիտի ենթարկվի այդ քաղաքականությանը: Այլապես սխալ հաշվարկների հետեւանքով Բաքվի սնանկացած «Թաուերը» կարող է խորհրդանիշը դառնալ իր քաղաքականության:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ