ՍՏԻՊՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔ Է Հ. ԱՖՅԱՆ Մարի Լը Պենն ապրիլի 23-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից արդեն երկրորդն է, որ խոսում է արցախյան հակամարտության մասինՙ հօգուտ հայկական կողմի: Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության թեկնածուն, Nouvelles d Armenie-ին տված հարցազրույցում մասնավորաբար ասել է. «ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Արցախի միավորումը Հայաստանին»: Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուՙ հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնը, որ, ի դեպ, 2007-12-ը եղել է Ֆրանսիայի վարչապետը, ֆրանսահայերի հետ հանդիպմանն ասել էր. «Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921-ին տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանիցՙ հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ եւ տեւական լուծում գտնելը»: Հարկ է նկատել, որ ե՛ւ մադամ Լը Պենը, եւ մըսյե Ֆոյենը համարվում են նախագահական ընտրությունների ֆավորիտներ, չնայած նրանց է միանում նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որը, դեռեւս... Հայ համայնքի հետ չի հանդիպել եւ հայկական պարբերականին հարցազրույց չի տվել: Չի բացառվում, որ մըսյե Մակրոնի արցախյան թեմայով հայտարարություններն է՛լ ավելի հայանպաստ լինեն: Փաստն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երեք ֆավորիտներից երկուսը հստակ գիտեն, թե ինչ է եղել Արցախում եւ այդ մասին հանգիստ ու ազատ բարձրաձայնում են... Դեռեւս: Ու մինչ մենք սպասում ենք մըսյե Մակրոնի հանդիպմանը հայ համայնքի հետ, եկեք խոսենք հենց համայնքից: Մենք, իհարկե, գիտեինք, որ ֆրանսահայությունը լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական դեր ու կշիռ ունի Ֆրանսիայում եւ այդ երկրում քաղաքական հաջողությունների հասնել ցանկացողները պետք է ձգտեն պարտադիր հաճոյանալ մեր համայնքին, առաջՙ Ցեղասպանության հարցում, հիմաՙ նաեւ Արցախի: Բայց մենք չգիտեինք, որ համայնքը, կապ չունիՙ ֆրանսահայ, ռուսահայ, ամերիկահայ, կամ հայաստանյան, կարող է այդքան զորավոր լինել: Հակառակ պարագայում Ռուսաստանում էլ տեղի նախագահի թեկնածուները պարբերաբար կխոսեին արցախյան հակամարտությունից, թեկուզ հաշվի առնելով այդ երկրում նաեւ ադրբեջանական հոծ համայնքը, անկողմնակալության դիրքերից կխոսեին: ԱՄՆ-ում էլ, նախագահի թեկնածուները կխոսեին արցախյան հարցից, մանավանդ որ Ցեղասպանության հարցի շուրջ չի ստացվում նրանց խոսելը: Հիմա չեն խոսում, քանի որ համայնքը զորավոր չէ, զորավոր է, բայց իր զորավորությունը չի զգում, չի գիտակցում, Ֆրանսիայում զգում եւ գիտակցում է, ուրեմն խոսում են: Բայց սա դեռ մի կողմ. դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես անցավ հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Կարծում եմ կհամաձայնեք, որ եթե չլիներ Տեր-Պետրոսյանի գործոնը, ապա արցախյան թեման անհրապուրիչ կլիներ ընտրությունների մասնակիցների համար, ընդ որում, այդ թեման ակտիվորեն շրջանառող Տեր-Պետրոսյանը, թվում է, ավելի քիչ բան գիտի արցախյան հակամարտությունից, քան, օրինակ, Ֆրանսուա Ֆիյոնը: Ինչեւէ, ուրիշ ոչ ոք բացի ՀԱԿ-ՀԺԿ-ից, Արցախի մասին չխոսեց, իսկ եթե անգամ խոսում էին, ապա որպեսզի պատասխանեն, արձագանքեն, քննադատեն առաջին նախագահին: Ավելին, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արցախյան բաժինը խիստ աղքատիկ էր (բացառությամբ ՀԱԿ-ՀԺԿ-ի, որն իր ողջ նախընտրական պլատֆորմն էր կառուցել Արցախի հարցի վրա): Եւ անգամ կուսակցություն կար, կոնկրետՙ Հայկական վերածնունդը, որի նախընտրական ծրագրում բառ անգամ չկար արցախյան հակամարտության մասին: Չէին կարեւորել, կամ մոռացել էին: Մտածե՞լ եք, թե ինչու էր այդպես, ավելի ճիշտՙ ինչո՞ւ է այդպես: Չե՞ք կարծում, որ մենք, որպես համայնք, զորավոր չենք ուրեմն, զորավոր ենք, բայց մեր զորավորությունը չենք զգում, գիտակցում: Եթե զգայինքՙ բոլորը կխոսեին Արցախի մասին, բացի Տեր-Պետրոսյանից: Բանն այն է, որ ոչ Լը Պենը, ոչ Ֆիյոնը, ոչ էլ այլ ոք, Արցախի կամ այլ հարցի մասին չի խոսում, չի խոսի, քանի որ ինքն է այդպես ուզում, կամ չի խոսում այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Նրանց «ստիպում» են խոսել եւ «ստիպում» են այդպես խոսել: Ստիպողի անունն էլ, անկախ նրանից, թե ինչ են ստիպում, համայնք է, որի ֆրանսահայկականը զորավոր է: |