ԱՍՖԱԼՏ-Ա-ՊԱՏՈՒՄ Հ. ԱՖՅԱՆ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում ասֆալտապատումը տեղի է ունենում հետեւյալ սկզբունքովՙ երթեւեկը չխաթարել: Ու քանի որ ասֆալտապատումը տեղի է ունենում հիշյալ սկզբունքով, այդ պատճառով էլ այն երկար է տեւում: Ըստ տպավորության քաղաքապետարանում Երեւանն ասֆալտ անողներին չեն ասել, որ ասֆալտապատումն ընթանում էՙ չխաթարել երթեւեկը սկզբունքով, հակառակ պարագայում պարտաճանաչ ասֆալտապատողները չէին խաթարի երթեւեկը, ինչը, որքան էլ այդ մասին չգիտեն քաղաքապետարանում, ասֆալտապատողներն անում են: Բայց այստեղ այլ խնդիր էլ կա: Այսինքն քաղաքապետարանը կարող էր մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատումն անցկացնել առանց որեւէ սկզբունքի եւ մի երկու ժամում ամբողջ աշխատանքն ավարտել, բայց քանի որ սկզբունքով է ասֆալտապատում, ավելինՙ այդ սկզբունքն էՙ չխաթարել երթեւեկը, դրա համար էլ... երկար են խաթարում երթեւեկը: Կարող էին գիշերը, ասենք ժամը 1-ից մինչեւ առավոտյան 6-7-ը փակել ընդհուպ գլխավոր պողոտաները եւ հանգիստ, անսկզբունք ասֆալտապատել, բայց պարզել են, որ այդ ժամին մայրաքաղաքում առանձնապես երթեւեկ չկա, ու քանի որ իրենց սկզբունքն էՙ չխաթարել երթեւեկը, ուրեմն այնպիսի ժամին են ասֆալտապատումն իրականացնում, որ նախ երթեւեկ լինի, ապա եւ իրենք չխաթարեն այն: Պատկերացրեցի՞ք: Ի դեպ, մայրաքաղաքի վարորդները քաղաքապետարանի սկզբունքային ասֆալտապատումից իրենց բողոքն են հայտնել քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որը օրերս շրջայց էր կատարել Մաշտոցի պողոտայում, որտեղ մինչեւ վերջերս շարունակվում էին ասֆալտապատման աշխատանքները: Պարոն Փաշինյանը, բնականաբար ասել է, որ այս պարագայում էլ, ինչպես միշտՙ ելք կա եւ եթե մայրաքաղաքի բոլոր վարորդները, մանավանդ տաքսու, իրեն ընտրեն, ապա ինքը կստանա ձայների մեծամասնությունը, կընտրվի քաղաքապետ եւ կսկսի կա՛մ ասֆալտապատումը անսկզբունքորեն իրականացնել, կամ էլ առհասարակ չի իրականացնի: Ընտրություններին մասնակից մեկ այլ ուժիՙ Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այս առումով ավելի զիլ քայլ է արել: Նա երեքշաբթի օրը, երբ վարորդները ասֆալտապատումից բողոքում էին Նիկոլին, իսկ քաղաքապետարանից հայտարարեցին, որ ասֆալտապատումը քաղաքում տեղի է ունենում խիստ սկզբունքային, ասուլիս էր հրավիրելՙ Էրեբունի թանգարանի մոտ, ինչպես ինքն էր ձեւակերպելՙ դրախտում: Իսկ երբ Երեւանը Էրեբունի էր կոչվում, առավել եւսՙ դրախտում, ինչպես հայտնի է ասֆալտ չկար, այն անելու կարիք էլ չկար, հետեւաբար կարող ենք տրամաբանել, որ եթե քաղաքապետ ընտրվի տիկին Փոստանջյանը, ապա Երեւանի ողջ ասֆալտը քանդվելու է, փոխարենը վերականգնվելու են կանաչ տարածությունները եւ մարդիկ բացառապես քայլելու են, առավելագույնը ձիերով են տեղաշարժվելու, ինչպես Էրեբունիում ու դեպի Արարատ: Մի խոսքով, ընտրությունների օրըՙ մայիսի 14-ին, երբ ընտրությունների գնալիս լինեք, հիշեք մայրաքաղաքի ասֆալտի մասին, առանց հայհոյանքների, եթե կարելի է: Ձեզ անխափան երթեւեկ: |