ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸՙ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ Ղազախստանում «ԲՏԱ Բանկից» հափշտակությունների գործով դատավարության սկզբին զուգընթաց այդ գործի գլխավոր դերակատար Մուխտար Աբլիազովը կրկին աշխուժացել է Եվրոպայի քաղաքական դաշտում եւ ինտերնետի հորիզոններում: Բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահը, ով մեղադրվում է ավելի քան 7,5 միլիարդ դոլար գումարի մեքենայությունների համար, կաշառում է Եվրոխորհրդարանի պատգամավորներին: Բոլոր 8 տարիներին, որ շարունակվում էր «ԲՏԱ Բանկի» գործով քննությունը, ղազախստանյան դատախազությունը փորձում էր արտահանձնման միջոցով փախած հանցագործ օլիգարխին վերադարձնել հայրենիք: Վերջին երեք տարիներին Աբլիազովը գտնվում էր Ֆրանսիայի բանտում: Նրան կալանավորել էին Ռուսաստանի հարցմամբ, որտեղ նա նույնպես մեղադրվում էր գումարների հափշտակության համար: Սակայն 2016թ. դեկտեմբերին Ֆրանսիայի Պետխորհուրդը չեղյալ հայտարարեց Աբլիազովի արտահանձնման մասին հրամանագիրը եւ նրան բաց թողեց բանտից: Այն ժամանակ Փարիզը հիմնավորեց իր որոշումը նրանով, որ, իբր, Մոսկվայի հարցումը կատարվել էր «քաղաքական պատճառներով»: Ելիսեյան պալատի նման մոտեցումը այն ժամանակ զարմացրեց շատերին: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Մեծ Բրիտանիայում, ե՛ւ Կիպրոսում, ե՛ւ բազմաթիվ այլ երկրներում «ԲՏԱ Բանկում» հափշտակությունների փաստը ընդունվել էր: Հավասարապես ընդունվել էր նաեւ Մուխտար Աբլիազովի եւ նրա գործակիցների մեղավորությունը: Այսինքն, համաձայնվել էին ղազախստանյան կողմի առաջադրված մեղադրանքի հետ, ըստ որի ստեղծվել էր կազմակերպված հանցավոր խումբ: Ավելին, 2012թ. նոյեմբերին Լոնդոնի Բարձրագույն դատարանը որոշում էր կայացրել գանձել Աբլիազովից եւ Ռոման Սոլոդչենկոյից 2,1 միլիարդ ԱՄՆ դոլար «ԲՏԱ Բանկի» օգտին: Բավարարվել էր նաեւ բանկի հայցադիմումը Աբլիազովի հետ փոխկապակցված Drey Associate Limited, Interfunding Facilities Limited, «ԸԾԽ-ԼվՉպրՑ» նախագծային շինարարական ընկերություն ՓԲԸ-ի եւ «ԹուրանԱլեմ Կապիտալ» ՓԲԸ-ի, Zrl Beteiligungs AG ընկերությունների հանդեպ: Իսկ քիչ ավելի ուշ Լոնդոնի Բարձրագույն դատարանը արձանագրեց, որ «Աբլիազովը կազմակերպել է խարդախ գործարքների շարք, որի օգնությամբ բանկի ներդրումային միջոցները տեղափոխվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող դրածո ընկերություններ: Աբլիազովը կրում է անձնական պատասխանատվություն ներդրումների անօրինական յուրացման համար, նա նաեւ կապված է փաստաթղթերի պատրաստման հետ, որոնք կոչված էին «հետին թվով հիմնավորելու կատարված գործարքները»: Ռուսաստանում Աբլիազովի մեքենայություններից գոյացած վնասը գերազանցում է մի քանի միլիարդ դոլարը: Իսկ հանցագործ սխեմաներում ներգրավված էր մի ամբողջ շարք ՌԴ քաղաքացիների, որոնք արդեն դատապարտված են կամ գտնվում են հետաքննության մեջ: Օրինակ, «Դելօ» լիզինգային ընկերության նախկին համասեփականատեր Դմիտրի Պակը եւ նրա նախկին փոխգլխավոր տնօրեն Օլեգ Ցարյովը մեղադրվում էին այն բանի համար, որ Աբլիազովի հետ միասին փորձել էին փախցնել 2,5 միլիարդ ռուբլի (մոտ 80 մլն դոլար): Դատապարտվել է նաեւ Ալեքսանդր Պոտկինըՙ «ԲՏԱ Բանկի» գողացված փողերի լվացման մեղադրանքով: Վնասի գումարը գերազանցում էր 400 միլիոն դոլարը: Այսօր Աբլիազովի եւ նրա գործակիցների նկատմամբ քրեական գործեր են վարվում Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում 11 հոդվածներով: Եվ դրանք բոլորը վերաբերում են մեքենայություններին, ուրիշին պատկանող գույքի յուրացմանն ու վատնմանը, անօրինական ճանապարհով ձեռք բերված փողերի «օրինականացմանը»: Ընդհանուր առմամբ Աբլիազովն իր գործակիցների հետ յուրացրել է միանգամից մի քանի երկրների ֆինանսական հաստատությունների ներդրողներին պատկանող մոտ 12 միլիարդ դոլար: Ընդ որում այդ գումարները հանդիսանում էին բնակչության կենսաթոշակային ներդրումներ, Ղազախստանի քաղաքացիների անձնական խնայողություններ, արտասահմանյան ֆինանսական հաստատությունների փոխառություններ եւ ընկերությունների դեպոզիտային հաշիվներ, ինչպես նաեւ պետական մարմինների (Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում) փոխառություններ: Իհարկե, նման խարդախություն Աբլիազովն ինքնուրույն իրականացնել չէր կարող: Հենց դրա համար է յուրաքանչյուր երկրի քրեական գործերում փաստվում հանցագործ խմբի կազմակերպումը: Անգլիայի դատարանների կողմից հիմնավորված է խարդախների կողմից անօրինական միջոցներին տիրանալու փաստը 4,3 միլիարդ դոլարից ավելի ընդհանուր գումարով: Ընդ որում Ֆեմիդայի անգլիական ծառաները փաստել են, որ «ԲՏԱ Բանկի» փողերը դուրս էին բերվում անդրազգային ցանցի միջոցով, որի մեջ ներգրավված էին ավելի քան 1300 օֆշորային ընկերություններՙ աշխարհի ավելի քանի 10 երկրներում: Աբլիազովի հանցագործ սխեմաներն այնքան ճարպիկ դուրս եկան, իսկ հանցագործության արդյունքներն այնքան մեծածավալ, որ ղազախստանյան նախկին բանկիրն արդեն մտցվել է վերջին դարի ամենախոշոր հանցագործների տասնյակի մեջ: Մեքենայությունների արդեն իսկ հաստատված փաստերի համապատկերում Աբլիազովը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի խուսափի Ռուսաստան կամ Ղազախստան արտահանձնումից: Ընդ որում, հիմնական վարկածն այն է, որ նրան հայրենիքում փնտրում են ոչ թե ֆինանսական հանցագործությունների պատճառով, այլ քաղաքական մոտիվներով: Սա հենց այն տարբերակն է, որը, ինչպես պարզվեց, քարտ-բլանշ է տալիս Եվրոպայում: ԵՄ-ում դեռ շատ զգուշավորությամբ են նայում դեպի Արեւելք: Եվ ուրախությամբ պատրաստ են այլախոհ անվանել հայրենիքում քիչ թե շատ «նեղացված» որեւէ մեկին: Այդպես էր, օրինակ, Չեչնիայի ամենահայտնի ահաբեկիչներից մեկի եւ Ալ-Ղաիդայի էմիսար Զելիմխան Յանդարբիեւի պարագայում, որը շատ տարիներ ապրում էր Եվրոպայում, ի միջի այլոցՙ մեկ այլ չեչեն ահաբեկչիՙ Ահմեդ Զաքաեւի հետ միասին: Երկուսն էլ «բացահայտող» հարցազրույցներ էին տալիս եվրոպական լրագրողներին եւ օգտվում տեղական կերակրված քաղաքական գործիչների ամբողջական աջակցությունից: Նույնը հիմա կատարվում է մեկ այլ ղազախստանյան օլիգարխի պարագայում, որը մեղադրվում է հայրենիքում կոռուպցիայի համար: Խոսքը Վիկտոր Խրապունովի մասին է: Նա նույնպես հոդվածներ է տպում մոտավորապես հետեւյալ թեմաներովՙ «Ինչպես էի ես պայքարում եւ տուժեցի ճշմարտության համար»: Իսկ հայրենիքում նրան ներկայացված են մեղադրանքներ հանցագործ խմբի ստեղծման, գողության, մեքենայության եւ էլի մի շարք հետաքրքրական հոդվածներով: Նա, ի միջի այլոց, Մուխտար Աբլիազովին ազգական է երեխաների միջոցովՙ Խրապունովի որդին ամուսնացած է Աբլիազովի դստեր հետ: Քանի դեռ Վիկտոր Խրապունովը ներգրավված է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում, ԱՄՆ իշխանությունները համաձայնեցին ուսումնասիրել Ալմաթի քաղաքի (որի քաղաքապետն էր երկար տարիներ Խրապունովը) հայցադիմումը փախած օլիգարխի եւ նրա ընտանիքի դեմ: «Խրապունովները եւ նրանց դրածո ընկերությունները ձեռք են բերել իբրեւ սեփականություն անշարժ գույք եւ շքեղ ավտոմեքենաներ Կալիֆորնիայումՙ օգտագործելով այն միջոցները, որոնք գողացվել են Ալմաթի քաղաքի բյուջեից»,- հաստատում է Կալիֆորնիա նահանգի Դաշնային վերաքննիչ դատարանը: Ինչ վերաբերում է Աբլիազովին, Ֆրանսիայի պետխորհրդում նրա ճակատագրի քննարկման ժամանակաշրջանում ֆրանսիական ԶԼՄ-ներում բազմիցս հայտնվեցին ակնարկներ այն մասին, թե Ֆրանսիայում իշխանության համար աշխուժորեն պայքարող կուսակցություններից մեկը բավականՙ ոչ վատ հովանավորչական աջակցություն է ստացել Աբլիազովիցՙ նրա ազատ արձակման դիմաց: Հարկ է սակայն նշել, որ լրագրողներն այն ժամանակ չկարողացան ներկայացնել ապացույցներ: Արդյունքում Աբլիազովն ազատվեց: Սակայն փաստ է, որ Աբլիազովն իր կողմից վերահսկվող կառույցների միջոցով ակտիվ ֆինանսական աջակցություն է իրականացնում այն ուժերին, որոնք հանդես են գալիս հետխորհրդային տարածքում բազմաթիվ երկրների գործող կառավարությունների դեմ: Եվ առաջին հերթին դա վերաբերում է Մոսկվային եւ Աստանային: Գումարները անցնում են այսպես կոչված «Բաց երկխոսություն» հիմնադրամի միջով, որը գրանցված է Լեհաստանում: Այս հիմնադրամի միջոցով են նաեւ ֆինանսավորվում Աբլիազովի փոխհարաբերությունները եվրոպական քաղաքական գործիչների հետ: Օրինակ, հիմնադրամի լոբբիինգի արդյունքում վերջերս Աբլիազովին եւ ընկերությանը հաջողվեց նախաձեռնել Եվրոխորհրդարանի մի շարք պատգամավորների ուղերձը Ինտերպոլին: Չորս խորհրդարանականներ դիմեցին Ինտերպոլինՙ խնդրելով դադարեցնել «ԲՏԱ Բանկի» գործով մեղադրվող քաղաքական այլախոհ եւ Ղազախստանից փախստական Մուխտար Աբլիազովի եւ ղազախստանյան «ԲՏԱ Բանկի» նախկին թոփ-մենեջեր Անատոլի Պոգորելովի գործով» հետապնդումը, որոնց անունները ներառնված են Ինտերպոլի «կարմիր բյուլետենում»: Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայի քաղաքական համակարգը վերջնականապես հեռացել է ժողովրդավարական արժեքներից, իսկ Եվրոխորհրդարանի պատգամավորներն արեւելյան երկրներից հոնարարի համար պատրաստ են հերոս հռչակել ցանկացած հովանավորի: Վերջին հաշվով հենց այդպես են ներկայանում նրանց մեղադրանքներն Ինտերպոլին, թե այդ հարգարժան կազմակերպությունը «աշխատում է» մեկՙ առանձին վերցրած երկրի համար: |