ՄԵՐԻ ՀԻԼՏԻ «Ո՞Վ Է ԱՅՍՕՐ ՀԻՇՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Հ. Ծ. Մասաչուսեթսի (ԱՄՆ) նահանգային ներկայացուցիչների պալատի պատկերասրահում ապրիլի 10-17 ցուցադրվել են բնիկ արլինգտոնցի, մրցանակակիր նկարչուհի Մերի Հիլտի ջրաներկով վրձնած դիմանկարների շարքը: Եղեռնի 102-րդ տարեդարձին նվիրված` «Ո՞վ է այսօր հիշում» խորագիրը կրող նրա անհատական ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած, Ուոթերթաունում, Բելմոնտում եւ շրջակա քաղաքներում բնակվող իրական անհատներ, որոնց հետ նա 1994-ին, մասնակցելով Ուոթերթաունի հայկական թանգարանի նախաձեռնած ծրագրին, անձամբ հանդիպել եւ հարցազրույց է անցկացրել տեսագրողի ուղեկցությամբ: «Ամեն մեկի դեմքին գրված էր մի ուրույն պատմություն ոչ միայն աներեւակայելի վայրագությունների, այլեւ հերոսական պայքարի եւ խիզախության: Ես ցանկացել եմ սարսափի կողքին ցույց տալ նաեւ այդ ոգին», նշել է նա: Իսկ իր գործընկերների հարցին, թե «Ինչպես կարող էիր ջրաներկով պատկերել այդ բոլորը, երբ թեման այդքան լուրջ է ու ողբերգական», նա պատասխանել է. «Որոշակի պրոցեսների շնորհիվ ջրաներկը կարող է նույնքան դրամատիզմ արտահայտել, որքան բնորդը»: Նրա «Բերթա Դուլգարյանի դիմանկարը» կտավը վերջերս (հունվարին), ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Նյու Ինգլենդի ջրաներկով նկարող նկարիչների ընկերության (որին լիիրավ անդամ է Հիլտը) կողմից արժանացել է «Մարշալ Ջոյսի» անվան հիշատակի մեդալին: Հիլտը ներկայիս դասավանդում է Արլինգտոնի երիտասարդ մասնագետների պրոֆտեխնիկական հատուկ դպրոցում: Նրա կտավները ցուցադրվել են Նյու Յորքում, Նյու Ինգլենդում, Արիզոնայում եւ այլուր: Նկար 1. Մերի Հիլտը վերապրողների կտավների առաջ: |