ՀԵՐՈՍԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Գիտության մեջ այսպիսի արտահայտություն կաՙ «գիսաստղի ազդեցություն», երբ երկնքում մի կարճ ժամանակ հայտնված գիսաստղը հետագայում հետազոտական ու գիտական գրականության համար հսկայական նյութ է թողնում: Անձը ապրում է շատ կարճ, սակայն հսկայական հետք ու հիշողություն է թողնում պատմության ընթացքում: Թաթուլ Կրպեյանը այդ բացառիկ հերոսներից է, այն անձանցից, որ իր ապրած 26 ամյա կյանքով ու կատարած սխրագործությամբ հայ ժողովրդի պատմության մեջ հետք է թողել արժանանալով ոչ միայն իր ժամանակակիցների, այլեւ հետագա սերունդների երախտագիտությանը, հիացմունքին: Թաթուլի ու նրա հերոսացած ընկերների սխրագործության մասին շատ է գրվել ու դեռ կգրվի, սակայն կա մի աշխատանք, որը կատարվել է նրա կնոջՙ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի կողմից եւ որը վերնագրված է «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» : Գիտական այս մենագրությունը իր ձեւի մեջ բացառիկ աշխատանք է, որը ներկայացնում է ոչ միայն պատմական ու հերոսական իրադարձություններըՙ 1988-1991թթ., այլեւ Թաթուլ Կրպեյանինՙ նոր լույսի ներքո: Փաստորեն առաջին անգամ հավաքվել, փաստաթղթավորվել, ի մի է բերվել եւ հանրության դատին է ներկայացվել Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում Թաթուլ Կրպեյանի գլխավորությամբ կատարված պաշտպանական գործողությունների պատմությունը: Թաթուլ Կրպեյան մարդու կերպարի բացահայտումը թերեւս հեղինակի հիմնական նպատակն է, ինչը, խոստովանենք, նրա մոտ ստացվել է: Աշխատանքը ընթերցելիս մեր առջեւ հառնում է ոչ միայն Թաթուլ ռազմիկը, զինվորական ու պաշտպանական գործի փայլուն կազմակերպիչը, այլեւ մարդըՙ հոգատար ոչ միայն իր հարազատներին, գետաշենցինների ու իր ռազմական ընկերների հանդեպ, այլեւ ազնիվ նույնիսկ թշնամիների հանդեպ: Աշխատանքը բաղկացած է 2 գլուխներից ու վերջաբանից, ներկայացնում է Գետաշենում եւ նրա շուրջ ծավալված իրադարձությունները: Իրինա Բարսեղյան-Կրպեյանի պատմաբանի պրպտող միտքը հսկայական աշխատանք է իրականացրել, հավաքելով մեծ թվով արխիվային փատաթղթեր (այդ թվում դատախազության արխիվներից), ինչպես նաեւ օգտագործելով այդ իրադարձությունների մասնակիցների անձնական արխիվները, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, կենսագրականներ եւ ժամանակակիցների վկայություններն ու մենագրություններ տպագրված հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Մենագրության առաջին գլխի Ա- ենթագլուխը ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվում են Գետաշենի ենթաշրջանում 1988-89 թթ., մինչեւ Թաթուլի վերջնական հաստատումը այնտեղ: Երկորդ ենթագլուխը, որը վերնագրված է «Թաթուլ Կրպեյանի գլխավորությամբ 8-ամսյա ինքնապաշտպանությունը», թերեւս այս աշխատանքի առանցքային մասն է, որը բացահայտում է իրադարձությունները դրանց ամենաթեժ ու վտանգավոր ժամանակաշրջանում ու Թաթուլ Կրպեյանի բացառիկ դերը ինքնապաշտպանական ուժերի համախմբման ու ինքնապաշտպանության գրագետ կազմակերպման գործում: Մենագրությունը գրելիս հեղինակը մանրակրկիտ կերպով ներկայացրել է իրադարձություններն իրենց ողջ մանրամասնությամբ, հատկապես շեշտելով այն ազատամարտիկներին, գետաշենցիներինՙ անուն-առ անուն, ովքեր մասնակցություն են ունեցել Հյուսիսիային Արցախի պատմության համար բացառիկ այդ իրադարձություններին: Մանրակրկիտ կերպով ներկայացնելով Թաթուլի գործունեությունը հեղինակը բացահայտել է ոչ միայն ինքնապաշտպանական գործի կազմակերպիչ ռազմիկի, այլ նաեւ ուսուցչի ու արդարության մարտիկի կերպարը: Գյուղացիները, թե՛ Գետաշենի եւ թե՛ Մարտունաշենի, նրան էին դիմում ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներով, այլեւ սոցիալ-կենցաղային, ֆինանսական ու այլ հարցերով: Մենագրության մեջ հեղինակին հաջողվել է բացահայտել նաեւ մտավորական Թաթուլ Կրպեյանին, մի կերպար, որը կարծես թե ջնջվել է ներկաներիս հիշողության միջից: «Գետաշենում Թաթուլի բնակարանը հիշեցնում էր բազմազբաղ, անդուլ մտավորականի կացարան: Ամենուրՙ մահճակալին, սեղանին, պատուհանագոգին, պահարանների դարակներին քարտեզներ, տետրեր, թղթեր ու գրքեր էինՙ Աստվածաշունչը, Գարեգին Նժդեհի աշխատությունները...: Իրենից անբաժան էին մկրտության խաչը, նռնակը, Մակարով ատրճանակը, օրագիրը, մեր դստերՙ Ասպրամի հետ միակ լուսանկարը ու իմ նամակները, որոնք պահում էր ծոցագրպանում», գրում է հեղինակը: Այս նկարագրությունը ամբողջացնում է Թաթուլի կերպարըՙ մարդու, մտավորականի, իր գործին նվիրյալ ռազմիկի եւ ընտանիքի հոր ու սիրող ամուսնու, ով պայքարի էր դուրս եկել համոզված Հայաստանի ու հայ ժողովրդի ապագային: Մենագրության երկրորդՙ «Օղակ» գործողություն գլխում, ներկայացվում է Գետաշենի ենթաշրջանի պատմության թերեւս ամենադաժան օրերը, երբ ադրբեջանական օմօն-ը, ԽՍՀՄ ներքին զորքերի հետ միասին փորձում էր տարածաշրջանը ազատել հայ բնակչությունից, այդ ճանապարհին կանգ չառնելով բռնությունների ու սպանությունների առաջ: Ճգնաժամային այդ պայմաններում բացահայտվում է իսկական հերոսի կերպարը, նվիրյալ ռազմիկիՙ ում առաքելությունն էր կանխել մի ամբողջ շրջանի հայաթափումը ու թույլ չտալ հայության կոտորածը: «Ապրիլի 29-ինՙ Կրպեյանի գլխավորությամբ ռազմական խորհրդի վերջին հավաքի ժամանակ որոշվեց ադրբեջանական օմօնականների դեպքում զինված դիմադրությամբ կանխել նրանց մուտքը..., «թուրքը Գետաշեն կմտնի միայն իմ դիակի վրայով», հայտարարեց նա», գրում է հեղինակը: Հետագա գործողություններն ու Թաթուլի հերոսական մահը մեկ անգամ եւս ցույց տվեցին նվիրյալ հայու իսկական կերպարը, «Կրպեյանը գիտակցաբար արեց այդ պահի միակ ճիշտ քայլըՙ իր կյանքի գնով կանխելով Գետաշենի կոտորածը,- գրում է այդ իրադարձությունների ականատես ֆոտոլրագրող Վարդան Հովհաննիսյանը »: «Այսպես ավարտվեց պատմության մեջ չտեսնված, նախադեպը չունեցող մենամարտը աշխարհում ամենահզոր տերության ամենահզոր բանակի դեմ, եւ շնորհիվ այդ աննախադեպ հերոսության սպանդից փրկվեց գրեթե 3500 հայ», այսպիսի գնահատական է տվել կատարվածին գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Իմ բոլոր աղոթքների մեջ ամեն օր կա Թաթուլի անունը,- ասում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,- որովհետեւ մեր ամենաառաջին նահատակներից, ամենաառաջին հերոսներից էր, որ ոգեշնչել է իրենից հետո բազում հերոսների»: |