ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԳՅՈՒՂ Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ունի շուրջ 70 տարվա պատմություն, սակայն հիմնադրման օրվանից այստեղ արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակումՙ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում: Նոր Ազնաբերդում տեղակայվել է 60 LED լուսարձակՙ լուսավորելով ամբողջ գյուղըՙ ավելի քան 2 կմ տարածություն: Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ բնակիչները: «Տեւական ժամանակՙ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ ե՛ւ սահմանապահ, ե՛ւ հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որումՙ էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր: Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է եւ կարեւոր լուծում է ոչ միայն տվյալ գյուղի, համայնքի, այլեւ լայն առումովՙ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսության զարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարեւոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող է լինել նաեւ էներգիայի խնայողությունն ու ֆինանսների տնտեսումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները եւ աշխուժացնելու գյուղի կյանքը: Հիմնականում անասնապահությամբ եւ այգեգործությամբ զբաղվող բնակիչների համար, գյուղի ենթակառուցվածքների զարգացումը կարեւոր է ոչ միայն հարմարավետության, քաղաքակիրթ պայմաններից օգտվելու, այլեւՙ ֆինանսական բեռի կրճատման տեսանկյունից: Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսըՙ թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: |