RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6743, Տպվել է` 494, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԻՐԱԿԱՆՈՒՄ»

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(կամ երկու ֆիլմերի համեմատական վերլուծություն)

«The Daily Beast» պարբերականում այս խորագրի ներքո Մայքլ Դելին չափազանց մանրամասնորեն քննարկում է մեկ ամսվա տարբերությամբ ամերիկյան էկրաններում ցուցադրվող սիրային եռանկյունու վրա հիմնված առաջին համաշխարհային պատերազմի մասին երկու ֆիլմ, որոնցից մեկըՙ առաջինը, մարտին ցուցադրված, իր բնորոշմամբ «թուրքական քարոզչություն» է, իսկ երկրորդըՙ օրերս էկրան բարձրացած, դարձյալ իր բնորոշմամբ «իրական պատմությունն է պետական հովանավորությամբ իրագործված զանգվածային սպանությունների»:

Խոսքն, անշուշտ, «Օսմանցի լեյտենանտը» (The Ottoman Lieutenant) եւ «Խոստումը» (The Promise) ֆիլմերի մասին է: Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով:

«Մեկնաբանություններ ստանալու մեր խնդրանքներին «Օսմանցի լեյտենանտի» ո՛չ ռեժիսորը (Ջոզեֆ Ռուբեն), ո՛չ էլ պրոդյուսերները չարձագանքեցին: Վերջիններիցս միայն մեկըՙ Սթիվն Ջոել Բրաունը («Յոթը» (Seven) ֆիլմի պրոդյուսերը) «Վաշինգթոն փոստի» հետ զրուցելիս ասել էր, որ ֆիլմը «սիրային դասական մի պատմություն է, որի ժամանակաշրջանն ու դեպքերի վայրը ոչ մի անգամ կինոյում չի հայտնվել»: Նա նաեւ թուրքական «Հուրրիեթ Դեյլի Նյուսին» էր ասել, որ «ցանկացել ենք թուրքերի եւ հայերի ընդհանուր տառապանքները ցույց տալ»:

Կարո՞ղ եք պատկերացնել մի պրոդյուսեր, որն ասեր, թե ցանկանում է ցույց տալ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանացիների եւ հրեաների «ընդհանուր տառապանքները», մեկնաբանում է հոդվածագիրը, ավելացնելով, որ միայն սցենարիստ Ջեֆ Ստոքուելը (որին բոլոր չափանիշներով պարկեշտ մարդ է համարում նա) համաձայնվեց զրուցել: «Ես գիտեի այն անհավատալի լարվածության մասին, որ գոյություն ուներ ցեղասպանության թուրքական ժխտողականության վերաբերյալ: Այնպես որ, պրոդյուսերների հետ քննարկելիս որոշեցինք, որ պատմությունը չպետք է նպաստի ժխտողականությանը», ասաց նա:

Նախքան Ստոքուելը կգրեր իր սցենարը «Օսմանցի լեյտենանտը» ֆիլմի համար, մեկ այլ սցենար, գրեթե նույն թեման էր շոշափում, բայց պատմականորեն ավելի ճշգրիտ, ավելի ամբողջական ձեւով: Այն իրավացիորեն պատասխանատվության էր ենթարկում հայերի ցեղասպանությունը հրամայած բոլոր թուրք պաշտոնական անձանց: Դա ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմն էր:

«Այդ ֆիլմի մասին իմացա, երբ վերջացրել էի «Լեյտենանտի» սցենարը: Իմացա, երբ դրա մասին խոսեցին Տորոնտոյի կինոփառատոնի օրերին: Եվ հասկացա այդ եւ մեր ծրագրի առնչության թաքուն կողմը: 2014-ի գարնանը ես հստակ պատկերացնում էի, որ ֆիլմը կթողարկվի Թուրքիայի Առաջին աշխարհամարտի մասնակցության 100-րդ տարեդարձի առթիվ: Բայց 100-ամյակը նշվեց առանց դրա:

Հիմա եմ կարդում մեկնաբանություններ, որ իմ ֆիլմը նպատակ ուներ հարված հասցնելու «Խոստումին»: Ֆիլմի սցենարը ավարտելուց հետո այլեւս գործ չեմ ունեցել դրա հետ: Ինձանից հետո թուրք պրոդյուսերները շատ բան են ավելացրելՙ ցանկանալով, որ իրադարձությունները Վանում տեղի ունենան նախքան ապստամբությունը: Դա հստակ թուրքական «արտադրություն» էր եւ զգացի, որ հնարավոր է քաղաքական կոնտեքստ պարունակի: Հասկացա, թե ուր էր տանում նման վայրի ընտրությունը (ռուսների գալը, եւայլն)», նշում է Ստոքուելը:

Խնդիրն այն է, շարունակում է հոդվածագիրը, որ «թուրքական այդ տարբերակը հստակ տանում էր Ցեղասպանության ժխտմանը»: Վանի ապստամբությունը հուսահատ մարդկանց պաշտպանության գործողություն էր, նման նացիստների դեմ ձեռնարկված վարշավյան Գետտոյինՙ եւ, ինչպես հրեական հոլոքոսթը, հայերի սպանություններն էլ հենց այնպես տեղի չէին ունենում, դրանք սոսկ «մարդկային սարսափելի ճգնաժամեր չէին, այլ կանխամտածված հանցագործոթյուններ թուրքական կառավարության հստակ ու ճշգրիտ հրամանների ներքո» :

Ստոքուելը, ինչպես նաեւ Բրաունը, լավ մտադրություններ են ունեցել, սակայն թուրքական «ES Film-ի» ներգրավվածությունը փոխել է ամեն ինչՙ «ES Film-ը» գործում է Ստամբուլում եւ դրա համահիմնադիրներից մեկը Յուսուֆ Էսենկալն է, որն, ըստ խոսակցությունների, այլ ձեռնարկություններում բիզնես գործընկերն է Բիլալիՙ նախագահ Էրդողանի որդու:

Ռուսներն այս Էրդողան կրտսերին մեղադրում են ISIS-ի հետ նավթային գործարքի մեջ մտնելու համար, իսկ իտալացիները հետաքննում են այնտեղ փողերի լվացման հետ կապված նրա գործերը: «ES Film-ի» մյուս ծրագիրը «Payitaht Abdul-Hamid» խորագրով հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմն է, որի ենթավերնագրերը կարդալով մտածում ես, որ արտադրված է ISIS-ի կողմից:

«Ջիբրալթարիցՙ Ջավա մեկ պետություն, առանց սահմանների», հորդորում է գերագույն առաջնորդը իր հետեւորդներին: «Մի պետություն, որ հավատում է Ալլահին, դա իսլամի պետությունն է, որ գլուխ չի խոնարհում եւ ապրում է խալիֆայության դրոշի ներքո»: Ապա շարունակում է. «Ամենավերջին տեխնոլոգիայով հագեցած զինվորականություն:... Գթության բանակ խաղաղ տարիներին, եւ մահվան բանակՙ պատերազմի ժամանակ: Սա է իմ երազանքը: Եթե դավաճանելու եք այս ճանապարհին, ապա դուրս եկեք այս սենյակից հենց հիմա: Երդվում եմ, այս առաքելությունը մեր պարտականությունն է: Պատերազմը սկսված է», հայտարարում է նա: Խոսքերը թուրքերենով են արտասանված, իսկ հագուկապը ոչ թե ջիհադիստների սովորական համազգեստն է, այլ 19-րդ դարի Օսմանյան կայսրությանը: Խալիֆն էլ Աբու Բաքր Էլ-Բաղդադին չէ, այլ Աբդուլհամիդ Բ-նՙ Թուրքիայի վերջին սուլթանը, որին «Կարմիր սուլթան» են անվանում 1915-ի Ցեղասպանությանը նախորդած հայերի առաջին զանգվածային սպանությունները իրականացնելու համար: Բրիտանիայի նախկին վարչապետերից Ուիլյամ Գլադսթոունը նրան «Մեծ ոճրագործ» է անվանել:

Ֆիլմում իհարկե Աբդուլ Համիդը գազանաբարո չի ներկայացված, ընդհակառակըՙ նա հրաշալի մարդ է, մեծության խորհրդանիշը:

Հայոց ցեղասպանության եւ Աբդուլ Համիդի վերաբերյալ իրական փաստերը շարադրված են «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» հատորում, գրում է հոդվածագիրըՙ մեջբերելով ծավալուն հատվածներ այդ գրքից, որոնցից միայն մեկն ենք թարգմանաբար ներկայացնում այստեղ:

«Պոլսի ոստիկանապետ Բետրին հայտնեց ինձ, թե հայերի խոշտանգումների բոլոր մանրամասնությունները երիտթուրքերի միություն եւ առաջադիմություն կոմիտեի գիշերային նիստերի խորհրդակցության առարկան է: Չարչարանք պատճառելու յուրաքանչյուր նոր մեթոդ ողջունվում էր իբրեւ սքանչելի գյուտ, եւ նիստերին կանոնավորապես ներկա գտնվողները շարունակ մտատանջվում էին որեւէ նոր չարչարանք հնարելու ճիգով: Բետրին նաեւ ինձ հայտնեց, որ նույնիսկ իսպանական հավատաքննության արձանագրությունները եւ չարչարանքի այլ պատմական հիշատակարաններ հետազոտել եւ նրանցում եղած բոլոր նյութերը որդեգրել են»: Ինչ վերաբերում է Վանին, Մայքլ Դելին գրում է, որ դոկտ. Կլարենս Աշերի եւ իր տիկնոջՙ Գրեյս Նապպի կերպարները լավ ներշնչանք կարող են ծառայել պրոդյուսերներին:

Ապա «Օսմանցի լեյտենանտը» ֆիլմում աղավաղումների շարքը մատնանշելով, նա գրում է. «Այնտեղ հայերը ներկայացված են որպես ավազակներ կամ ապստամբներ, իսկ ռուսներըՙ որպես վայրագ տղաներ: Ֆիլմում «ստոր արարածը» պատերազմն է, ժամանակի բոլոր գազանությունների պատասխանատուն: Ոչ մի նշում, որ սպանությունները արդյունք էին կառավարության կողմից լավ մշակված ցեղասպանության: Ոչ մի նշում, որ ենթադրյալ ապստամբությունը օգտագործվեց որպես պատրվակ սպանությունների:

«Խոստումը» ֆիլմը, ի հակադրություն, հավատարիմ է մնում պատմությանը, եւ ներառում է Մորգենթաուի եւ Թալեաթ փաշայի հանդիպումը, որի ընթացքում վերջինս խնդրում է դեսպանից իրեն տրամադրել «New York Life Insurance Company-ի» հայ ավանդատուների ամբողջական ցուցակը:

Երկու ֆիլմերն էլ հիմնված են սիրո եռանկյունու վրա: Երկուսի գործողություններն էլ Թուրքիայի նույն շրջանում են կատարվում: Երկուսում էլ առկա են անմեղ մարդկանց հետապնդման տեսարաններ: Այս բոլորը, սակայն, առավել են ընդգծում պատմողական տեքստի տարբերությունը երկու ֆիլմերում:

«Խոստումը» ֆիլմը «Survival Pictures-ն» է արտադրել, որի հիմնադիրն է հայ գաղթականների զավակ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Կինոընկերության խորհրդանիշը անմոռուկն է:

Ճշմարտությունը միշտ էլ ճշմարտություն կմնա եւ եթե հավատում եք Մորգենթաուի եւ նրա նման նշանավոր ու հավաստի այլ աղբյուրների, ապա «Խոստումը» ճշմարտության կողմն է, անկախ նրանից, թե ով է ֆինանսավորել այն:

«Օսմանյան լեյտենանտի» թողարկումը անցյալ ամիս բոլորովին էլ պատահական երեւույթ չէր: Այն երեք տարով ուշացել էր նշելու Ա. աշխարհամարտին Թուրքիայի մասնակցության 100-ամյակը: «ES Film-ը» խոստացել էր պատասխանել մեր բոլոր հարցերին, բայց այնպես էլ չպատասխանեց մեր ոչ մի հարցին: Միակ անձը, որ պատասխանեց Ստոքուելն էր, որ այժմ վշտացած է, որ իրեն ցեղասպանությունը ժխտողների շարքում են դասում: «Կարծում էի, որ հակա-պատերազմյան սիրո պատմություն եմ ստեղծում, որը մասամբ կթեթեւացնի քրիստոնյա-մահմեդական լարվածությունը: Եթե պրոդյուսերները հակա-հայկական մտադրություններ ունեին, այն լռելյայն էր: Ես չէի զգում: Ներկայացված պատմությունը իմ գրածի հետ առնչություն չունի»:

«Խոստումը», ճիշտ է, ունի սիրային պատմություն, բայց հիմնական կիզակետը ցեղասպանությունն է, որը ներկայացված է որպես ցեղասպանություն :

Ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունն այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել կայսրության վերջին սուլթանի իշխանության օրոք, պետք է գնան եւ տեսնեն «Խոստումը» ֆիլմը, որն արդեն էկրաններում է,- եզրակացնում է հոդվածագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ