RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-04-28 01:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5240, Տպվել է` 452, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎՐԱՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՈՒՐՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում այս ուսումնական տարվա սկզբից դասավանդվում է «Ռուսաստան-Հայաստան. եվրասիական ինտեգրումը աշխարհաքաղաքական կոնտեքստում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» առարկան «Եվրասիական ինտեգրում» համալիր կրթալուսավորչական ծրագրի շրջանակներում: Ուսումնամեթոդական ձեռնարկի միջազգային հեղինակային խումբը (Վլադիմիր Լեպեխին, Սերգեյ Բելյակով, Արամ Սաֆարյան, Աշոտ Թավադյան) ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների եւ թեմայով պարզապես հետաքրքրվողների սեղանին է դրել 12 դասախոսություններից բաղկացած ժողովածու, որը վերջերս արժանացավ ԵՊՀ գիտական խորհրդի հավանությանը եւ երաշխավորվեց դասավանդման համար: Անցած կիսամյակում մագիստրատուրայի «Համաշխարհային քաղաքականություն» բաժնում, իսկ այս կիսամյակումՙ «Միջազգային հարաբերություններ» բաժնում այս առարկան դասավանդելու գործընթացում կազմակերպեցինք նաեւ կլոր սեղանների շարք, որտեղ Հայաստանի եվրասիական փորձագիտական ակումբի հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները գիտափորձագիտական մեկնաբանություններ արեցին բոլոր 12 թեմաների վերաբերյալ: «Եվրասիական ինտեգրում» նորամուտ ծրագրի դասավանդումը ԵՊՀ-ում վերածվեց դասախոսների եւ մագիստրանտների միջեւ մի որակյալ երկխոսության, որն օգնում էր լավագույնս յուրացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության նախապատվելի ուղղություններից մեկը դարձած եվրասիական ինտեգրման գործընթացին մեր մասնակցության օգուտներն ու շահերը հասկանալը: Ստորեւ ներկայացվող վերլուծականը գրվել է ուսանողների եւ երիտասարդ հետազոտողների շրջանում անցած քննարկումների նյութի հիման վրա:

Եվրասիական միասնական տնտեսական եւ ֆինանսական տարածքի մասին

Առանձնապես հարկ չկա մանրամասնելու, որ Հյուսիսային Եվրասիան Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքն է, եւ որ այդտեղ հարյուրամյակներ շարունակ միմյանց կողքին եւ միմյանց մեջ ապրող ժողովուրդները ձեւավորել են քաղաքակրթական արժեքներ, որոնք նրանց միավորել եւ համախմբել են: Մեր ձեռնարկում մենք պնդում ենք, որ Եվրասիա մայրցամաքը կազմում է հինգ քաղաքակրթական ֆենոմենների ամբողջություն. դրանք ենՙ Հեռավոր Արեւելյանը, Մեծ Հինդոստանը, Մեծ Մերձավոր Արեւելքը, Եվրոպան եւ Հյուսիսային Եվրասիան: Մենք կարծում ենք, որ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային եւ այլ պատճառներով Հայաստանի Հանրապետության տեղը Հյուսիսային Եվրասիայի տարածքում է: Ընդ որում, երբ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական եւ ֆինանսական տարածքի մասին, հանդիպում են գրեթե լիակատար ըմբռնմանՙ ցանկացած լսարանում: Երբ մենք խոսում ենք այն մասին, թե Հայաստանի տնտեսական զարգացման միակ ճանապարհը արտահանող երկիր դառնալն է, իսկ արտահանման շուկան նախ եւ առաջ ԵԱՏՄ-ն է, վիճելու առիթ չի լինում: Երբ մենք ասում ենք, որ միասնական հաղորդակցական տարածք ձեւավորելու, միասնական տնտեսական շուկա ստեղծելու, անդամ-երկրների ֆինանսական համակարգերը միավորելու հեռանկարը բխում է բոլորիս շահերից, պատրաստված լսարանը մեզ հասկանում է, որովհետեւ Հայաստանն իբրեւ գազ եւ վառելիք ներկրող երկիր միանշանակ կշահի, եթե հաշվարկները կատարվեն դրամ-ռուբլի ուղիղ փոխարժեքով: Պետք է հասկանալ, որ այդ հաշվարկների միջով է անցնում միասնական տարադրամ ունենալու հեռանկարը: Ռուսաստանի եւ Ղազախստանի անսպառ բնական հարստությունները շատ ուժեղ փաստարկ են ետխորհրդային երկրների միջեւ միասնական տնտեսական-ֆինանսական տարածքում համագործակցությունն ու կոոպերացիան զարգացնելու համար: Անցած երկու տարիների ԵԱՏՄ ցուցանիշները պարզորոշ ցույց տվեցին, որ անգամ ամենավատ կոնյունկտուրայի պայմաններում Հայաստանը զարգանալու լուրջ ու նշանակալից պոտենցիալ ունի: Անշուշտ, այդ պոտենցիալը ավելի վառ կդրսեւորվի, եթե անդամ-երկրները համաձայնեցված եւ հետեւողական պայքար տանեն կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ, ներմուծեն քաղաքակիրթ առեւտրի ժամանակակից առաջավոր մեթոդները: Հայաստանի իշխանությունների որդեգրած «եւ-եւ» քաղաքականությունը, ըստ որի մեր երկիրը ակտիվորեն մասնակցելու է եվրասիական ինտեգրման գործընթացին եւ միաժամանակ զարգացնելու է հարաբերությունները Եվրոպական միության հետ, Մոլդովայիՙ ԵԱՏՄ-ի դիտորդ-անդամ դառնալու փաստից հետո նոր իմաստ սկսեց ձեռք բերել, ինչը նշանակում էր, որ արդեն առնվազն երկու երկիր (Հայաստանն ու Մոլդովան) երկու կողմից փորձելու են համադրել ինտեգրացիոն երկու վեկտորները: Եթե առճակատման եւ քաղաքակրթական բախման մերօրյա իրողություններից հետո Ռուսաստանն ու Եվրոպական միությունը մի օր որոշեն վերադառնալ համագործակցության դաշտ, ապա այսՙ այսօր աննշան թվացող համադրման փորձերը կարող են լուրջ բովանդակություն եւ ուսումասիրության համար հետաքրքրություն ներկայացնող նմուշներ հանդիսանալ:

ԵԱՏՄ-ն իր ծավալման ամեն օրով ապացուցում է Արեւմուտքին, որ եվրասիական ինտեգրացիոն տարածքը մի պարզունակ ու թույլ զարգացած կամուրջ չէ Արեւմուտքի ու Չինաստանի միջեւ, այլ ինքնուրույն տնտեսական տարածք է, որն ունի զարգացման մեծ հեռանկար եւ կարող է էական դեր խաղալ այդ տարածքում բնակվող 180 մլն. մարդկանց կենսամակարդակի բարձրացման գործում: Առայժմ Արեւմուտքը կասկածանքով եւ չկամությամբ է նայում ԵԱՏՄ ուղղությամբ եւ այդ ամենը շատ հասկանալի է: Բայց աշխարհի տասնյակ պետություններ արդեն տեսել ու հասկացել են, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելը մեծ օգուտներ է խոստանում եւ հերթ են կանգնել այդ օգուտները քաղելու համար: Հայաստանի համար վստահորեն կարելի է ասել, որ մեր գիտափորձագիտական հանրությունը եւ հասարակությունն ամբողջությամբ վերցրած ավարտված է համարում բանավեճըՙ ճի՞շտ էր արդյոք, թե սխալ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Հիմա շատ ավելի արդիական ու իմաստալից է քննարկումը, թե ինչպես օգտագործել եվրասիական ինտեգրման ընձեռած հնարավորությունները Հայաստանի զարգացմանը լավագույնս ծառայեցնելու համար:

Միասնական քաղաքակրթական տարածք

Եթե նախորդ հարցում առանձնապես տարաձայնություններ չկան, ապա եվրասիական քաղաքակրթական տարածքին Հայաստանի պատկանելիության հարցում առ այսօր բախվում են տարբեր տեսակետներ: Կան մտավորականներ, ովքեր կարծում են, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է եւ մեր տեղը ազգերի եվրոպական ընտանիքում է: Այս մոտեցումը ունի ուժեղ դրույթներ, բայց նաեւ սկսում է կաղալ, երբ խոսքը վերաբերում է վերջին շրջանում Եվրոպայից եկող եւ մեր հասարակության համար անընդունելի նորամուծություններին: Մերՙ Եվրոպայի անդամ դառնալու հեռանկարն էլ կարծես զգալիորեն մշուշապատվել է այն բանից հետո, երբ, օրինակ, Ֆրանսիայի բնակչության 40% ձայն է տալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին հանդես եկող քաղաքական գործիչներին: Մոտակա տարիներին եվրոպամետների դիրքերը Հայաստանում ուժեղ են լինելու ամեն դեպքում, որովհետեւ նրանք օգտվելու են Արեւմուտքի բազմակողմանի աջակցությունից: Բայց լավ կլինի, որ մեր փոքրիկ երկիրը չդառնա թատերաբեմ աշխարհաքաղաքական նախապատվությունների բախման եւ առճակատման համար: Ուկրաինայի եւ Վրաստանի դասերը լավ սերտելովՙ մեր պրագմատիկ հասարակությունը կարող է օգուտներ փնտրել զուգորդելու աշխարհաքաղաքական վեկտորները եւ դրանք առաջ մղելու առանց միմյանց հետ բախվելու կործանիչ սպառնալիքի:

Մեր հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր համոզված են, որ Հայաստանը ուրույն քաղաքակարթական աշխարհ է, աշխարհասփյուռ հայության սիրտն ու ուղեղը: Այս մարդիկ կարծում են, որ մենք պետք է շատ զգուշորեն բացվենք յուրաքանչյուր օտար ներգործության առջեւ: Նրանք համոզված են, որ մեր ավանդույթները եւ պահպանողական արժեքները գուրգուրանքով խնամելը Հայաստանի ժողովրդի քաղաքակրթական առաքելությունն է աշխարհի հայության առջեւ: Այս խմբի մարդիկ կասկածանքով են վերաբերվում թե եվրասիական տարածքից եկող ազդակներին, թե՛ Եվրոպայից եկող նորամուծություններին, թե՛ բազմաբեւեռ աշխարհի մյուս կենտրոններից եկող տարբեր ուժգնության ազդանշաններին: Մեր հասարակական-քաղաքական եւ մտավորական դաշտի այս սեգմենտը ուժեղ է եւ նրա դիրքորոշումները հարգալից վերաբերմունքի են արժանի:

Բայց մեր ժամանակների առանձնահատկությունն այն է, որ միաբեւեռ աշխարհին ու գլոբալացմանը փոխարինելու է գալիս տարածաշրջանայնացումը (ռեգիոնալիզացիան): Եվ տնտեսական շահերի վրա հիմնված ներդաշնակ քաղաքակրթություններն են միայն ի վիճակի առաջ մղելու տնտեսական զարգացումը, բավարարելու ազգերի եւ նրանց ընտանիքների հոգեւոր-մշակութային պահանջմունքները: Մենքՙ վերոհիշյալ ուսումնական ձեռնարկի հեղինակներս համոզված ենք, որ հարյուրամյակներ իրար կողքի ապրած ազգերը իրենց պատմության ընթացքում ստեղծել են բավարար քանակությամբ անուրանալի արժեքներ, որոնցով կարելի է հպարտանալ: Մեր ժողովուրդներին (մասնավորապես Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին) կապում են միլիոնավոր թելեր եւ մեր այդ դաշինքը ի վիճակի է քաղաքակրթական նոր արժեքներ ստեղծելու: Շատ կարեւոր է, որ անընդհատ պատմությանը հեռահար հայացք գցելու հետ մեկտեղ մեր օրերում եվրասիական ինտեգրման կողմնակիցները մտածեն նոր արժեքների ստեղծման, այդ արժեքները միլիոններին հասու դարձնելու եւ դրանք ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության շտեմարան մտցնելու մասին: Բայց դրա համար մերօրյա եվրասիացիները պետք է հնարավորություն ունենան: Ահա թե ինչու մենք կարծում ենք, որ տնտեսական խնդիրների բարձրացմանն ու լուծմանը զուգահեռ չափազանց կարեւոր է բացառիկ հարգալից վերաբերմունքը մեր ընդհանուր տարածքում ապրող ժողովուրդների կրոնի, մշակույթի, ավանդույթների նկատմամբ: Միաժամանակ շատ կարեւոր է անդուլ փնտրտուքը միավորող արժեքներ ձեւավորելու ասպարեզում:

Այս մեկ տարին, երբ մի քանի տասնյակ ուսանողների եւ ասպիրանտների, բազմաթիվ երիտասարդ գիտնականների հետ մեր աշխույժ շփումերը վառ կերպով ցույց են տալիս, թե ինչքան է մեծացել հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման գիտական իմաստավորման հանդեպ, կարելի է համոզված ասել, որ գալիք տարիներին գործընթացի խորացմանը զուգահեռ այս հետաքրքրությունն ավելի է մեծանալու: Պարզապես լավ կլիներ, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները փոխհամաձայնեցված կերպով մեծացնեին ծախսերը մեր հասարակությունների տարբեր շրջանակներին դեպի ինտեգրման գործընթացը կողմնորոշելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 28-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ