RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 5216, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ

(hինգերորդ մաս)

Հոդվածաշարի նախորդ համարում արդեն անդրադարձել ենք այն փաստին, որ անվտանգային ռազմավարության թիրախը, խաղաղության պայմաններում, պետք է լինի պատերազմը, եւ այն ոչ թե դեպի անխուսափելիությունը տանող ճակատագիր է, այլ կարող է դառնալ զարգացման հզոր խթան, եթե գրագետ կերպով մշակվի եւ իրականացվի անվտանգային ռազմավարությունը: Այդ մշակման հիմքում պետք է լինի թե՛ պետական, թե՛ մասնավոր ողջ համակարգի աշխատանքն անվտանգային ռեսուրսի խորացման ու նոր որակի ստեղծման համար:

Մասնավորապես պետությունը պետք է իր ողջ պետական համակարգը եւ ֆինանսական միջոցներըՙ բյուջեն, ուղղի անվտանգային բաղադրիչի հզորացմանը: Այսինքն այդ հզորացումը, այդ թվում նաեւ պաշտպանական համակարգի, պետք է իրականացվի ոչ թե ռազմական, այլ ողջ պետական բյուջեի հաշվին: Եվ այդ բյուջեով նախատեսված ծախսերի տրամաբանությունը պետք է ուղղված լինի անվտանգային համակարգին: Մասնավորապեսՙ թե առողջապահության եւ թե կրթության կամ ճանապարհաշինական աշխատանքները եւ դրա համար հատկացվելիք ֆինանսական միջոցները այնպես պետք է նախագծվեն եւ իրականացվեն, որ նպաստեն անվտագային ռազմավարության տեսլականից բխող խնդիրների լուծմանը: Սա վերաբերում է թե մասնավոր բիզնեսի զարգացման խթանմանը եւ թե ՏՏ ոլորտի զարգազման տրամաբանությանը, եւ այսպես շարունակ:

Արդյունքում պաշտպանական համակարգի հզորացման համար ծախսվում է ոչ միայն դրա համար պետության կողմից նախատեսված ֆինանսական միջոցները, այլեւ ողջ պետական բյուջեն աշխատում է անվտանգային համակարգի հզորացման համար: Այս պայմաններում պաշտպանական համակարգը իսկապես կարող է դառնալ հզոր «լոկոմոտիվ» երկրի տնտեսությունն առաջ մղելու գործում:

Ի դեպ, համաշխարհային պատմության մեջ նմանատիպ օրինակները շատ են. նույն Խորհրդային Միությունը անցած դարի կեսերի տնտեսական թռիչքի համար «պարտական» է հենց պաշտպանական, իսկ ավելի կոնկրետՙ ռազմաարդյունաբերության ոլորտին, որը լուրջ խթան հանդիսացավ երկրի առաջընթացի համար: Հետագայում այդ փորձը կրկնեցին մի շարք պետություններ եւս, մասնավորապես Իսրայելը, որը պետության զարգացման հիմքում դրեց պաշտպանական համակարգի հզորացման տեսլական: Սակայն, կարեւոր է շեշտել, որ միայն ռազմաարդյունաբերության համակարգի հզորացումը առանց անվտանգության համար կարեւոր մյուս ճյուղերի զարգացմանը դատապարտված է ձախողման:

Այստեղ թերեւս կարեւոր է անդրադառնալ մի խնդրի, որը ռազմավարական նշանակություն ունի վերը նշված համակարգի իրականացման համար: Խնդիրը Ազգային անվտանգություն հասկացության արդի մեկնաբանությունն է, որը վերջին տարիներին ակտիվորեն հրամցվում է որպես գիտական մոտեցում Հայաստանում: ՀՀ ՊՆ Դ. Կանայանի ինստիտուտի կողմից հրատարակված անվտանգային-պաշտպանական բառարանում Ազգային անվտանգությունը սահմանվում է որպես «ռեալ եւ հնարավոր արտաքին ու ներքին սպառնալիքներից անձի, ընտանիքի, հասարակության ու պետության կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանվածության վիճակ: Ապահովում է պետության ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ կարողություններով»:

Նման մոտեցման թերությունն այն է, որ այս մեկնաբանությամբ պաշտպանվածությունը հավասարեցվում եւ ներկայացվում է որպես անվտանգության առանցքային գործոն: Արտաքին եւ ներքին վտանգներից պաշտպանված լինելը դեռ չի նշանակում անվտանգ լինել, այս բառերը` պաշտպանվածություն եւ անվտանգություն, հոմանիշներ չեն: Անվտանգություն հասկացության նման մեկնաբանումը խեղաթյուրում է այս հասկացությունըՙ ստեղծելով խաբկանք, թե ուժեղ պաշտպանական համակարգը անվտանգության երաշխիք է:

Վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ շատ պաշտպանված պետություններ, որոնք ունեին թե՛ արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար մարտունակ բանակ եւ թե ներքին խնդիրների լուծման համար ոստիկանական ու անվտանգության այլ մարմիններ, չեն կարողանում դիմակայել անվտանգային այն մարտահրավերներին, որոնք առաջանում են համաշխարհային զարգացումների արդյունքում: Մասնավորպես նույն ԽՍՀՄ-ի քայքայումը դրա դասական օրինակն էր, երբ միջուկային զենքով զինված բանակը եւ ՊԱԿ-ի ամենահզոր համակարգը ունեցող պետությունը մասնատվեց եւ վերացավ, երբ տեղի ունեցող զարգացումների պայմաններում վերջինիս պաշտպանական համակարգը անզոր գտնվեց նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու գործում:

Նույնը տեղի է ունենում նաեւ վերջին տարիներին, երբ այսպես կոչված, «արաբական գարնան» ազդեցության տակ մեկը մյուսի հետեւից ընկնում էին պաշտպանական հզոր համակարգեր ունեցող պետությունները, անզոր գտնվելով ի հայտ եկող նոր մարտահրավերների առաջ: Այսինքն պաշտպանվածությունը դեռ չի նշանակում անվտանգություն, եթե այդ համակարգը չի զարգանում առկա ու սպասվելիք մարտահրավերներին համահունչ եւ նույնիսկ գոնե կես քայլ առաջ չանցնելով ու չկանխատեսլով նոր ծագող սպառնալիքներն ու մարտահրավերները: Բարձր պարիսպներով ամրոցի բնակչությունը, նույնիսկ պաշարվածության պայմաններում, հնարավոր է եւ որ պաշտպանված է, սակայն անվտանգ չէ:

Այլ կերպ ասած, ազգային անվտանգությունը ոչ թե պաշտպանվածությունն է, այլ նախ եւ առաջ համակարգային զարգացումը, որի հիմքում արտաքին ու ներքին սպառնալիքների կանխատեսումն է եւ դրանց դիմակայելու ու հաղթահարելու գրագետ ռազմավարության մշակումը :

Զարգացում, որը պետք է համահունչ լինի առկա ու սպասվելիք ռիսկերին, սպառնալիքներին, վտանգներին ու մարտահրավերներին, որոնք անընդհատ փոփոխվում են նորանոր խնդիրներ առաջացնելով պետությունների համար: Զարգացման այս տրամաբանությունը եւ ուղղվածությունը հասկանալու համար, ինչպես եւ նշել էինք նախորդ հոդվածներում, պետք է իրականացվի անվտանգային միջավայրի անընդմեջ մոնիտորինգ եւ ըստ դրա էլ կատարվեն փոփոխություններ անվտանգային ռազմավարության համակարգում, որն էլ կնախանշի անվտանգային զարգացման ուղղությունները ու դրանց տրամաբանությունը:

Այս առումով եւս մեկ դիտարկում. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում սկսվեց մեծ տեղ հատկացվել նոր տեխնոլոգիաներին եւ դրանց զարգացմանը, որպես պաշտպանական համակարգի հզորացման հիմք: Այդ գործընթացը սակայն իրականացվում է հախուռն եւ պարզ չէ, թե սպասվելիք ու առկա մարտահրավերների պայմաններում ինչքան արդյունավետ կլինեն դրանք: Հաշվի առնելով ներկայում գիտական մտքի զարգացման տեմպերը այսօր իսկ մշակված տեխնոլոգիաները արդեն մեկ տարի ու նույնիսկ կես տարի հետո կարող են արդեն հնացած լինել ու չհամապաստախանել այն մարտահրավերներին, որոնք անընդմաջ առաջանում են:

Այսինքն ռազմավարական նշանակություն է ստանում զարգացման արդի միտումները կանխատեսելու գործընթացը, որպեսզի տեխնոլոգիաները համապատասխանեն այդ միտումներին: Իսկ այդ միտումները հասկանալու համար հարկավոր է իրականացնել հումանիտար տեխնոլոգիաների զարգացում ու դրանց համար նոր մեթոդոլոգիաների մշակում: Սա մի գործընթաց է, որը Հայաստանում ցավոք սրտի չի իրականացվում: Այստեղ թերեւս որոշակի դրական բացառություն է կազմում Նորավանք հիմնադրամը, որը զբաղվում է այդ տեխնոլոգիաների մշակմամբ: Հումանիտար տեխնոլոգիաների զարգացումները եւ դրանց կիրառումը պետք է նախանշի արդեն անվտանգության ոլորտում տեխնիկական տեխնոլոգիաների զարգացման տրամաբանությունը եւ ուղղվածությունը:

(վերջը` հաջորդիվ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ