ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵՔ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾԱՐՈՒՄ ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ Գ. Մ. Գյումրիում մայիսյան հաղթատոներին նվիրված համաքաղաքային հանդիսություններից հետո ուշագրավ մի միջոցառում էր կազմակերպվել ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում: Ինչպես մասնակիցներին ողջունելով նշեց այս կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , կազմակերպիչներն այն կոչել էին «Երեք պատերազմի մասնակիցների հանդիպում»: Հրավիրվել էին Հայրենական մեծ պատերազմի վետերան, մարտական Կարմիր դրոշի շքանշանակիր, 92-ամյա Վարազդատ Շաբոյանը , Արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման մասնակից Արա Հայրիկյանը եւ ապրիլյան քառօրյա պատերազմում 30 րոպեի ընթացքում հակառակորդի երեք տանկ խոցած, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, 20-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը : Քաղաքի մի խումբ մտավորականների մասնակցությամբ տեղի ունեցած մտերմիկ հանդիպման ընթացքում նրանց արժանի մեծարանքի խոսքեր ուղղվեցին, արվեստի կրթօջախների սաները հանդես եկան ասմունքով ու երաժշտական կատարումներով: Հրավիրյալների եւ հանդիպման մասնակիցների կողմից կարեւորվեց հայրենի հողի պաշտպանության գործում սերունդների շարունակականության ապահովումը: Մեր նոր պատմության հերոսականությունը կերտող երեք սերնդի ներկայացուցիչներին ՌԱԿ մարզային կառույցի ղեկավարը ի հուշ այդ օրվա նվիրեց Հայոց պատմությանը նվիրված գրքեր: |