Regnum-Ի «ՌՈՒՄԲԸ» ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի շուրջ տեղեկատվական պատկերը խիստ քննադատական է: Մամուլում ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետներն անվանվել են «գաստրոլյորներ», ընդգծվել է, որ նրանք «բարձր աշխատավարձ են ստանում, բայց ոչինչ չեն անում»: Պարզ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել նրան, որպեսզի կողմերի միջեւ քննարկվեն իրեն հուզող հարցերը: Այս ֆոնին խիստ ուշագրավ մեկնաբանություն է արել ռուսական Regnum-ը, որը համարվում է ՌԴ ԱԳՆ ոչ պաշտոնական մեդիա-ռեսուրսը: Վերլուծելով ստեղծված իրավիճակը, հրապարակումն ամփոփում է. «Մինսկի խմբի համանախագահները, որ ներկայացնում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պետք է Բաքվին համոզեն հրաժարվելու ուժային ճնշման քաղաքականությունից, իսկ եթե հրաժարվի` նախանշել հակամարտության կարգավորման հեռանկարը` միջազգային հանրության ուժով պարտադրել խաղաղության համաձայնագիր, հրաժարում զինված պայքարից, իսկ հետո ձեռնամուխ լինել կարգավորման մանրուքների շուրջ բանակցությունների: Հնարավոր է, Լեռնային Ղարաբաղին կարելի կլինի ՄԱԿ ԱԽ որոշմամբ տալ ենթամանդատային տարածքի կարգավիճակ, այնտեղ մտցնել խաղաղապահ կորպուս եւ այլն»: Նման ոչ ստանդարտ գաղափար առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ: Եթե դա արվում է հրապարակային ձեւով, կարելի է ենթադրել, որ դիվանագիտական կուլիսներում, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակում, այդպիսի ոչ պաշտոնական քննարկումներ ընթանում են: Դժվար է ասել, որ Regnum-ի տեղեկացվածությունը փաստական հիմքեր ունի կամ ՌԴ ԱԳՆ-ից տեղեկատվական արտահոսք է կազմակերպվել: Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ դա, ինչպես ասում են, «ստուգողական կրակոց» է կողմերի ուղղությամբ` ստուգելու նրանց արձագանքը: Հակամարտության շուրջ երեսուն տարվա ընթացքում Արցախը մեկ անգամ արդեն «ենթամադատային կարգավիճակ» ունեցել է, երբ 1989թ. ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե: Զուտ փորձագիտական հայացքով` ռուսական լրատվամիջոցի տեսլականը հայկական կողմի համար պետք է անընդունելի լինի: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում նույնպես դրանով չեն ոգեւորվի: Այդուհանդերձ, «անկրակ ծուխ չի լինում»: Իսկ եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ԱՄն-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան որոշեն գործի դնել այդ տարբերա՞կը: Դա կնմանվի ռումբի պայթյունի: |