ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՙ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Երեւանի «Քվանտ» վարժարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Շուրջ 12 տարի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը չզիջող ընկերության մասնագետները վարպետության դասընթաց են վարել ՏՀՏ (Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) փորձարարական ուսումնական ծրագրով սովորողների համար: Տեսական գիտելիքներ ձեռք բերած աշակերտներին փոխանցվել են նաեւ գործնական հմտություններ: Տեխնիկական վարչության մասնագետը մանրամասնել է ռադիո հասանելիության ցանցերին եւ փոխկապակցման ենթահամակարգերին առնչվող հարցեր: Ինտերակտիվ շփման, հարց ու պատասխանի միջոցով, աշակերտները ամրապնդել են նախորդ կիսամյակի ընթացքում «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայից ձեռք բերած տեսական գիտելիքները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները համանման դասընթաց են կազմակերպել նաեւ մարզերում. ընթացիկ ամսում Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի աշակերտները եղել են Երեւան-Գյումրի հատվածում տեղակայված արեւային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում: Իսկ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սաներըՙ Լոռու մարզում տեղակայված բազային կայաններից մեկի տարածքում: «Աշխարհում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրատեսական եւ կայուն միջոցը գիտելիքն է: Երբ այդ գիտելիքը հարստանում է նաեւ տարիների փորձով, դառնում է կապիտալ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի հսկայական կապիտալՙ տարիների փորձ, որի հիմքում անընդհատ կատարելագործվող մասնագետների գիտելիքն է: Որպես պատասխանատու ընկերություն, մենք ձգտում ենք չսահմանափակվել առաջատարի դիրքերը պահպանելով: Ձգտում ենք օգտակար լինել զարգացման ներուժ ունեցող երիտասարդությանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ») ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներումՙ Գյումրիի «Ֆոտոն» եւ Երեւանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական եւ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաեւ ՀԱՊՀՙ Երեւանի տարածքում գործող ավագ դպրոցում: |