RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 24548, Տպվել է` 2988, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԿԻՆ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ «2» Է ՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ԱԳՆ-ն որպես պատիժ թող 100 անգամ գրիՙ Կարբախալ Գարատե Խոսե Իգնասիո

Հունիսի 27-ը Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթի համար թերեւս ամենահիշարժան օրերից մեկը դառնա: Համենայնդեպս այդ օրը տիկին դեսպանն այնքան է զարմացել, որ ուշադրություն չի դարձրել անգամ այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ Թագավորական գվարդիայի հրամանատար է նշանակվել կինՙ Կանադայում ծնված Մեգան Կուոտոն: Բանն այն է, որ դեպան Ֆարնուորթին այդ օրը ՀՀ ԱԺ-ում հյուրընակել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջՙ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ խորհրդարանական կապերի եւ դիվանագիտության զարգացմանը, կարեւորել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության մակարդակի բարձրացումըՙ միջխորհրդարանական կառույցներում, հատուկ շեշտել են երկկողմ խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվացման անհրաժեշտությունը եւ անդրադաձել են անգամ տարածաշրջանային համագործակցությանը: Տիկին դեսպանն այս բոլոր դեպքերում ընդհանուր առմամբ համակարծիք է եղել պարոն Աշոտյանի հետ, նույնիսկ շնորհավորել է վերջինիսՙ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին ընտրվելու համար:

Զարմանքը սկսել է այն պահից, երբ Աշոտյանը սկսել է խոսել ԼՂ հակամարտության կարգավորումից: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այս առիթով բրիտանացի դեսպանին բառացիորեն ասել է. «Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունքՙ տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը»: Ավելին, Աշոտյանը բարձր է գնահատելՙ «Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը Շոտլանդիայի անկախության հանրաքվեին» եւ հույս է հայտնել, որ «ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիությունն ի վերջո ընկալելի կդառնա նաեւ Ադրբեջանի համար»:

Ես անկեղծ ասած դժվարանում եմ ասել, թե ո՞վ է պարոն Աշոտյանին հուշել, որ հենց բրիտանացի դեսպանի հետ խոսի շոտլանդական անկախության հանրաքվեից, մանավանդ, որ այն տապալվեց, իսկ Շոտլանդիայի գործող առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ չի պատրաստվում «մոտ ժամանակներս» նոր հանրաքվե անցկացնել: Բայց ես հրաշալի պատկերացնում եմ, թե որքան է զարմացել ինքնորոշման իրավունքի կիրառելիությունից ամենեւին էլ չոգեւորված Մեծ Բրիտանայի դեսպանը, երբ Աշոտյանից լսել է այս խոսքերը: Խնդիրն այն է, որ Լոնդոնի վերաբերմունքը շոտլանդական անկախությանը եղել եւ մնում է խիստ բացասական, առաջՙ ավելի անհանդուրժողական եւ դաժանության միտված, ինչից, ի դեպ, շոտլանդացիները հորինել են «շուն անգլիացիներ» բառակապակցությունը, հիմա ավելի ժողովրդավարական, ինչը չի նշանակումՙ պակաս անհանդուրժողական: Մասանավորաբար, երբ Շոտլանդիան, այն ժամանակվա առաջին նախարար Ալեքս Սելմոդի ղեկավարությամբ անկախության հանրաքվեի մասին հայտարարեց, Լոնդոնըՙ ի դեմս վարչապետ Դեւիդ Քեմերոնի, թեեւ համաձայնագիր ստորագրեց Սելմոնդի հետՙ անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, սակայն բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձում էր առավելագույնըՙ կասեցնել այդ գործընթացը, նվազագույնըՙ շոտլանդացիներին կողմնորոշել դեպի «չանկախություն»: Իմիջիայլոց, հենց Լոնդոնի ջանքերով 2012-ի հունիսի 1-ին Շոտլանդիայում ստեղծվեց «Ավելի լավ է միասին» քաղաքական միավորումը, որը, դատելով անվանումից, հասկանալի է, թե ինչ էր քարոզում անկախության հանրաքվեի գնացող շոտլանդացիներին: Միավորումը գլխավորում էր Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի նախկին կանցլեր, ազգությամբ շոտլանդացի Ալիստեր Դարլինգը, ում, ի դեպ, աջակցություն էին հայտնել Բրիտանիայի Պահպանողական, Լեյբորիստական եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, այլ կերպՙ պաշտոնական Լոնդոնը: Անձամբ թագուհին ուղերձով հանդես եկավ, որտեղ հատուկ շեշտեց Միացյալ Թագավորության անքակտելիության կարեւորությունը: Ի դեպ, Եղիսաբեթ Երկրորդի ուղերձն ուղղված չէր բացառապես շոտլանդացիներին, նա խոսում էրՙ բրիտանացիների հետ:

Արդյունքը բոլորս գիտենք. անկախությանն «այո» ասաց շոտլանդացիների 44,70 տոկոսը, «ոչ» ասացՙ 55,30 տոկոսը, եւ Շոտլանդիան որոշեց, որ ավելի լավ է միասին:

Այս ամենը տիկին Ջուդիթ Ֆարնուորթը հաստատապես ավելի լավ գիտի, հրաշալի է հիշում, առավել մանրամասնություններով, եւ դա բնական է: Եւ ուրեմն բնական է, որ տիկին դեսպանը, երբ Աշոտյանից լսել է Շոտլանդիա-Արցախ զուգահեռի մասին, պետք է աչքերը լայն բացեր, կամ գոնեՙ դիվանագիտորեն ժպտար: Ցավոք այդ պահին բրիտանացի դեսպանին ոչ ոք չի լուսանկարահանել, եւ նրա դեմքի արտահայտությունը ոչ ոք չի ֆիքսել: Փոխարենը հայտնի է, որ տիկին դեսպանը Աշոտյանի ամեն մի մտքից հետո ասել է իրենը, իսկ երբ Աշոտյանը խոսել է Արցախից ու շոտլանդացիներից, Ջուդիթ Ֆարնուորթը լռել է: Հետո, արդեն դեսպանատանը, ժամը 17:00-ի ավանդական թեյի սեղանի շուրջ, դեսպանատան բրիտանացի աշխատակիցների հետ գուցե մի լավ ծիծաղել են, չմոռանալով Լոնդոն տեղեկություն ուղարկել, որ Արցախի անկախությունը թույլ տալը նշանակում է Շոտլանդիայի անկախության թույլտվություն, ինչը միշտ էլ անթույլատրելի է եղել Լոնդոնի համար:

Իսկ պարոն Արմեն Աշոտյանը մոտ ժամանակներս հավանաբար ընդունի մեր երկրում Իսպանիայի Թագավորության դեսպանին եւ նրան ասի, որ Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունքՙ տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Կատալոնիայի եւ Բասկոնիայի ժողովուրդները: Լավ է, որ մեր երկրում Իսպանիայի դեսպանՙ Կարբախալ Գարատե Խոսե Իգնասիոյի նստավայրը Երեւանում չէ, այլՙ Մոսկվայում եւ մոտ ապագայում նման հանդիպում հազիվ թե լինի, թե չէ իսպանացիներն, ի տարբերություն անգլիացիների, տաքարյուն են, կարող են չդիմանալ ու մի բան ասել:

Իմիջիայլոց, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի «Դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում» բաժնի «Իսպանիա» անվան տակ, մեր երկրում Իսպանիայի դեսպանի անունը գրված էՙ Ն. Գ. , ինչը ենթադրում եմ, որ նշանակում էՙ Նորին գերազանցություն: Նշված է նաեւ, որ Ն. Գ.-ն նստում է Մոսկվայում, Մեծ Նիկիտսկայա փողոցում տեղակայված դեսպանատան շենքում, նշված են նաեւ հեռախոսահամարները եւ ֆաքսի համարը, եւ հավանաբար ՀՀ ԱԳՆ-ում չկա մեկը, ով զանգահարի այդ հեռախոսահամարներով, որպեսզի ճշտի, թե ի՞նչ է մեր երկրում Իսպանիայի դեսպանի անունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ