RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 20490, Տպվել է` 2913, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ ՍԻՄՈՆ

Հ. ԱՖՅԱՆ

Ուռա-հայրենասերների վտարումը սոցցանցերից հանկարծ չբերի՞ հայրենասիրության իսպառ բացակայությանՙ նույն այդ ցանցերում: Ամեն դեպքում, հաշվի առնելով մեր ազգային հատկանիշներն ու հայրենասիրության բնագավառում ցուցաբերած դարավոր ապրումածին յուրահատկությունները, նման վտանգ կա. եթե չի կարելի դրսեւորել ուռա-հայրենասիրություն, ուրեմն առհասարակ հայրենասիրության դրսեւորում չի կարելի: Ինչպես, օրինակ, եթե չես սիրում Երեւանի Էրեբունի վարչական շրջանը (օրինակ), ուրեմն չես սիրում ամբողջ Երեւանըՙ Կասկադն ու Աբովյան փողոցը ներառյալ:

Ամեն դեպքում ես ուռա-հայրենասիրության մեջ վատ բան չեմ տեսնում: Մանավանդ հիմա, երբ ազգ-բանակ ենք դառնում (խոչընդոտներով լի ճանապարհին ենք), իսկ ազգում միշտ լինում են ամենատարբեր մարդիկ: Թող գոռան ուռա, թող Բաքվում թեյ խմեն, թող Սասունի Թոնդրակ գյուղում քոչարի պարեն, ինչպես Շուշիում են պարել, կամ Բեռլինում, երեւի... Ե՞ւ, դրանից մեր դիրքերը պահող տղերքի հայրենասիրության մակարդա՞կն է իջնելու, ինչպես հունիսի 22-ին Երեւանում ջերմաստիճանն իջավ, թե՞ մենք ենք ազգովին նետվելու Բաքու, չմոռանալով մոտներիս դրամը վերածել մանաթի, որ այնտեղ վճարենք թեյի համար (ի տարբերություն ադրբեջանցիներիՙ մենք հո գող չե՞նք, որ չվճարենք): 100 ուռա-հայրենասերի կողքին միշտ էլ կգտնվեն տասը սովորական հայրենասերներ, կամ ինչպես Իլհամ Ալիեւն է համարվումՙ ռացիոնալներ, որոնք չեն նետվի Բաքու, շարունակելով այստեղ մնալով սիրել հայրենիքը եւ ամենակարեւորըՙ այդ հարյուրը միշտ էլ բղավելու են, սակայն անելու են այն, ինչ իրենց ասում են զուգահեռ ապրող այդ տասն:

Ուրեմն ինչո՞ւ նեղացնել բղավող մարդկանց, առավել եւսՙ ինչո՞ւ վտարել նրանց սոցցանցերից: Այդ ո՞ր երկրում նրանցից չկան, կամ այդ ո՞ր երկրում է, որ պաշտոնական տեսակետները նրանց են ասում, որ բարձրաձայնեն, քանի որ պաշտոնական տեսակետների բարձրաձայնումը, այն էլ պատերազմող երկրներում, հաճախ մահացու վտանգավոր է պաշտոնների տեր մարդկանց համար:

Իհարկե ուռա-ները պատերազմից բան չեն հասկանում, հաճախՙ հայրենիքից էլ, քանի որ դրա սահմաններից հարյուրավոր մղոններ հեռու են ապրում, չեն կարող անգամ մեկ րոպեում ԱԿ-74 քանդել-հավաքել, ականը դնում են պահածոյացված ձկան տարայի տեղ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ իրավունք չունեն խոսելու (եւ այնպես, ինչպես իրենք են կարողանում), երբ սահմանին մեր տղերքն են զոհվում, այն նույն տղերքը, որոնց միանում է ամբողջ ազգը (Գլենդեյլից-Սիդնեյ), որպեսզի ազգ-բանակ դառնա:

Իսկ մասնագետները, նկատի ունեմՙ ռազմական գործի, այսպես կոչված պատերազմագետները, որոնք հարյուրավոր են միայն Հայաստանում, ավելի ճիշտՙ Երեւանում, բայց որոնք ավելի քիչ բան գիտեն պատերազմի մասին, քան արցախցի 14-ամյա պատանին, եթե անգամ իրենք 14 տարուց ավել է, ինչ պատերազմ են ուսումնասիրում, կարող են հանգիստ թեյ խմելՙ իրենց տանը, շարունակելով իրենց մասնագիտական գործունեությունը: Սահմանին կանգնած մեր տղերքը անհամբեր սպասում են այդ վերլուծություններին, որ հասկանան, թե ինչ է կատարվում, տեղումՙ չեն հասկանում, որտեղի՞ց հասկանան, իրենք հո չգիտե՞ն, թե որտեղ են գտնվում, այդ մեր մասնագետները գիտեն, թե որտեղ են նրանք գտնվում, ինչ պետք է անեն, ինչպես ու երբ:

Ու ես չգիտեմ, թե ո՞վ է ավելի վտանգավոր. շուկայում կանաչի վաճառող թրաշով Սիմո՞նը, որը կողքի բանջարեղեն վաճառողներին ամբողջ օրը կոչ է անումՙ հասնել Բաքու եւ այնտեղ կոտրել բոլոր թեյարանների պատուհանները, թե՞ լուրջ մասնագետ պարոն Սիմոն Սիմոնյանը, որն ամեն օր սափրվում է, ապա նստում իր համակարգչի առջեւ եւ ուսումնասիրելով սահմանին տիրող իրավիճակը, այդ սահմանից կիլոմետրեր հեռու, գրում իր հերթական վերլուծությունն այն մասին, թե ինչ արժի թեյը... Բաքվի թեյարաններում... Ամեն դեպքում կանաչի վաճառողը հասարակական կարծիք չի ձեւավորում, այդքան ուժ չունի, կշիռ չունի, ունեցածը մի կշեռք է, այն էլՙ հաճախ խաբող, իսկ մասնագետ Սիմոնյանը ձեւավորում է... Ու այս սիմոնները ազգ-բանակի միջի ազգն են, որի որդիները կանգնած են առաջնագծում, որոնց ամիսը մեկ կանաչի վաճառող հայր Սիմոնը թարմ կանաչի է ուղարկում, որ զինվոր-տղերքով ուտեն, իսկ փորձագետ հայր Սիմոնը թարմ վերլուծություն է ուղարկում, որ տղերքը հասկանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ