RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 13548, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵԼ

Պ. Ք.

Անկարան օգնո՞ւմ է Մոսկվային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս հանդես եկավ կարեւոր հայտարարություններով: Դրանցից առաջինն արվեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Դրիանի Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Լավրովի խոսքերը ուշադրություն գրավեցին Սիրիայում ռազմական գործողությունների առնչությամբ նրա արտահայտած անչափ անկեղծ մտքերի պատճառով: «Այնտեղ իսկապես խիստ նեղվածք է թե՛ օդում եւ թե՛ ցամաքում: Այնտեղ շատ են մարտական գործողությունների մասնակիցները. դրանք թե՛ Սիրիայի զինված ուժերն են, եւ թե՛ այսպես կոչված կառավարամետ ուժերը, այդ թվում իրանցիների աջակցությունը վայելող «Հզբոլլահը»: Այնտեղ կան նաեւ զինված ընդդիմություն, ինչպես նաեւ ահաբեկիչներ: Այնտեղ կան թուրք զինվորականներ, կան նաեւ Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի ամբողջ շարք երկրների հատուկ ջոկատներ: Կան նաեւ ՌԴ օդատիեզերական ուժերի եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմօդանավեր»,- ասաց Լավրովը:

Պարտադիր չէ ռազմական փորձագետ լինել, որպեսզի հասկանանք, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի կարգախոսը չի բացառում Սիրիայում բնույթով եւ ուղղվածությամբ տարբեր հակամարտությունների գոյությունը, եւ դա տարածաշրջանում ստեղծում է լարվածության հավելյալ առանձնահատուկ տարրեր: Այնուհետեւ ռուսաստանցի նախարարն ասաց, որ եթե հաջողվի իրականացնել Սիրիայում լարվածության մեղմացմանն ուղղված նախաձեռնությունը, ապա Սիրիայի ճգնաժամի ամբողջ ընթացքում առաջին անգամ կհաջողվի երկրում տարանջատել ընդդիմությանը եւ ահաբեկիչներին: Ընդսմին նա հատկապես ընդգծեց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի գործադրած ջանքերը: Նրանց նպատակը կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցումն է:

Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների ստեղծման նախագծի իրականացումը կապված է որոշակի խնդիրների հետ: Սերգեյ Լավրովը դրանք ուրվագծեց արդեն Լիբանանի Առաջադիմական-սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ուալիդ Ջումբլաթի հետ հանդիպման ժամանակ: Լավրովի խոսքերովՙ Սիրիայի հակամարտության գլխավոր արտաքին խաղացողները հավանություն են տալիս այդ երկրում լարվածության մեղմացման գոտիներ ստեղծելու գաղափարին, սակայնՙ դարձյալ այն պայմանով, որ նման աջակցության շարունակման դեպքում կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր լինի ամրապնդել: Ճիշտ է, Լավրովը չնշեց, թե Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իրանից բացի ինքը ում է համարում Սիրիայի հակամարտության գլխավոր արտաքին խաղացողներ:

Որոշ պարզություն ի հայտ եկավ Թուրքիայի կողմից տեղեկատվական արտահոսքի կազմակերպումից հետո, որը վերաբերում էր Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների շուրջ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյեվի հետ կայացած բանակցություններին: Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեջբերեց Ռիա գործակալությունը. Մշակվում է մեխանիզմ, որի շրջանակներում հնարավոր է, որ Իդլիբ նահանգում լինեն մեր եւ Ռուսաստանի զինվորականները, Դամասկոսի շրջակայքումՙ Ռուսաստանինը եւ Իրանինը, հարավումՙ Դերաայի շրջանում, հորդանանցի եւ ամերիկացի զինվորականները: Ըստ որում Լավրովը մանրամասնեց, որ Սիրիայում լարվածության մեղմացման գոտիներ ստեղծելու Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախաձեռնությունը երկու շաբաթ հետո կքննարկվի Աստանայում: Բայց թուրքերը էլ ավելի հեռուն գնացին:

Քալինին վկայակոչելովՙ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, որ «գոյություն ունի Ռուսաստանի առաջարկություն, ըստ որի Սիրիա պետք է ուղարկվեն նաեւ ղազախ եւ ղրղզ զինծառայողներ»: Դա որոշ շփոթություն առաջացրեց ռուսաստանցի քաղաքական գործիչների շրջանում: Այսպես, Դաշնության խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցեվիչը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ նախ եւ առաջ, Սիրիայի տարածքում ռուսական զորքերի համալրման անհրաժեշտություն գոյություն չունի: Երկրորդ, մեկնաբանելով Ղազախստանից եւ Ղրղզստանից այնտեղ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը, չբացառեց, որ նման հարցերը կարող էին քննարկված լինել ՀԱՊԿ շրջանակներում, սակայն Ռուսաստանը չի կարող միջամտել այդպիսի հարցերին: Միեւնույն ժամանակ առկա է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Շամանովի այն հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ:

Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում նշում է, որ Սիրայում Քալինի ուրվագծած լարվածության մեղմացման գոտիների քարտեզը ամբողջությամբ համընկնում է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած քարտեզին, բայց առանց նշելու Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի կամ Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված այլ երկրների անունները: Դա պահանջում է հատուկ վերլուծություն: Չէ որ, ըստ թուրքական տարբերակի, Սիրիայի հարավային սահմանամերձՙ Դերաայի շրջանում կարող են հայտնվել ամերիկացիներ եւ հորդանանցիներ: Բայց սա տարօրինակ է թվում, քանի որ ռուսաստանցի բազմաթիվ ռազմական փորձագետներ եւ մեկնաբաններ ընդգծում են, որ Դերաայի շրջանում մղվող մարտերը ունեն երկրորդական նշանակություն եւ առանձնապես չեն ազդում սիրիական պատերազմի ընթացքի վրա:

Մեկ ուրիշ հարց է առաջացնում Իրանի ներկայությունը: Ավելի վաղ Իսրայելն արդեն մտահոգություն էր արտահայտել սիրիա-իսրայելական սահմանի մոտակայքումՙ հարավային Գուտայի շրջանում իրանցի դիտորդների հնարավոր ներկայության կապակցությամբ: Նաեւ տարածված է այն կարծիքը, ըստ որի ամերիկանցիները փորձում են չեզոքացնել Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-«Հզբոլլահ» առանցքը, ինչը ԱՄՆ-ին հնարավորություն կտար վերահսկողության տակ առնելու սիրիա-իրաքյան սահմանը:

Վերջին հաշվով կարող ենք ասել հետեւյալը. Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների ստեղծման նախագիծը էլ ավելի է համախմբում Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին, որոնք ներկայումս այնուամենայնիվ հանդես են գալիս որպես որոշումների ընդունման գլխավոր կենտրոն: Մասնավորապես ուրվագծվում է Թուրքիայի հետ միասին Ռուսաստանի ներկայությունը Իդլիբ նահանգում, որն անմիջականորեն հարում է Թուրքիայի սահմանին: Հնարավոր է, որ համանման ինչ-որ բան տեղի ունենա նաեւ Դեյր-էզ-Զորում: Սիրիայում իրենց ներկայության օրինականացումն են ստանում ԱՄՆ-ն եւ Հորդանանը, Աստանայի գործընթացից առայժմ դուրս են մնում Պարսից ծոցի միապետությունները:

Դեռ շատ անելիքներ կան: Ինչպես ընդգծեց Լավրովը, Սիրիայի հարցով Աստանայում հուլիսի 4-5-ը նախատեսված բանակցությունների հերթական փուլում պետք է «համաձայնեցվեն լարվածության մեղմացման գոտիների երկայնքով ստեղծվելիք ռեժիմի ապահովման դրսեւորումների կոնկրետ պարամետրերը»: Աստանայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտյեվը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է իր դիտորդներին գործուղել լարվածության մեղմացման գոտիներ: Նրա խոսքերովՙ հնարավոր է նաեւ այլ երկրների մասնակցություն, բայց ընդհանուր համաձայնության հիման վրա:

Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին նույնպես հաստատել է, որ Իրանը պատրաստ է իր դիտորդներին Սիրիա գործուղել համապատասխան համաձայնության ձեռքբերման դեպքում: Ըստ երեւույթին, Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերը սկսում են փոխել այդ երկրում իրենց ռազմարշավի հայեցակարգը: Գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են: Շուտով ի հայտ կգա այն հարցը, թե ով է վերահսելու Սիրիայում ներկայումս «Իսլամական պետությանը» ենթակա տարածքը, երբ ջիհադիստները դուրս մղվեն այնտեղից: Հարեւան Իրաքի օրինակը ցույց է տաիս, որ համաձայնության հասնելը հեշտ չի լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ