ՊՈՒՏԻՆԸՙ ՋԱՀԵԼ, ԲԱՅՑ ՀԱՍՈՒՆ ՀԵՏՆՈՐԴԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Լրագրողների ու հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ Վլադիմիր Պուտինի վերջինՙ թվով 15-րդ հրապարակային ուղիղ հեռուստահանդիպումից հետո հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցներում լայն քննարկման առարկա դարձավ երկրի ղեկավարի հետնորդի հարցը: Տարբեր առիթներով Պուտինը հայտարարել է, որ չի բացառում իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին: Իսկ երբ նրան անմիջականորեն հարցնում են, այդ թվում նաեւ վերոնշյալ միջոցառման ժամանակ, հավանական «գահաժառանգի» մասին, նա կոնկրետ անուններ չի տալիս, հաճախ է ասում, որ կուզենար ի դեմս իր հետնորդի տեսնել «ջահել, բայց հասուն» անձնավորության: Հետաքրքրական է, որ փորձագետները հավանական թեկնածուների մեջ չեն տալիս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի անունը: Ավելին, քաղաքականագետներից մեկը նույնիսկ զավեշտի էր վերածել այս պարագան, նշելով, որ հավակնորդը պետք է ունենա Սերգեյ Լավրովին բնորոշ որոշ հատկանիշներ եւ չունենա որոշ հատկանիշներ, որոնք բնորոշ են Դմիտրի Մեդվեդեւին: Եթե Հայաստանում ծուլորեն երազում են իշխանափոխության մասին, ապա չի կարելի ասել, թե ռուսաստանյաց ժողովուրդը տենչում է գահին տեսնելու նոր լիդերի: Բնավ: Ի տարբերություն Հայաստանի, Պուտինը վայելում է իր ժողովրդի վստահությունը: Որպես ղեկավար նա հաստատել է իր գործունեության արդյունավետությունըՙ ելցինյան քայքայված ու կործանվող երկիրը դարձնելով վերածնվող գերտերության: Մտածո՞ւմ է Պուտինը հետնորդի մասին: Անշուշտ, եթե նույնիսկ, ինչպես ասվեց, աչքի առաջ ունի նախագահական եւս մի ժամկետ: Փորձագետները, ոչ Պուտինը, թեկնածուների շարքում տեսնում են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, առաջին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին եւ այլոց: Սակայն Պուտինը Պուտին չէր լինի, եթե ավելի հեռատես չգտնվեր: Եվ այս իմաստով ռուսաց գահի «ամենաէկզոտիկ» հավակնորդներից մեկը դառնում է Տուլայի նորընծա նահանգապետՙ 45-ամյա Ալեքսեյ Դյումինը: Ի՞նչու հենց նա, ինչո՞ւ են շատ քաղաքագետներ ուշադրություն հրավիրում «լայն հասարակայնությանը» նվազ հայտնի այս անձնավորության վրա: Այս տարվա փետրվարի սկզբին Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսեյ Դյումինին նշանակեց Տուլայի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար: Մինչ այդ այս մարդու անունը բացառապես կապված է եղել ռուսաստանյան հատուկ ծառայությունների ու բանակի հետ: Պուտինը նրան մոտիկից գիտե, քանզի Դյումինը եղել է նախագահի անվտանգության ծառայության, պահպանության դաշնային ծառայության երեւելի դեմքերից մեկը, գլխավորել է մի շարք գաղտնի ուժային կառույցներ: Որպես բանակի գլխավոր հետախուզական վարչության հատուկ գործողությունների ուժերի հրամանատար առանցքային դեր է խաղացել Ղրիմի վերամիավորման գործում («հարգալից անձ» է): Պուտինը նրան էր վստահել գահընկեց արված Վիկտոր Յանուկովիչի փրկման գործողությունը: Ռուսաստանի Դաշնության հերոս է, գերկրթված անձնավորություն, քաղաքականագիտության թեկնածու: Ուշադրություն հրավիրենք նաեւ հետեւյալ պարագայի վրա: Ռուս նացիոնալիստների կարծիքով, Ռուսաստանի քաղաքական վերնախավում գերիշխում է երկու ուղղությունՙ պետականամետ եւ լիբերալ (հրեամասոնական): Եթե առաջինները գործում են ի շահ ռուսական պետականության ամրապնդման ու հզորացման, ապա երկրորդների նպատակն է Ռուսական աշխարհի հնարավորինս թուլացումը: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ Պուտինը պաշտպանության փոխնախարարին երաշխավորեց ընդամենը նահանգապետի պաշտոնի համար, թեեւ Տուլան միշտ էլ հայտնի է եղել իր եզակի ռազմական արդյունաբերությամբ: Բանն այն է, որ Դյումինը միշտապես աշխատելով գաղտնի ծառայություններում, երբեք չի զբաղվել քաղաքականությամբ: Նահանգապետի պաշտոնը նրան հնարավորություն կտա փորձ ձեռք բերելու նաեւ գործնական քաղաքականության, տնտեսության ասպարեզում: Եթե որոշ ժամանակ անց Դյումինը հայտնվի որեւէ դաշնային մակարդակի պաշտոնում, ասում են քաղաքագետները, ապա Պուտինի հետնորդ դառնալու վարկածը նոր լիցք կստանա: Հետաքրքրական է, որ նույնիսկ սոցցանցերում գրեթե բացակայում է Դյումինին հեղինակազրկող որեւէ լրատվություն: Լիբերալները մտավախություն են հայտնում, որ եթե Շոյգուի, Դյումինի նման մարդիկ հայտնվեն երկրի բարձրագույն պաշտոնում, ապա դա կնշանակի, որ պետության կյանքում խիստ կմեծանա զինվորականների դերը, կտուժի «դեմոկրատիան», նոր թափ կստանան Ռուսաստանը ոտքի կանգնեցնելու, ազգային շահերն արմատապես պաշտպանելու ջանքերը: Ոչ ոք չի կարող ասել, թե երբեւէ Դյումինը կդառնա՞ Ռուսաստանի առաջին դեմքը: Սակայն կարելի է վստահորեն ասել, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը իրոք փնտրում է արժանավոր հետնորդի: Տվյալ դեպքում հովանովորյալը ջահել է, հասուն, կրթված, կոփված, վստահելիՙ նվիրված ռուսական պետության ու ռուս ժողովրդի շահերին: Ցավալի է, որ Սերժ Սարգսյանը Պուտինի պես չի դիմում հրապարակային ուղիղ հեռուստահանդիպումների հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Հակառակ դեպքում նրան էլ կարելի էր հարցնել, թե ունի՞ նա հայոց գահի հավակնորդի իր թեկնածուն: Նկար. Ալեքսեյ Դյումին |