ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային հատվածում Ադրբեջանը հերթական անգամ սրել է իրավիճակը: Հայկական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել: Ադրբեջանը հայտարարել է Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակչի զոհվելու մասին: Հավանաբար, կորուստներ է կրել նաեւ հակառակորդի զինուժը, որի մասին Բաքվում գերադասում են չխոսել: Նպատակը ոչ միայն փաստը թաքցնելն է, այլեւ կատարվածը որպես մարդասիրական աղետ եւ հայկական կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտում ներկայացնելն է: Դրան է լծվել ադրբեջանական դիվանագիտությունը: Այս համապատկերին մամուլի համար հայտարարություն է արել նաեւ նախկին նախագահ Մութալիբովը: Նրա խոսքերով` «Բաքուն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Սարգսյանի ռեժիմը պատժվի ադրբեջանական ժողովրդի հանդեպ գործած հանցանքների համար»:(https://haqqin.az/news/104360) Մութալիբովը սուր քննադատության է ենթարկել միջազգային հանրությանը, որը «ոչ մի կերպ չի ուզում տեսնել ապօրինությունները»: Նրա կարծիքով, միջազգային հարցերի «դիվանագիտական կարգավորումն, իհարկե, լավ է, բայց Հայաստանը տվյալ դեպքում Ադրբեջանին այլ հնարավորություն չի թողնում, եւ մենք պետք է վառոդը չոր պահենք: Ադրբեջանական բանակը պետք է ապացուցի, որ ունակ է պաշտպանել երկիրը, քաղաքացիների անվտանգությունը»: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում սեւեռուն ուշադրությամբ սպասում էին նման միջադեպի կամ, թերեւս, նախապատրստել են այնպիսի իրավիճակ, երբ ռազմական նշանակության օբյեկտը քողարկվել է քաղաքացիական բնակչությամբ, որպեսզի հավանական կորուստների դեպքում խնդիրը միջազգայնացվի որպես «հայկական կողմից խաղաղ բնակչության սպանություն»: Կատարվածն, անշուշտ, պետք է ենթարկվի համակողմանի ուսումնասիրության, հայկական կողմը միջազգային հանրությանը կներկայացնի անհերքելի ապացույցներ, որ նախահարձակ գործողությունների դիմել է Ադրբեջանը, ինչին հետեւել է պատասխան: Թերեւս արժե ցավել քաղաքացիական անձանց, մանավանդ երկամյա երեխայի մահվան համար, բայց կատարվածի պատասխանատուն Ադրբեջանն է, որն իր բնակչությանն օգտագործում է կենդանի վահանի տեղ: Եւ եթե ինչ-որ մեկը պետք է արդարադատության առջեւ պատասխան տա, ապա դա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, որը շփման գծում քաղաքացիական բնակավայրերը վերածել է ռազմականացված հենակետերի եւ սադրիչ գործողություններով ստիպում է, որպեսզի հայկական կողմը դիմի պատասխան քայլերի: Ընդհանուր առմամբ, կարծես, սա է երեւույթի բացատրությունը: Բայց հարկ է ուշադրության առնել մի էական հանգամանք: Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ է կապվում 1991թ. ապրիլ-հուլիս-օգոստոս ամիսներին Արցախում իրականացված «Կոլցո» հատուկ ռազմագործողությունը, որի հետեւանքով հայկական 24 բնակավայր հիմնովին ավերվել է, ավելի քան 10 000 մարդ ենթարկվել է բռնատեղահանության, հարյուրավորներն առանց որեւէ պատճառի ձերբակալվել եւ նետվել են համակենտրոնացման ճամբարներ, տասնյակ անմեղ հայեր, այդ թվում` երեխաներ, կանայք եւ ծերունիներ զոհվել են: Նույն տարում Ռուսաստանի Գերագույն խորհրդում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ անառարկելիորեն ապացուցվել է, որ «Կոլցոն» իրականացվել է ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ, եւ այն իր բնույթով պատժիչ գործողություն էր Արցախի խաղաղ բնակչության դեմ: Հայաստանում այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հազարավոր տուժածներ վկայություններ են տվել, բայց իրավական գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել: Եւ, երեւի, եկել է ժամանակը, որպեսզի այդ քրեական գործի նախաքննությունը շարունակվի եւ կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրվի: Հանցակազմն առկա է` ռազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ: Գլխավոր մեղադրյալներ պետք է ներգրավվեն երկու նախկին նախագահների` Միխայիլ Գորբաչովը եւ Այազ Մութալիբովը, նրանց նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարվի: Առարկայական իմաստով, հավանաբար, դժվար կլինի հասնել Գորբաչովին եւ Մութալիբովին դատարանի առջեւ կանգնեցնելուն, բայց գործընթաց սկսել պետք է: Նրանք կատարել են ծանրագույն հանցագործություն` իրենց մշտական բնակության վայրերից բռնատեղահանության են ենթարկել խաղաղ մարդկանց, ավերել նրանց տները, սպանել հարազատներին: Եթե հայկական կողմը ժամանակին միջազգային հանրության առջեւ բարձրացներ այս հարցը, ապա Մութալիբովն այսօր չէր կարող «ֆաշիստ» անվանել հայկական զինված ուժերին: Քաղաքականությունը մեծ մասով քայլերի մշակում եւ հետեւողականություն է: Մենք չենք կարող լռության մատնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների փաստերը: Այդ մասին պետք է ահազանգել ամեն օր, բոլոր ատյաններում եւ ամբիոններից: Նույնիսկ եթե քննարկվող հարցը դրան չի առնչվում: Այդ դեպքում Ադրբեջանի շուրջ վերջնականապես կձեւավորվի ահաբեկչական պետության աուրա, եւ Բաքուն ստիպված կլինի հավասարակշռել հետագա քայլերը: Ամեն մի առիթով Ադրբեջանը պետք է մեզնից ետ ստանա իր իրական դիմանկարը` պատերազմական հանցագործի կերպարը... |