5 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՙ ՀՆԱՐԱՎՈՐ, ԹԵ՞ ԱՆԻՐԱԿԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մինչեւ 2022-ը կառավարությունը նպատակադրվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն մարդու: Իրատեսակա՞ն է դա, պատրա՞ստ ենք դրան, ի՞նչը կարող է խանգարել այդ նպատակի իրագործմանը, այս եւ նմանատիպ այլ հարցեր են անմիջապես առաջանում: Նախ տեղեկացնենք, թե ո՞ւմ կարող ենք համարել զբոսաշրջիկ, քանզի այս հարցի շուրջ միշտ տարակարծություններ են լինում: Համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում որեւէ անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն: Այժմՙ թե ինչպիսի՞ն են եղել Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների վերջին տարվաՙ 2016-ի վիճակագրական տվյալները: ԶՀԿ մեթոդաբանությամբ հաշվարկված, այսինքն միջազգայնորեն ընդունված չափանիշներով, զբոսաշրջիկ համարվող 1 մլն 259 հզ 657 մարդ է ժամանել Հայաստան 2016-ին, ինչը 5,7 տոկոսով ավելի է 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի առումով առաջին տեղում Ռուսաստանն է: Այս երկրից անցյալ տարի Հայաստան է եկել զբոսաշրջիկների ընդհանուր թվի 21,7 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանից եկած զբոսաշրջիկներն ենՙ ընդհանուրի 17 տոկոսը, երրորդըՙ ԱՄՆ-ն է, 9,6 տոկոսը: Հետազոտությունների եւ փորձագիտական եզրակացությունների համաձայն, Հայաստան ժամանողների մոտ 60 տոկոսը ազգությամբ հայեր են: Նրանց թվում ե՛ւ, այսպես ասած, ավանդական Սփյուռքի մեր հայրենակիցներն են, ե՛ւ 90-ականներին Հայաստանից արտագաղթածները, ե՛ւ վերջին շրջանում մեկնածները, եւ աշխատանքային միգրանտները, որոնք դարձել են այլ երկրների քաղաքացիներ: Այսինքն, դեռեւս ցածր է Հայաստան այցելող օտարազգի զբոսաշրջիկների թե՛ բացարձակ թիվը, թե՛ հարաբերակցությունը ընդհանուր այցելությունների համեմատ: Դրա մասին կարելի է եզրակացության հանգել, ծանոթանալով նրանց հանգրվանների մասին տեղեկատվությանը: Դարձյալ ըստ վիճակագրական ծառայության տվյալների, վերոնշյալ 1 մլն 259 հզ 657 զբոսաշրջիկներից հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում տեղավորվել են միայն 174 հազարը կամ մոտ 15 տոկոսը, իսկ 1 մլն 84 հազարից ավելի մարդ հանգրվանել է հենց բարեկամների, հարազատների տներում կամ վարձով բնակարաններում: Ճիշտ է, վարձով բնակարաններում հանգրվանողների մեջ նույնպես մեծ թիվ են կազմում օտարազգիները, բայց միանշանակ է, որ ԶՀԿ մեթոդաբանությամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը մեր նախկին քաղաքացիներն են: Ակնհայտ է, որ 5 տարի հետո 3 մլն զբոսաշրջիկ ցուցանիշին հասնելու համար չի կարելի եւ ճիշտ էլ չի հույս դնել նախկին ՀՀ քաղաքացիների վրա: Այս մարդիկ մշտապես գնում եւ գալիս են եւ նրանց թիվը մեծ տատանումներ չի տալիս: Հետեւաբար, ջանքերը պետք է ուղղվեն Հայաստանը աշխարհին ներկայացնելուն եւ այլազգի զբոսաշրջիկների հոսք ապահովելուն, որի ուղղությամբ նորաստեղծ զբոսաշրջության պետական կոմիտեն եւ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող տուր-օպերատորները շատ անելիքներ ունեն: Սակայն, մինչ այդ, նախ պետք է ունենանք գլխավորՙ հյուրերին ընդունելու համապատասխան հնարավորությունները: Սա պարտադիր պայմանն է: Այս պահի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում 551 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ կան, որոնցից 302-ը Երեւանում: Համարների ընդհանուր քանակը դրանցում մոտ 9 հազար է: Սրանց մեջ չեն մտնում գյուղական տները, վարձով տրվող տները եւ հանգրվանները, որոնք նույնպես մեծաթիվ զբոսաշրջիկներ կարող են ընդունել: Մի խոսքով, նախկին էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանՙ դեռեւս 3-4 տարի առաջ կատարած հաշվակներով, Հայաստանը կարող է միանգամից օրական մոտ 19 հազար զբոսաշրջիկ ընդունել: Միանշանակ է, որ դա բավարար չէ տարեկան 3 մլն զբոսաշրջիկ ընդունելու համար, եւ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ հյուրանոցային տնտեսության նոր օբյեկտների կառուցման համար: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ տարեց տարի ավելանում է մեր հանգստյան տներում եւ հյուրանոցներում հանգստացող ՀՀ քաղաքացիների թիվը: Հետեւաբար, նոր հյուրանոցների կառուցման հարցը, չնայած արդեն բազմաթիվ կառուցվածների առկայությանը, շարունակում է մնալ առաջնայինը: Հատկապես կարեւորվում է ոչ թանկարժեք, մատչելի հյուրանոցների, հյուրանոցատիպ հանգրվանների կառուցումը եւ հատկապես մարզերում: Մեր երկիր այցելողների համար Երեւանն, անշուշտ, ունի իր գրավչությունն ու մրցակցային առավելությունները այլ երկրների մայրաքաղաքների նկատմամբ, բայց հանգիստը Հայաստանում առավելապես ենթադրում է տեսարժան վայրեր, գեղեցիկ բնաշխարհ, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր, գյուղական սնունդ եւ այլն: Իհարկե, այս ոլորտում մենք ունենք չլուծված բազում այլ խնդիրներ եւսՙ սպասարկման մակարդակից մինչեւ ճանապարհների անբարեկարգություն, մեր շրջակայքի աղտոտումից մինչեւ հասարակական զուգարանների բացակայություն, զբոսաշրջիկների համար խտրական գներից մինչեւ նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Սրանք շատ դեպքերում եւ շատ վայրերում դեռեւս պահպանվում են եւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է իշխանությունների եւ բնակչության համապատասխան մոտեցումն ու ընկալումը, բայց եթե չլուծվի միաժամանակ անհրաժեշտ թվով հյուրերի կացարանով ապահովելու խնդիրը, վերոնշյալ մյուս խնդիրների լուծման հերթը չի էլ գա: |