ՋՈՐՋ ՏՈՆԻԿՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է SBS News-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հ. Ծ. Սիդնեյում հրատարակվող «The Australian» պարբերականը տեղեկացնում է, որ տեղական «SBS News» լրատվական հաղորդումների հիմնադիրներից Ջորջ Տոնիկյանը քննադատել է հեռուստատեսային ընկերության քաղաքականությունը, որը կասկածի տակ է առնում Հայոց ցեղասպանության փաստը: Լրատվության Current Affairs (ընթացիկ հարցեր) բաժինը ցեղասպանություն եզրույթի փոխարեն օգտագործում է «զանգվածային սպանություններ, որոնց շատերը ցեղասպանություն են համարում, մինչ Թուրքիան ժխտում է» նախադասությունը: «Հաղորդավարները նման քաղաքականություն չեն վարում, երբ խոսում են հրեական հոլոքոսթի կամ ռուանդական ցեղասպանության մասին», նշել է նա: «SBS-ը այդպիսին չէր, երբ ես այնտեղ էի աշխատում: Ավելի անկախ էր կառավարությունից»: Տոնիկյանը SBS-ի միջազգային լուրերի հաղորդավար է աշխատել 1980-ականներին, նախքան «Nine and Ten» գովազդային հեռուստատեսությունում հաղորդավարի պաշտոնը ստանձնելը: Նա շարունակում է մնալ SBS-ի «դեսպանը»` պատրաստելով երիտասարդ կադրեր: Չնայած SBS News-ը ժխտում է, սակայն Տոնիկյանը համոզված է, որ նման դիրքորոշում լրատվամիջոցը սկսել է որդեգրել այսպես կոչված «Ավստրալա-թուրքական պրոպագանդման միության» ձեռնարկած որոշակի աշխատանքներից հետո: Մեկնաբանելով հարցըՙ այսպես է բացատրել SBS-ի կառավարիչ տնօրեն Մայքլ Էբեյդը. «Այնքան ժամանակ, որ կառավարությունը կատարվածը ցեղասպանություն չի որակում, մեզ համար դժվար է այդպես որակելը: Եթե փոխվի կառավարության դիրքորոշումը, մենք էլ կփոխենք մեր քաղաքականությունը»: |