ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՈՐԻՑ, ՎԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԻՆ ԿԵՐՊ Փոխվում են կառավարությունները, նախարարները, հնչում են զարմանազան խոստումներ, բայց մեր կյանքի բովանդակությունը, իշխանության հետ հարաբերվելու որակը, մարդկանց առնչվող պաշտոնեական գործելակերպը չի փոխվում բոլորովին: Մեր կյանքում ոչինչ չփոխվելու հիանալի օրինակ է «Ֆիրդուսի- 33» թաղամասի իրացման հետ կապված երկարամյա պատմությունը: Այն, ինչ պատահել էր մյուս իրացվող գոտիների բնակիչների հետՙ բողոքի ցույցեր, ոստիկանության աջակցությամբ հարկադրական ապամոնտաժում եւ այլն, հիմա էլ կատարվում է«Ֆիրդուսի-33» հասցեում մինչեւ այժմ գործող հայտնի շուկայի հետՙ հիւնգշաբթի օրվանից այն հարկադրաբար սկսվեց ապամոնտաժվելՙ առաջացնելով շուկայի վաճառողների եւ մոտակա տների բնակիչների դժգոհությունը: Նրանք պնդում ենՙ կարելի էր նախապես փոխհամաձայնության գալ, հետո ապամոնտաժել շուկան: Հատկապես բնակիչները վստահություն չունեն իրացման պատասխանատու իշխանությունների եւ նրանց կողմից այդպես էլ չբացահայտվողՙ տարածքն իբր գնած անհայտ սեփականատիրոջ հանդեպ: Բնակիչները մտահոգվում են, որ իրենք կդառնան հերթական իրացման զոհը, նրանց տրվելիք փոխհատուցումները կլինեն զգալիորեն նվազՙ իրացման գոտու քառակուսի մետրի շուկայական արժեքից, եւ կամ այլ իրացվող գոտիների բնակիչների նման տարիներով կմնան առանց բնակարանի: Իսկ թե ինչու ներկայիս գործադիրը, որտեղ սիրում են խոսել կառավարման նոր մշակույթից, մարդկանց խնդիրների լուծման քաղաքակիրթ մեթոդներից, իրացման գոտիների հարցում մեկին մեկ վարվում է բոլոր նախկին կառավարությունների պես, այդպես էլ մնում է մութ: Կամ աշխատել, իրոք, դժվար է սովորելը, կամ ինչ -որ մեկին շատ է անհրաժեշտ դժգոհության, լարվածության ու բողոքի նոր օջախ ստեղծելը կառավարության քթի տակ: Թե չէ սա իսկական առիթ պիտի լիներ գործադիրի համարՙ նախորդ կառավարություններից տարբերվելու ու «Ֆիրդուսնոցի» հարցը քաղաքակիրթ, փոխհամաձայնեցված լուծելու համարՙ անկախ նրանից, թե ով, որքան է կերել ու դեռ որքան է ուտելու: Ընդամենը նոր կառավարման մշակույթը գործնականում կիրառելու կամք էր պետք ունենալ: Տեսնես մերոնք ե՞րբ կսովորեն քաղաքակիրթ աշխատել: |