RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 8797, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Դիտարկումներ Սաուդյան Արաբիայի եւ Ադրբեջանի շուրջ

Եթե դեռ անցած դարի 70-ական թվականներին համարվում էր, որ ահաբեկչությունը մարդկության հիմնական սպառնալիքներից մեկն է, ապա հետագայում այն, կարելի է ասել, աճեց մինչեւ համաշխարհային անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերի մակարդակին, օրակարգային խնդիր դառնալով բոլոր պետությունների համար: Ահաբեկիչներն էլ, որոնք սկզբում հանդես էին գալիս ազգային պայքարի կարգախոսի տակ, ժամանակի ընթացքում վերածվեցին մոլեռանդ քարոզիչների, սկսելով հանդես գալ արդեն իսլամի անունից: Փոքր եւ վատ կազմակերպված ու անօրինական գործող մանր խմբերից այդ կառույցները աճեցին մինչեւ լավ զինված ու իրենց ճամբարներն ունեցող խմբավորումների, որոնք հետագայում ցանցային սկզբունքով սկսեցին տարածվել աշխարհով մեկ` սպառնալով անգամ մինչեւ վերջերս ապահով թվացող պետություններին ու երկրներին:

Այս գործընթացը, սակայն, հատկապես իրենց մեծ տերություններ անվանող պետությունների «ջանքերով» շարունակվեց, ու մենք նույնիսկ ականատեսը եղանք ահաբեկչական «պետական» միավորի ստեղծմանը, որն իրեն անվանեց «Իսլամական պետություն» եւ դրա անվան տակ փորձեց դեպի իրեն գրավել աշխարհի մուսուլմաններին, ահաբեկչական իր գործունեությունը շարունակելու ու այն այլ երկրների վրա տարածելու համար: Սակայն, ինչ ձեւաչափով ու ձեւով էլ տարածվի ահաբեկչությունը, դրա հիմնական կենտրոնը Մերձավոր Արեւելքն է, որը դարձել է այդ սպառնալիքի տարածման հիմնական կենտրոնը: Իսկ այդ տարածաշրջանը կապված է ոչ միայն ահաբեկչության, այլեւ նավթի հետ` լինելով աշխարհի թիվ մեկ էներգակրի հիմնական կենտրոնը:

Մերձավոր Արեւելքում է կենտրոնացած նավթի մինչեւ 45, իսկ գազի մոտ 30 տոկոսը եւ, հետեւաբար, զարմանալի չէ, որ էներգակիրներով հարուստ այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, լինի դա ահաբեկչություն կամ մեկ այլ բան, այսպես թե այնպես, կապված է նավթային գործոնի հետ ու նաեւ աճում ու փոփոխվում է այդ գործոնի ազդեցության մեծացման կամ նվազման հետ զուգահեռ:

Ամերիկացի հայտնի հետազոտող եւ լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր Թոմաս Ֆրիդմանը իր հայտնի «Շոգ, հարթ, բազմամարդ. Ում է պետք «կանաչ հեղափոխությունը» եւ ինչպես վերակառուցել Ամերիկան» գրքում, անդրադառնալով ժամանակակից ահաբեկչության թեմային նշում է, որ այն ուղղակի կապված է նավթի հետ եւ դրա վաճառքի ու գնի աճին զուգահեռ աճում եւ ուժեղացնում են ահաբեկչական կառույցները: Ֆրիդմանը կարծում է, որ գնելով նավթՙ մենք անկախ մեր կամքից ֆինանսավորում ենք ահաբեկչությունը եւ ահաբեկչական կառույցները ողջ աշխարհում: «Ամերիկայի կախվածությունը նավթից նպաստում է այդ էներգակրի համար սրվող պայքարին եւ բացահայտում մեր պետության վատագույն կողմերը», ասում է Ֆրիդմանը, «նավթ գնելով մենք (իմա ԱՄՆ) ֆինանսավորում ենք Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ էմիրություններում, Քաթարում, Քուվեյթում եւ Ծոցի այլ պետություններում գործող կրոնական դպրոցները, հիմնադրամները, մզկիթները, սրանք էլ իրենց հերթին այդ միջոցներից ֆինանսավորում են հակաամերիկյան ահաբեկչական խմբավորումները»:

Ֆրիդմանը գրում է նաեւ, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը հնարավոր եղավ միայն նավթի գների աճի պայմաններում Սաուդյան Արաբիայի եկամուտների շարունակական ավելացման շնորհիվ: Եթե 1998թ. ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ընդհանուր եկամուտը նավթի վաճառքից կազմել էր միայն 110 մլրդ դոլար, ապա 2006թ. այդ թիվը հասավ 500 մլրդ դոլարի: Հասկանալի է, որ նավթի գնի շարունակական աճի պայմաններում ավելանում էին նաեւ ՕՊԵԿ-ի անդամ պետությունների եկամուտները, իսկ քանի որ դրանց շատերը այսպես թե այնպես ներգրավված էին ահաբեկչական կառույցների ֆինանսավորման մեջ, ապա աճում էր այդ կառույցների ֆինանսավորումը եւս:

Հասկանալի է, որ այս շարքում առանձնահատուկ տեղ ունի Սաուդյան Արաբիան, որպես ահաբեկչության ֆինանսավորման հիմնական պետություն: Ըստ Ֆրիդմանի, վերջինիս առավելությունը մուսուլմանական մյուս պետությունների հանդեպ ոչ միայն նավթից ստացվող գերեկամուտներն են, այլ մահմեդականների համար կարեւորագույն Մեքքա եւ Մեդինա քաղաքների առկայությունը այդ պետության տարածքում: Այս կարգավիճակը, որպես իսլամի հիմնական արժեքների պահապանի, եւ նավթային եկամուտները, Սաուդյան Արաբիային հնարավորություն են տալիս ամբողջ աշխարհով մեկ տարածել արմատական իսլամի իր տեսլականը: «Դեռ երբեք համաշխարհային որեւիցէ կրոնի արմատական փոքրամասնությունը չի ունեցել այդքան ռեսուրսներ ու միջոցներ ծախսելու ու իր տեսակետը տարածելու համար, եւ դա երկարատեւ ու լրջագուն հետեւանքներ կունենա», գրում է Ֆրիդմանը:

Նկատենք, որ նմանատիպ երկարատեւ հետեւանքներից մեկն էլ այսպես կոչված «Իսլամական պետության» ստեղծումն էր, որը սկիզբ առավ ու հզորացավ նավթի գների բարձրացման պայմաններում, իսկ անկումն ու պարտությունները համընկնում են նավթի գների նվազման հետ, այսպիսով ցույց տալով ուղղակի կապը նավթի գների եւ ժամանակակից ահաբեկչության միտումների միջեւ: Ֆրիդմանը մեկ այլ դիտարկում էլ է կատարում. նավթի գների բարձրացմանը եւ այդ տիպի պետությունների եկամուտների աճին զուգահեռ սկսում են նվազել նաեւ ազատությունները այդ պետություններում` մարդու իրավունքի, կրոնական, խոսքի եւայլն:

Ինչեւէ, նավթի գների անկումը իսկապես լուրջ հարված է Ծոցի պետություններին, որոնք հսկայական եկամուտներ են կորցնում: Այսպես. Սաուդյան Արաբիան նավթի գնի 1 դոլար անկման դեպքում կորցնում է տարեկան մինչեւ 2 մլրդ դոլար գումար, իսկ եթե այդ անկումը կազմում է 10 կամ 50 դոլար, ապա համապատասխանաբար էլ նվազում են այդ պետության եկամուտները: Սա է պատճառներից մեկը, որ այդ պետությունը ստիպված է վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում ու հատկապես ահաբեկչական կառույցներին ֆինանսավորելու հարցում: Սա է նաեւ պատճառը Սաուդյան Արաբիա-Քաթար ճգնաժամի. ֆինանսական միջոցների նվազումը հանգեցրել է նրան, որ մինչեւ վերջերս հաջողակ թվացող, այսպես կոչված «Իսլամական պետությունը» սկսել է պարտություն կրել բոլոր ճակատներում, դուրս մղվելով Իրաքի Մոսուլ քաղաքից, իսկ այժմ էլ Սիրիական Ռաքքայից, որը համարվում էր նրա մայրաքաղաքը:

Նկատենք, որ նույն իրավիճակն է տիրում նաեւ Հարավային Կովկասում, որտեղ նավթից գերեկամուտներ ապահոված Ադրբեջանը իրեն տեռորիստական պետությանը «վայել» վարքագիծ էր դրսեւորում: Եվ նրա քաղաքականությունը էականորեն փոխվեց այդ եկամուտներից զրկվելուց հետո. Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական անկումը միջազգային նավթային շուկայում աննախադեպ էր, վերջինս կրեց ֆինանսական եւ տնտեսական հսկայական վնասներ, ինչն էլ ստիպեց նրան վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում:

Սակայն նավթի գների անկման փաստը չպետք է հանգստացնող հանգամանք լինի: Այդ պետությունները` թե՛ Սաուդյան Արաբիան եւ թե՛ Ադրբեջանը, միշտ էլ վարել են ահաբեկչական քաղաքականություն, ինչից չեն կարող հրաժարվել նույնիսկ նավթի ցածր գների պայմաններում: Հետեւաբար պետք է միշտ հաշվի առնել, որ նավթի գների բարձրացման դեպքում այդ պետությունները շարունակելու են զինվել եւ բացահայտ թե գաղտնի ֆինանսավորել տարբեր ահաբեկչական կառույցներիՙ աշխարհի տարբեր ծայրերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ