ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Հասկանալի եւ ինչ-որ տեղ անհասկանալի «ամոթխածություն» է տիրում մեր մեջ Իսրայել պետության հետ հարաբերվելու թեմայի մասին խոսելիս: Եվ սաՙ հակառակ այն իրողության, որ այդ երկրի բացասական թե դրական կողմերի մասին, նրա գիտական, ռազմական նվաճումները, նրա ազգային եւ ազգայնամոլական մոտեցումները ամենաշատը շրջանառվող թեմաներից են հասարակական-ընկերային մեր խոսակցություններում: Այդ «ամոթխածության» գլխավոր պատճառը Ցեղասպանությունը չճանաչելու պաշտոնական Թել-Ավիվի կամակոր հաշվենկատությունն է, որը անբացատրելի է մեզնից շատերի համար: Մյուս պատճառը Իսրայելի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող, գոնե ժողովրդային մակարդակով, արաբական պետություններում բնակվող հարյուր հազարավոր մեր ազգակիցների առկայությունն է: Իսկ երրորդըՙ մեր երկրի կրկնակ շրջափակման պայմաններում հատկապես «կյանքի ճանապարհ» դարձած մեր հարեւան ու բարեկամ Իրանիՙ հրեական պետության հետ հակոտնյա, ես կասեիՙ գոյութենական պայքարի մեջ գտնվելու պարագան: Սակայն վերջերս «ամոթխածության» այդ շղարշը պատռվեց, երբ հիմք ընդունելով ադրբեջանական բանակին վաճառված իսրայելական դրոնների եւ այլ զինատեսակների հայկական կողմի դեմ հրեա մասնագետների մասնակցությամբ կիրառման մասին իսրայելական մամուլի տեղեկատվական արտահոսքը, որին անդրադարձել էի նաեւ ես մեր թերթի նախորդ համարում: Այսուհանդերձ, հայկական լրատվամիջոցների անդրադարձը իսկապես սահմանափակ մնաց, իսկ ոմանց համար հարմար առիթ ինքնարդարացմանՙ «Բա ի՞նչ էիք կարծում. մեր դեմ կռվողները ադրբեջանցիք չէին միայն, այլեւ իսրայելացիները»: Ինչեւէ: Նույն համարում խոստացել էի ավելի լայն անդրադարձ կատարել ընդհանրապես Հայաստան-Իսրայել միջպետական հարաբերությունների մասին, հատկապես նկատի ունենալով իսրայելացի որոշ պաշտոնյաներիՙ մեզ դարպասելու բնույթ կրող որոշ հայտարարությունները: Սակայն, նկատի ունենալով իմ ավագ գործընկերոջՙ մեր լավագույն վերլուծաբան Երվանդ Ազատյանի խիստ շահեկան հոդվածը նույնի մասին, որը անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք ներկա համարի 4-րդ էջում, կուզենայի սահմանափակվել այդ հարաբերությունների միայն մեկՙ դիվանագիտական կողմին, ավելի շուտՙ դեսպանական կամ դեսպանատնային կողմին անդրադառնալով: Հայտնի է, որ Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թ.ին: Սակայն մինչեւ օրս երկու երկրները դեսպանատներ չունեն միմյանց երկրներում: Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը Թբիլիսիում է, իսկ Հայաստանինըՙ նախապես Փարիզում, իսկ վերջին տարիներինՙ Կահիրեում: Արդ, նկատի ունենալով տարածաշրջանային նոր եւ նորագույն զարգացումները, ինչպես նաեւՙ մեկ կողմից Կովկասում Իսրայելի աճող հետաքրքրությունները, իսկ մյուս կողմիցՙ մեր պետական եւ ազգային շահագրգռությունները իսրայելական գործոնի նկատմամբ, ժամանակը չի՞ հասունացել պաշտոնական մեր ներկայացուցչությունը ստեղծելու Թել-Ավիվում (անշուշտ ոչ Երուսաղեմում- նախագահ Դոնալդ Թրամփն անգամ, հակառակ նախընտրական իր խոստմանը, Մ. Նահանգների դեսպանությունը չի տեղափոխել Սուրբ քաղաք, դեռեւս): Այդպիսի նախաձեռնության պատճառաբանության բոլոր հիմքերը մենք ունենք: Առաջին հերթինՙ տարածաշրջանի հարցերում այդ երկրի ներգրավվելու ցանկությունը, մեզ համար դրա դրական թե բացասական արդյունքները մոտիկից հետազոտելու եւ ի հարկին դրանց վրա ներազդելու խնդիրը: Երկրորդՙ Բաքվի հետ Թել-Ավիվի հետզհետե հսկայական ծավալ ստացող համագործակցության հակակշռման անհրաժեշտությունը: Երրորդՙ բուն Իսրայելում եւ նրա գրաված տարածքներում, ի մասնավորի Հայոց պատրիարքության անգնահատելի կալվածքների ու տիրույթների դիվանագիտական եւ հարակից ճանապարհներով տիրություն անելու անհրաժեշտությունը: Սրանցով չի ավարտվում մեր շահագրգռությունների շրջանակը: Դեռեւս կան մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես այդ երկրի հասարակական կարծիքի վրա տեղի ազատ մամուլի միջոցով ներազդելու խնդիրը, որը տեղում լուրջ եւ ամենօրյա աշխատանքով միայն կարելի է հաղթահարել, եւ ենթակա չէ հեռակառավարման: Անշուշտ շատ կլինեն դժգոհությունները նման նախաձեռնությունից, սակայն արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է մեզ կրակը միշտ մեր կողքին պահել, կամ մենք` կրակի մոտ: |