ԴՐՍԻ ՈՒ ՆԵՐՍԻ «ԴԱԲՐՈՆԵՐԸ» ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Մի քանի օրից կմտնենք սեպտեմբեր, որը, բացի ուսումնական տարվա սկիզբ համարվելուց, սովորաբար օրենսդիր ու գործադիր իշխանության` լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամանակն է: Հանգստացողը` հանգստացավ, նայած գրպանի պարունակությանը, դամ պահողը` դամ պահեց: Ամառվա ընթացքում ընդհանրապես ամեն ինչ ծուլորեն հոսել է, ոչ կառավարությունն է աշխարհացունց որոշումներ կայացրել, ոչ էլ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել առանձնապես: Թմբիրից արթնանալու զարթուցիչի ծլնգոց կարելի է համարել Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումն ու իր պաշտոնին հրաժեշտ տվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին «բացահայտումը»` ղարաբաղյան կարգավորման առկա տարբերակի վերաբերյալ: Առաջինն արդեն վերլուծական շրջանակներն անվանել են Պուտինի «դաբրոն» Սարգսյանին` Հայաստանում ներդրվող կառավարման նոր մոդելի շրջանակում ղեկավարման ղեկը պահելու առումով: Երկրորդի, այսինքն` Հոգլանդի կարծիքի մեջ, ի թիվս այլ ենթադրությունների, ռուսական «դաբրոն» հակակշռելու տարր էլ էին հայտնաբերել դիտարկողները, քանի որ ղարաբաղյան թեման եղել է նաեւ Սարգսյան-Պուտին հանդիպման քննարկվող հարցերից մեկը եւ անշուշտ վերջիններից չէ Հայաստանի վրա բոլոր մեծ պետությունների ազդեցության գործիքների առումով: Հայաստանն, այո, այնքան խնդիրներ է կուտակել, որ միգուցե ստիպված է հաշվի նստել արտաքին ազդակների հետ: Առհասարակ`արտաքին ազդակներից ոչ մի պետություն չի կարող խուսափել, սակայն այդ ազդակներից հաջողությամբ խուսանավելու աստիճանը կախված է պետությունների ներքին խնդիրների լուծված-չլուծված լինելու աստիճանից: Այնպես որ` մեր դեպքում ներքին ազդակներն էլ պակաս ազդեցություն չունեն նոր խորհրդարանական մոդելով մոտակայում ձեւավորվելիք կառուցվածքների ղեկավարներին տեւաբար` եւս մի քանի տարով առանձնացնելու համար: Միգուցե մեր ներսի խնդիրներն այնքան ու այն աստիճանի են, որ անգամ էական չէ այլեւս, թե դրսի «դաբրոները» ստացա՞վ նախագահը, թե՞ չստացավ, քանի որ միայն ներսի` սեփական հասարակության «դաբրոն» ապագա վարչապետին (ով էլ լինի նա) թույլ կտա լիակատար ինքնավստահ զգալ իրեն հետագա կառավարումն իրականացնեիս: Ու դրսի «դաբրոները» այս ներսինի համեմատ երկսայրի են` կարող են կա՛մ դրական նշանակություն ունենալ, կա՛մ վերածվել հակագործիքի: Իսկ որ ժողովրդի «դաբրոն» ստանալու խնդիր ունեն մեր ղեկավարները` դժվար չէ գլխի ընկնել: Դրա համար ընդամենը հայացքը պիտի գցես առաջին պատահած երեւույթին կամ իրողությանը: Եթե անգամ աչք ու ականջ փակեմ լրահոսի դեմ ու միայն մեր թաղամասում մի պտույտ անեմ, կտեսնեմ, որ երկիրը խնդիրներ ունի, շատ խնդիրներ, արմատական միջամտության կարոտ խնդիրներ: Այլապես նույն մի քանի մարդիկ, իշխող կուսակցության հովանիով, չէին խժռի թաղամասը` հսկա խանութներով լցնելով, մայթերն անգամ կուլ տալով, ինչ հնարավոր է` տեղի առումով արագորեն իրենցով անելով: Եթե տեղյակ չլինես իրողություններից` առաջին բանը, որ կարելի է մտածել, թե վաղն աշխարհի վերջն է, մի քանի օր է մնացել, ու այդ մի քանի օրը պաշտոնի ու փողի հնարավորությամբ օժտվածներն ուզում են բոլոր ազատ տարածքներն իրենցը դարձնել` հատկապես հսկայական խանութներով, շենք- շինություններով խցանելով ամեն ազատ տարածք: Եղբայր, եթե կայանատեղի չունես, մեկ մետր անգամ ավելի տարածք չկա` մեքենա կանգնի, առաքիչներն իրենց մեքենաներով այնպես են գրավում թաղամաս տանող փողոցը, որ շուտով տրանսպորտի համար միակ փոխադրուղին կմնա օդայինը, ո՞ւր ես հսկա շինություններով խեղդում թաղը: Թաղամասին (Երեւանի բոլոր թաղամասերին, որոնց վրա հարձակվել են սուպերմարկետների սիրահար մեր օլիգարխները) ծառ է պետք` քամու ու շոգի դեմն առնելու համար, իսկ դուք քարե հսկայական շինություններ եք դեմ անում` «ով ավելի ձեռք կգցի» սկզբունքով խլխլելով բոլոր հնարավոր տարածքները: Հիմա այս բարքերի պատասխանատու ղեկավարը ժողովրդի «դաբրոն» ստանալու խնդիր ունի՞, թե՞ չունի: Մի սահմռկեցուցիչ պատմություն կա համացանցում` գլխավոր դատախազին դիմած Սեւանի բնակիչ Սեւակ Ոսկանյանի պատմությունը, որին Սեւանի ոստիկանությունում, ըստ այդ դիմումի, խոշտանգել են ամենավայրենի ձեւով, հանցանքն իր վրա վերցնելու պահանջով, անգամ խոստացել են խողովակ մտցնել հետույքը: Ուզում ես պատկերացնել` այդ ովքե՞ր են աշխատում Հայաստանի ոստիկանության Սեւանի բաժանմունքում, այս ի՞նչ է կատարվում էս լուսավոոո՜ր, տեխնոլոգացվաաա՜ծ, ժողովրդավաաա՜ր Հայաստանում: Չեք նկատո՞ւմ, թե որքան տարածված է ինքնադատաստանը Հայաստանում, սեփական հարցերը բռնությամբ լուծելը, անգամ վենդետան, քանի որ այսպիսի ոստիկանությանը կամ իրավապահ համակարգին դիմելու ոչ մի ցանկություն չկա մարդկանց մեջ: Հիմա այսպիսի` բիլակներին ու ոչ թե խելքին զոռ տվող, գողական վարքուբարքով ոստիկանության համար պատասխանատու ղեկավարը, հետո նորից ղեկավարելու համար, ոստիկանության բնութագիրը փոխելով ժողովրդի «դաբրոն» ստանալու կարիքն ունի՞, թե՞ չունի, ես չեմ, ու դուք եք` ասեք: Վարչապետի` համատիրությունների աշխատանքը օրենսդրորեն կարգավորելու ցանկության բացահայտումից հետո համատիրություններում սկսվել է մի մեծ իրարանցում, այստեղ սկսել են իրենց հետ կապ չունեցող, իննսունականներին կազմալուծված ու չգործողղ ժԵԿ-երին` իբր բնակչության պարտքի ահռելի ցուցակները ներկայացնել շենքերի բնակիչներին: Զգում են, երեւի, որ էլ առաջվա պես չեն կարողանալու անվերահսկելի գումարներ տնօրինել, ու միգուցե առձեռն մարդկանցից հավաքվող հարստացման, փողլվացման աղբյուրից զրկվելու են` համատիրությունների քվոտաները ստացած տղերքը որոշել են միանգամից հարստանալ`60-100-200 հազար դրամանոց պարտքացուցակներ ներկայացնելով բնակչությանը: Ի՞նչ պարտք` ո՞վ է այդ տարիներին շենք սպասարկել, երբ ամեն ինչ անտերության էր մատնված, ոչ մի ծառայություն չէր մատուցվում. հին կառույցները չէին գործում, նորերն էլ դեռ չկային: Ու էդ` գոյություն չունեցող ծառայությունների մուրհակներն եք դեմ տալիս մեզ: Գժվե՞լ եք` որ տարիներից համատիրություններն իսկապես աշխատել են (այդ աշխատելուն էլ մեծ վերապահումով կարելի է վերաբերվել շատ դեպքերում` մուկն ու կատու են խաղացել)` Երեւանի բնակչությունն իր վճարային պարտավորությունը կատարել է, հիմա սովետական ի՞նչ պարտքեր եք ուզում, ո՞ւմ փոխարեն եք ուզում` դուք այն ժամանակ չկայիք, վարչապետը լավ կլինի մի լավ ուսումնասիրի վիճակը ու տեղը դնի ագահներին: Թե չէ` ժամանակին չմատուցված ծառայությունների, անտերության մատնված բնակֆոնդն իբր «սպասարկելու» համար կլորիկ պարտքացուցակներ եք ներկայացնում բնակչությանը` որ ի՞նչ անեք... Հիմա այսպիսի ագահ ու ժողովրդին զզվեցրած կառույցների համար պատասխանատու ղեկավարը հետո էլի ղեկավարելու համար էդ զզված ժողովրդի «դաբրոն» ստանալու խնդիր ունի՞, թե՞ չունի: Ի դեպ` մեր ընդդիմությունն էլ լավ կլինի վերջին նշածս խնդրով զբաղվի, «Ելքը» բոլշեւիկներն հիշեցնող անուններից է ուզում ազատել մեր փողոցները, հա, համաձայն ենք, բայց դեռ գնահատականներ չեն տրվել` ով էր ազգասեր, ով` հակազգային, ինչո՞վ եք կշռելու` ո՞րը պահեք, ո՞րը փոխարինեք: Այ, գոյություն չունեցող պարտքերից ազատեք բնակչությանը մի օրենսդրական նախաձեռնությամբ, թե չէ` լամպ են խոթում աչքներս (Բուլգակով), կամ ավելի հասկանալի` գոյություն չունեցող պարտքերի վերադարձ պահանջում մեզանից: Հիմա վերադառնանք Հոգլանդին: Որ զանազան «դաբրոները» աշխարհում ծանր են տանում` սեփական «դաբրոյի» մենիշխանությունը միայն ընդունելով` երեւում է Ռիչարդ Հոգլանդի` ղարաբաղյան կարգավորման առկա տարբերակի` իր պաշտոնավարման ավարտին անսպասելի արված «բացահայտումից» անգամ: Հոգլանդը դիվանագետ է, դիվանագիտության մեջ չեն կարող լինել պատահականություններ կամ անձնական ցանկություններ, կամ հրաժեշտի ժամանակ պարզապես մի անգամ եւս իր մասին հիշեցնելու սոսկական մղում: Որքան էլ մեր արտգործնախարարն ասում է, թե նոր բան չկա, ու պետք չէ այդքան ուշադրություն դարձնել այդ «բացահայտման» վրա, որին ժամանակին մի քանի անգամ հայկական կողմն անդրադարձել է: Սակայն պետք չէ բացառել, որ ամերիկյան վարչակազմն այդպես է արձագանքում Հայաստանին «դաբրո» տալու ռուսական մենաշնորհին, հիշեցնում ինչ-որ բաներ: Իսկ մերոնք հարկ չեն համարում մեկ անգամ եւս մեկնաբանել Հոգլանդի նշած կետերի բովանդակությունը, կրկնությունը չի խանգարի, քանի որ այդ տարբերակով Արցախի կարգավիճակը, առանց որեւէ անվտանգության երաշխիքի, հավասարեցվում է Խորհրդային Միության ժամանակի ԼՂԻՄ-ի կարգավիճակին, որի արդյունքում էլ գնդակոծվում էին Արցախի բնակավայրերը: Ամերիկացիները բան են հասկացնում: Իսկ մենք, իսկապես, հիշենք պատմությունը. ոչ մեկի «դաբրոյով» էլ չենք կարող մեր խնդիրները լուծել, միգուցե դիվանագիտորեն մանեւրել միայն` բոլոր տեսակի միությունների միջեւ սեփական շահը քիչ խնդիրներ ունեցող Հայաստան կառուցելու մեջ տեսնելով: Թե չէ` ասենք, եւ Թուրքմենիայի նախագահ կընդունենք-բաց կթողնենք` փոխշահավետ համագործակցության փոխխոստումներով, եւ նոյեմբերին ԵՄ-ի հետ պայմանագիրը կստորագրենք, եւ զարմանազան խոստումներ ու մտքեր կհնչեցնենք: Եթերներով` խոսքերով ու թղթերով ամեն ինչ սիրուն է, ասա` Հայաստանը գործնականո՛ւմ վերջապես մի փոքր շնչի, անկախ ամեն տեսակ թղթերից եւ արարողակարգային բարձր, շա՜տ բարձր ընդունելություններից: Անկախ նրանից, թե ով` ո՞ւմ «դաբրոյին» է սպասում: Թե չէ` այնքան ենք խնդրախեղդ եղել, որ օտարության ճամփան բռնելու ճակատագրական որոշումը արդեն բոլորիս դռներն է թակում, պսեւդոհայրենասիրության ճառերն այստեղ այլեւս չեն օգնում, աշխարհն այնպես է լայնացել, որ բոլորի կյանքը արդեն տեսանելի է ամենքին, զուրկ ու անապահով ապրել մեր ջահելներն արդեն չեն ուզում: Եւ օլիգարխների, զանազան օրինախախատություններով ունեցվածք ձեռքբերածների զավակների կենսակերպն էլ մյուս կողմից է ուղղակի ոչնչացնում նորմալ եւ հայրենասեր մարդու բոլոր զգացմունքները: Կա՛մ ստեղծեք բոլորի համար մեկնարկային պայմաններ, կա՛մ, եթե չեք կարող, օրենքով արգելեք չափից դուրս հարստացումը: Իսկ թե «դաբրո» ստացվել է դրսերից, թե չի ստացվել` երկրում կարգ ու կանոն հաստատելիս այնքան էլ էական չէ: |