ՉԺՀ-Ի ԵՎ ՌԴ-Ի ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՋԱԽՋԱԽԵԼ ԱՄՆ-Ը Պ. Ք. Տիեզերքում ԱՄՆ-ի տիրապետությունը վտանգված է Չինաստանը գտնվում է օպերատիվ հակաարբանյակային զենքի ստեղծման շեմին: Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են ամերիկյան արբանյակներին հակազդող ուղղորդված էներգիայով զենքի մշակումը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները: The National Interest-ի համար գրած հոդվածում Դեյվ Մաջմուդարը պնդում է, որ տիեզերական տարածությունում ԱՄՆ-ի տիրապետությունը սպառնալիքի տակ է: «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են չեզոքացնել ԱՄՆ-ի տիրապետությունը, որը ձեռք է բերվել ռազմական, քաղաքացիական եւ արբանյակաին համակարգերի կիրառման շնորհիվ: Նրանք ավելի ու ավելի հաճախ են դիտարկում ապագա պատերազմի շրջանակներում արբանյակային համակարգերի վրա հարձակվելու հնարավորությունը», մայիսի 11-ին հայտարարեց ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոուտսը : Նա հայտարարեց, որ հնարավոր են հարձակումներ կապի ռազմական արբանյակների եւ տեղաշարժման արբանյակային համակարգերի վրա, ներառյալ տեղորոշման GPS գլոբալ համակարգերը: Ամերիկյան արբանյակների դեմ ուղղված կիբեռհարձակումներից բացի կարող է կիրառվել ուղղորդված էներգիայով զենք, որպեսզի «կուրացվեն» կամ վնասվեն օպտիկական տիեզերական տվիչները: «Չին հետազոտողները մշակում են լայնորեն կիրառվող համակարգերի շրջափակմանն ուղղված աղմուկների ստեղծման նոր մեթոդներ: Ռուսաստանը մտադիր է արդիականացնել սեփական ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը եւ մինչեւ 2020 թվականը ստեղծել ռադիոէլեկտրոնային պայքարի նոր զենք»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոուտսը: Եթե ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները թույլ չտան հասնել շոշափելի արդյունքների, ապա Ռուսաստանն ու Չինաստանը կարող են գործի դնել նորագույն տիեզերական հրթիռներ, որոնց մշակումը կարող է ավարտվել առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Ավելին, երկու երկրները մշակում են արբանյակներ, որոնք կարող են միջամտել ուրիշ արբանյակների աշխատանքին, կամ էլ, հարկ եղած դեպքում, բախվել եւ ոչնչացնել հակառակորդի ուղեծրային արբանյակները: Կոուտսի խոսքերով, ռոբոտացված տիեզերական տեխնոլոգիաների հետազոտությունը, այն տեխնոլոգիաների, որոնք նախատեսված են արբանյակների սպասարկման եւ տիեզերական աղբի հավաքման համար, կարող են օգտագործվել արբանյակների վնասման նպատակով: Նման առաքելությունները կարող են լուրջ բարդություններ ստեղծել ապագայում: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունն արձանագրում է, որ տվյալ պայմաններում Պենտագոնին անհրաժեշտ են հավելյալ ներդրումներ, որոնք նրան կարող են հնարավորություն տալ պահպանելու տիեզերքում ԱՄՆ-ի գերակայությունը: |