ՅԱԻՐ ԼԱՊԻԴ: ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Թել Ավիվից «Ջերուսալեմ փոստի» հաղորդմամբ, «Եշ Ատիդ» կուսակցության հիմնադիր Յաիր Լապիդը կոչ է արել իշխանություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հրեա քաղաքագետի կոչը հնչել է ի պատասխան Երուսաղեմի «Էլ Աքսա» մզկիթի մուտքին մետաղյա դետեկտորներ տեղադրելու դեմ ուղղված Էրդողանի մեղադրանքներին: «Հրեա զինվորները իրենց ներկայությամբ կեղտոտում են մզկիթի տարածքը», ասել էր նա: Դետեկտորներ տեղադրելու Իսրայելի կառավարության որոշումը քննադատության էր արժանացել նաեւ աշխարհի այլ պետությունների կողմից: Որպես հետեւանք Իսրայելը վերացրել էր դետեկտորները, բայց վարչապետ Նաթանյահուն պատասխանել էր Էրդողանին, ասելով, որ նա «վերջին մարդն է, ով կարող է խորհուրդներ տալ Իսրայելին»: Իսկ Յաիր Լապիդը նշել էր իր հայտարարության մեջ, որ ժամանակն է «վերջ տալ Թուրքիային հաճոյանալու քաղաքականությանը» եւ կոչ էր արել բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից պաշտպանել նաեւ անկախ քրդական պետության գոյառումը: «Մենք պետք է մեր շահերը պաշտպանող քաղաքականություն վարենք այսուհետ եւ անենք այն ամենը, ինչ չենք արել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու ժամանակաշրջանում», հավելել է նա: |