RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 14348, Տպվել է` 1847, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶՆԻՑ ԱՆԿԱԽ ԵՎ ՄԵԶՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երբեմն այնպես է թվում, թե մենք մի մոլորակում ենք ապրում, մնացած աշխարհը` մի այլ:

Հենց թեկուզ համացանցը որ նայում ես` ընդհանրապես կարծես համամարդկային օրակարգից դուրս ապրենք. այստեղ ժամանակն այնպես է դանդաղում, մեր օրն այնպիսի հիմար մանրուքներով է լցված, որ ակամա սկսում ես դրա պատճառների հետեւից ընկնել; Ու մի լավ քրքրելով թեման ներսումդ` հասկանում ես, որ մեր առօրյան բավական գավառական է եւ տրամագծորեն հետ է մնում միջին հայի սովորական պահանջմունքներից ու հետաքրքրություններից:

Գուցե պատճառների մեջ գլխադաս է այն, որ հայը, ամենավաղնջական ազգերից մեկը լինելով, աշխարհի մերանն է եղել` գնացել ու շատ լավ է զգացել այլ երկրներում, սկզբնավորել եւ ձեւավորել այլ պետություններ ու ազգերի, այնտեղ զգացել իրեն ինչպես տանը` միշտ ունենալով ամենայն նորը իր մեջ տարրալուծելու, դրա կրողը դառնալու հակվածությունը: Ու այդպես «կանդիցիա» է կատարվել, աշխարհի հետ էլ չափվել ենք դրսին տված ու մեծության հասած անուններով` մեզ այդպես զգալով աշխարհաքաղաքացի, իսկ դա, հավատացեք, նախ առաջավոր մարդկության միջին պահանջերը կրողն է: Հիմա այդ զգացողությամբ հային մեր պետությունը փաստորեն առաջարկելու բան չունի` արտագաղթից բացի, մինչդեռ այս տեսակի հայի ներուժը կարող էր երկրին անչափելի օգուտներ բերել; Իրազեկված, աշխարհի ձեռքբերումներին տեղյակ, նորին ձգտելու շարժիչ կրող հայերին` ամենագավառական բարքերից, աչառու կադրային քաղաքականությունից, տգետներին ու կիսագրագետներին խրախուսելուց բացի` համարյա բան չի առաջարկվում, ու անգամ արդեն գաղտնի չի պահվում, որ երկրի սահմանափակ ռեսուրսն այլեւս հնարավոր չէ հետ ստանալ մի քանի մարդկանցից`արդյունքը բավարար չափով հասանելի դարձնելով ազգի զարգացման հեռանկարի տեսակետից պիտանի շերտերին: Նրանք էլ, տեսնելով կիսագրագետների համատարած կենսունակությունը որպես իշխող, լծակների տիրապետող եւ որոշումներ կայացնող «սերուցքի», հեռանում են այնտեղ, ուր կարող են իրենց ներսի հարստությունը, գիտելիքն ու հային հատուկ պրպտումի շարժիչն ի գործ դնելով կայանալ, ապահովել իրենց ու իրենց ընտանիքների կյանքը: Չնայած դրանից ստացվում է, որ նրանք նախ կայացնում են այլ պետություններ, քանզի հարստանալու եւ կայանալու անհագ ձգտումը հայերին տարբերում է մեկնած պետությունների ծույլ ու պետության կողմից ապահովված քաղաքացիներից, դարձնում ցանկալի այդ պետությունների համար` ոլորտների կամ հմտությունների զարգացման գեներատոր դարձնելով մերոնց:

Փաստորեն ես նկարագրեցի արտագաղթի անատոմիան` մի փոքր մակերեսից ավելի խորք նայելով: Ընդ որում` այս բանիմաց, երկրին ու հայությանը բոլոր իմաստներով անհրաժեշտ շերտերին հետեւում է առավել լայն, առանձնապես հմտությունների ու կրթական մակարդակի չտիրապետող շերտը`զուտ սոցիալական պատճառներով, ու պատկերը մեր երկրի համար դառնում է առավել քան անմխիթար: Մինչդեռ հարկ էր սովորել այդ պետություններից, դողալ մասնագետի ու գիտելիք տիրապետողի վրա ու նրան բաց չթողնել` նրա պահանջների համեմատ հնարավորությունների դուռ բացելով:

Բայց ո՞վ պիտի բացի այդպիսի դուռ` ասենք Երեւանի կամ մեկ այլ համայնքի ավագանու կիսագրագետ անդամի ու նրան հրող կուսակցության երեւակայության մեջ չի տեղավորվի, որ ինքն իր տեղում չէ, եւ իր տեղում պետք է լիներ այն կիրթ երիտասարդը, որին ուրախությամբ են սպասում ասենք Կանադայում կամ Գերմանիայում:

Կիսագրագետը չի կարող գրագետ որոշումներ ընդունել, հեռանկարին նայել իր գրպանից գոնե մեկ մետր բարձրությունից, իսկ կիսագրագետների բազմությունը պետություն է կռացնում արդեն, մի քանի գրագետի արածը ջուրը լցնում, Հայաստանը զրկում գրագետ զանգվածից, այսինքն` ապագայից:

Կիսագրագիտությունը մոտեցումների, սկզբունքների, գործելակերպի գաճաճությունն է ամեն ինչում, իսկ մեզ հսկաների առատություն է պետք` գավառական հայացքից ազատվելու եւ երկիրը կայացնելո՛ւ մեջ նրա բնակիչների ապահով կցությունը տեսնելու համար: Է, այսպիսի հերոսական մոտեցում մի՞թե կարելի է պահանջել ամենուր իշխող եւ ինքնասպասարկմամբ միայն զբաղվող գավառամտությունից: Ընդ որում` դա ամենուր է` ե՛ւ կառավարման հատկապես երկրորդ ու երրորդ մակարդակներում, ե՛ւ բուհերի դասավանդող զանգվածում, եւ կուսակցական վարչարար օղակներում, ե՛ւ անգամ լրագրության մեջ...

Ումից եւ ինչպես պահանջել այն մոտեցումները, որոնք ոչ թե զանազան խմբերին, անձերին, կլաններին են պետք, այլ Հայաստանի երեք միլիոնից արդեն պակաս բնակչությանը: Ումից պահանջել, եթե օրակարգի գլխավոր հարցը հիմա ոչ թե կամքի որոնումն է, այլ ընդամենը... անփոխարինելիության ամրապնդումը մինչեւ օր ծերություն:

Այս բոլորը, ինչ ասում եմ, բացառապես մեզանից կախված պատճառներով վիճակ է, որը փոխելու համար առայժմ որեւէ անհատի, կուսակցության կամ կլանի ինքնակամ զոհողությունը, իսկ ավելի շուտ` քաղաքական կամքը չենք տեսել, եթե չասենք` հակառակը, համակերպվելն ու համակերպվելու կոչերն ենք տեսել:

Լավ, ամեն օր տեղի ունեցող ինքնասպանությունները ձեր հոգուն ու խղճին ի՞նչ են ասում:

Այս բոլորին զուգահեռ, մեզանից անկախ պատճառներով, աշխարհում կատարվում են բաներ, որոնք կարող են մեր ներսի վիճակը փոխելու ինչ- որ մոտիվ պարունակել, ուզո՞ւմ ենք մենք դա, թե՞ ոչ:

Մեզանից անկախը

Չնայած Հայաստանի ներսում բարքերի ճահճացմանը` մենք այնումենայիվ, ապրում են ա՛յս մոլորակում, որտեղ տեղի ունեցողը մեզանից անկախ կարող է գալ ու կպչել մեզ, լավ կամ վատ փոփոխություններ բերել հայերիս: Ասենք` նույնիսկ Ֆլորիդային սպառնացող «Իրմա» ծովամրրիկը ու նրան օգնության հասնող «Կատյա» ծովամրրիկը միայն առաջին հայացքից կապ չունեն մեզ հետ` իրականում նրանք կարող են վնասել եւ զրոյացնել նաեւ ԱՄՆ-ի արեւելյան ափի հայերի բնակավայրերը, որոնք ի վերջո օգնում էին երկրում մնացած իրենց ազգականներին, իսկ դա նշանակում է այդ ազգականների ապրուստի միջոցի ոչնչացում:

Լավ, «Իրման» մեզանից հեռու է, բայց մեզ կպած Ադրբեջանի վերջին դիմակազերծումները կարող են ծովամրրիկի ազդեցությունն ունենալ այդ երկրի համար, ու մեզնից անկախ պատճառներով`մեր գործն ակամա կրկնապատկել եւ Եվրոկառույցներում, ԵԽԽՎ-ում, ուր արդեն իսկ ԵԽԽՎ նախագահի իմպիչմենթն էր նախապատրաստվում հոկտեմբերին: Ուրեմն նոր ուժով ստիպված պիտի ուղեղ ու մարմին շարժենք` մեզանից անկախ մատուցված այդ իրավիճակի համար լրացուցիչ ջանքեր գործադրելով:

Խոսքը համաեվրոպական թերթերի ընկերակցության բացահայտած կոռուպցիոն սխեմաների մասին է, որ գործադրել է Ալիեւների կլանը` իրենց հարցերն առաջ տանելու համար ահռելի գումարներով միջնորդավորված կաշառելով եվրոպական չինովնիկներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը չի բացառում, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի մասին սկանդալային հրապարակումից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց բարձրացվի:

Հասկացաք, որ շատ գործ ունեն Հայաստանի տարբեր կառույցներն այս առումով` տիրապետած սեփական տեղեկատվությունը ի ժամանակի եւ ի տեղի եվրոպացիներին մատուցելու եւ մեր խնդիրներն առաջ տանելու տեսակետից: Սա մի հնարավորություն է, որ եկել է հայերիս դուռը, երբ մենք մեզ համար նստած էինք, ու սա ճիշտ չօգտագործելը կլինի, մեղմ ասած, անբաշարություն: Մանավադ, որ այժմ տարբեր երկրներում կսկսեն հետաքննել, թե իրենց պաշտոնյաներն արդյո՞ք կապ են ունեցել բացահայտված կոռուպցիոն սխեմաների հետ, ու տեղին կլինի նրանց հիշեցնել զանազան միլիցամարկովիչների մասին, ինչպես նաեւ բացահայտելու Ադրբեջանի հակամարդկային դեմքը Արցախի խնդրի հետ կապված: Կամ գոնե պետք է ամեն առիթով հիմա տեսանելի դարձնել, որ Հայաստանն այդպիսի կոռուպցիոն սխեմաների երբեք չի դիմում:

«Ալիեւի լվացքատունը», ինչպես որ ավնվանել է եվրոպական թերթերի ընկերակցությունն իր հետաքննությունը, փաստորեն, բացահահայտելով ալիեւյան կոռուպցիոն սխեմաները` բացահայտել է նաեւ Եվրոպայի կոռումպացված չինովնիկների դենքը, ապտակ հասցնելով Եվրոպայի երեսին: Եվրոպան, պիտի որ չհանդուրժի ալիեւյան այս ողջ սկանդալը,մինչեւ վերջ գնա` կոռումպացվածներից ազատվելու համար, եթե մտածում է իր չհեղինակազրկվելու մասին: Գումարած` մարդասպան Ռամիլ Սաֆարովի համար Հունգարիային վճարված յոթ մլն դոլարը:

Հիմա բոլոր եվրոպական երկրները կարող են սկսել հետաքննել` կապվա՞ծ են իրենց տեղական գործիչները ադրբեջանական կոռուպցիոն սխեմային, թե՞ ոչ, ինչպես որ Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հանձնաժողովն է հիմա անում: Այնպես որ Ալիեւն ու Ալիեւան մեր սահմանները լարված պահելու փոխարեն, թող այս միջազգային խայտառակությամբ զբաղվեն, որը բացահայտում է այդ երկրի միջնադարյան կերպարը:

Իսկ սրան պատրա՞ստ ենք

Մեզանից անկախ պատճառներով` մեր խնդիրները նորովի դիտարկելու հնարավորության ամենակարկառուն օրինակը էլի վերջին օրերին էր:

ԱՄՆ-Ռուսաստան հերթական սրացմանն է դա վերաբերում, որը շատ առումներով դեռ կարող է գալ ու կպչել Հայաստանին, քանի որ Էս երկու պետությունների տարածաշրջանային շահերի կիզակետում ենք:

Որ Պուտինն ասում է, թե հակամարտ գոտիներ զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը, առաջին միտքն ի պատասխան հայկական ուղեղներում ծագում է ինքնաբերաբար` բա Ադրբեջանին ռուսական զենքի մատակարո՞ւմը: Ու այս իմաստով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միտքը, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով արժե հակամարտ գոտիներ զենքի մատակարարման էմբարգո կիրառելու ուղղությամբ աշխատել, արժե առարկայական դարձնել ու ջանքեր գործադրել: Պուտի՞նը հո իր ասածից հետ չի կանգնելու Անվտանգության խորհրդում:

Սրան ինչ ասենք

Ամեն օր սարսափով բացում եմ լրահոսը` սրտի դողով սպասելով, թե էլ որ տարածքում բռնկված հրդեհի մասին կկարդամ: Մի ժամանակ այդ հրդեհները «բռնկվում» էին հեռուստաաշտարակի մոտիկ անտառում, բուսաբանական այգում ու էլի այն կանաչ տարածքներում, որի վրա աչք ունեին սննդի օբյեկտ տեղադրելու ախորժակ ունեցողները: Ու լրագրողներս սանիտարի պես վրա էինք հասնում` հրապարակմամբ փորձելով փակել առաջին հերոստրատների ախորժակը: Ինչ մեղքս թաքցնեմ` ես էլ բնապահպան Կարինե Դանիելյանի նման կասկածներ ունեմ ներկա հրդեհների բնական ծագման վերաբերյալ: Օրինակ` եթե Բյուրականի` հանքակից ծառերի հրդեհի մասին ահազանգ է եղել` պիտի ստուգվեր, միգուցե հետագա հրդեհն այդպիսով կանխվեր: Ինչպես որ բնապահպաններն են կասկածում` որեւէ գործունեության ընդլայնման նպատակով չարամիտ հրդեհները չի կարելի բացառել, այ, եթե մի լավ հետաքննվի ու պարզվի, որ մարդկային գործոնը դեր չունի Խոսրովի անտառի, Բյուրականի հրդեհի հետ` միգուցե մեզ մոտ կասկածները վերանան:

Եզրակացություն. Վերադառնանք մեր նյութի սկզբին: Մեզանից անկախ պատճառներով մեզ կարող են մատուցվել միջազգային տարբեր հնարավորություններ ու պատեհություններ, որոնցից արդյունավետ օգտվելու հնարավորությունը մեր երկրի ներքին մթնոլորտի փոփոխությունը, մեր ներսի տաղանդավորներին ճանապարհ տալն ու Հայաստանում իշխող մտայնության վերբեռնումն է` դեպի գրագետ ու ներքին կոռուպցիաներից զերծ հասարակություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ