ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ 110 ՏԱՐԵԿԱՆ Է ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Երեւանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1907 թվականին: Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են երկու «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական հիդրոտուրբին, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն, 230 Վ լարում, 600 պտ/րոպ պտուտաթվերով, «Վոլտա» գործարանի եռաֆազ հոսանքի գեներատոր, իսկ մյուսըՙ 25 կՎտ հզորությամբ, 230 Վ լարման հաստատուն հոսանքի երկու գեներատոր: Մի քանի տարի հետո մեքենայական սրահից դուրս տեղադրվել է եւս մեկ հիդրոտուրբին, որն ուներ մեկ աշխատանքային անիվ: Այն ժապավենային փոխանցումով միացվել է հիմնական տուրբինի գեներատորի հետ: Այս հիդրոտուրբինը փաստորեն համարվել է այսպես ասած պաշարային եւ օգտագործվել է միայն վթարային դեպքում, քանի որ հնարավոր չի եղել ապահովել նրա աշխատանքի համար անհրաժեշտ ջրի քանակ: Կայանի ջրի մատակարարման համար օգտագործվել է գոյություն ունեցող բաց ջրանցքը, որը կառուցվել է ջրաղացի համար: Ջրի կորուստները փոքրացնելու նպատակով 1500 մետր երկարությամբ ջրանցքը վերանորոգվել է: Զանգու (Հրազդան) գետից ջրի առումը իրականացվել է հասարակ ամբարտակի (պատնեշի) միջոցով: Կայանի օգտակար էջքը կազմում էր 13 մետր: Այն նախատեսվել է Երեւան քաղաքին էլեկտրական էներգիայով մատակարարելու համար: Արտադրված էլեկտրական էներգիան կայանում տեղադրված 200 կՎԱ հզորության եւ 230/6000Վ լարման բարձրացնող տրանսֆորմատորների միջոցով օդային գծերով հաղորդվել է քաղաքին, որտեղ ձեւափոխվել է 230 Վ լարման: 230 Վ լարման հաստատուն հոսանքը տրվում էր քաղաքին հիմնականում փողոցային լուսավորության համար, ինչպես նաեւ կայանի մոտ գտնվող սպառողներին: Կայանի արդյունաբերական բեռնվածությունը կազմում էր հինգ էլեկտրաշարժիչ, յուրաքանչյուրը 7.5 կՎտ հզորությամբ, որոնք նախատեսված էին սեզոնային աշխատող բամբակ մշակող հաստոցների, 5 կՎտ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչ մեխանիկական վերանորոգման արտադրամասի եւ 4 էլեկտրաշարժիչ 8 կՎտ գումարային հզորությամբ պահածոների գործարանների եւ մի շարք այլ փոքր արհեստանոցների համար: Արդյունաբերական սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարումը իրականացվում էր երեկոյան պիկային ժամերից հետո: Տարեկան արտադրված 375 հազար կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի մոտ 20 տոկոսը օգտագործվում էր արդյունաբերության, մնացածըՙ կոմունալ-կենցաղային նպատակների համար: Երեւան քաղաքի փողոցների ամբողջ լուսավորությունը սահմանափակված էր 24 լապտերներով եւ 50 Վատտանոց 150 լամպերով: 1926 թվականին ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը ենթարկվել է ապամոնտաժման: 20-րդ դարի սկզբներից տարբեր ընկերությունների կողմից առաջարկներ են ստացվում Երեւանի լուսավորության համար Զանգվի կամ Գետառի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Այս հարցում արդյունքի է հասնում «Ամպեր» ընկերությունը: Նրա կառավարիչը Գ.Կիրակոսյանն էր: Վերջինսՙ 1907 թ. Զանգու գետի վրա կառուցում է մի փոքրիկ հիդրոէլեկտրակայան: Շինարարական աշխատանքները կատարվում են արագ տեմպերով, եւ նույն թվականի մայիս ամսին կայանը սկսում է աշխատել, որից հետո Երեւան քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարելու համար տարիներ շարունակ բանակցում է քաղաքային վարչության հետ: Բանակցությունները երկար են տեւում (1907-1913 թթ.): Կիրակոսյանը, օգտվելով առիթից, որ իր էլեկտրակայանը միակն է (քանի որ Շուստովի կայանը նախատեսված էր բացառապես գինու եւ կոնյակի գործարանի համար եւ չէր կարող քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարել), առաջարկում է իր համար գերադասելի պայմաններ: «Երեւանսկիե օբյավլենիա» թերթում բազմաթիվ հոդվածներ են տպագրված Կիրակոսյանի կողմից ներկայացված պայմանների, Երեւանի քաղաքային իշխանություններին ընդունել տալու համար ձեռնարկած միջոցառումների մասին: Այդ ժամանակահատվածում քաղաքային խորհուրդըՙ բազմիցս նիստեր է գումարում փողոցների լուսավորության հարցը լուծելու համար: Կիրակոսյանը, օգտվելով առիթից, որ միայն իր էլեկտրակայանն է տվյալ պահին ի զորու թեթեւացնելու ստեղծված վիճակը, ամեն ինչ անում էՙ մեծ օգուտներ ստանալու համար: Այդ իսկ պատճառով առաջարկություններ են լինում կառուցելու նոր հիդրոէլեկտրակայան, որպեսզի ազատվեն Կիրակոսյանի պահանջները կատարելուց: Հակամարտությունը իր գագաթնակետին է հասնում 1913թ. սկզբներին: Կիրակոսյանը դադարեցնում է քաղաքին էլեկտրամատակարարումը: 1913 թ. հունվար-փետրվար ամիսներին քաղաքային խորհուրդը փողոցների լուսավորության հարցը քննարկում է ութ անգամ: Վերջապես 1913 թ. մարտի 31-ին կնքվում է պայմանագիր: Այն կնքված էր ութ տարով: Ըստ այդ պայմանագրիՙ քաղաքային իշխանությունը պարտավորվում է պայմանագրային ժամկետում «Ամպեր» ընկերությանը տալ քաղաքում էլեկտրական գծերի անցկացման եւ դրանց շահագործման մենաշնորհային իրավունքը: Այլ ձեռնարկատերեր, քաղաքային իշխանությունը նույնպես իրավունք չունեին այդպիսի գործեր կազմակերպելու: Բացառություն էր արվում միայն Շուստովի ընկերությանը: Նրան թույլատրվում էր էլեկտրական գծեր կառուցել միայն որոշակի սահմաններում: Էլեկտրաէներգիան թանկ արժեր: Պայմանագրի պայմանները ծանր էին: Դրանից բացիՙ «Ամպեր» ընկերությունը չէր կարող հուսալի ձեւով մատակարարել էլեկտրաէներգիա: Պատճառը էլեկտրակայանի փոքր հզորությունն էր եւ մեքենաների հաճախակի շարքից դուրս գալը: Պայմանագիրը կնքելուց հինգ ամիս հետո «Կիրակոսյանի խավարը» դարձյալ տիրեց բնակչությանը: Հետագայում վիճակը վատանում է, իսկ Առաջին հանրապետության տարիներին էլեկտրակայանի հարցի շուրջ Կիրակոսյանի եւ քաղաքային վարչության միջեւ առաջանում են մեծ տարաձայնություններ, որոնց պատճառով տեղի են ունենում «Կիրակոսյան նոր խավարումներ»: «Երեւանսկիե օբյավլենիա» թերթի 1913թ. թիվ 59-ից տեղեկանում ենք, որ «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի մեքենաները փչանալովՙ չեն կարողանում լույս մատակարարել քաղաքի շատ տեղերում: Շատ տներ եւ խանութներ դարձյալ դիմում են նավթի օգնությանը...: Նույն թերթի մեկ այլ համարում գրված է. «...Քաղաքի լուսավորությունը գտնվում է անմխիթար վիճակում, փաստորեն քաղաքում կիսախավարն է իշխում, կանոնավոր չեն ոչ էլեկտրական լամպերը եւ ոչ էլ նավթայինը»: 20-րդ դարի 10-ական թվականներին Երեւանի հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրական էներգիան անբավարար էր եւ անմատչելի քաղաքի աղքատ բնակչության համար: 1911 թ. նոյեմբերի 9-ի նիստում Երեւանի քաղաքային խորհուրդը ընտրել է 10 մարդուց բաղկացած հանձնաժողով, որին հանձնարարվել է ուսումնասիրել էլեկտրակայան ունենալու խնդիրը, քննարկել եւ կազմել համապատասխան ծրագիր: Հանձնաժողովը դուրս է գալիս անգործունյա: Սկսված պատերազմը իր «լուծումն» է տալիս Երեւանի փողոցների լուսավորության հարցին: Քաղաքը ընկղմվում է կիսախավարի մեջ: Առաջին հիդրոէլեկտրակայանների կառուցման փորձը վկայում է, որ մեծ ծախսերից խուսափելու համար ձգտել են հիմնականում օգտագործել գոյություն ունեցող ինժեներական կառուցվածքները, որոնք նախատեսված են եղել ոռոգման եւ ջրաղացների համար: Գետից ջրի առման համար քարերից պատրաստել են հասարակ պատվարներ (պատնեշ), որոնք շատ հաճախ գարնան ամիսներին ջրի վարարումների հետեւանքով քանդվում եւ պարբերաբար վերանորոգվում էին: Հիդրոէլեկտրակայաններում հիմնականում օգտագործում էին «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական կամ ուղղահայաց հիդրոտուրբիններ: Էլեկտրական էներգիան արտադրվել է 230, 2000, 3000, 6000 Վ լարման ինչպես եռաֆազ, այնպես էլ հաստատուն հոսանքի գեներատորների կողմից: Էլեկտրակայաններում չափիչ-ստուգիչ սարքավորումներ գոյություն չունեին: Այն ժամանակ դեռեւս էլեկտրական էներգիայի միասնական սակագին գոյություն չուներ: Յուրաքանչյուր կայան ձգտել է էլեկտրական էներգիա մատակարարել այնպիսի սակագնով, որպեսզի վնաս չկրի: Միայն Երեւանի հիդրոէլեկտրակայանի համար էլեկտրական էներգիայի սակագին հաստատվեց քաղաքային իշխանությունների որոշմամբ, բացառությամբ փողոցների լուսավորության համար մատակարարվող էլեկտրական էներգիայի: Այն վճարում էր տարեկան 100 ռուբլի յուրաքանչյուր 100 Ամպերանոց աղեղային լամպի համար, երբ այն օգտագործվում էր մթնշաղից մինչեւ լուսաբաց: Ջերմային էլեկտրակայանների համար մեկ կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի արժեքը կազմում էր 50-ից 60 կոպեկ: Արդյունաբերության համար մատակարարվող էլեկտրական էներգիան վաճառվում էր ամսական 10-ից 15 ռուբլի յուրաքանչյուր կիլոՎատտ դրվածքային բեռի համար: Կոմունալ-կենցաղային նպատակներով տրվող էլեկտրական էներգիայի 90 տոկոսը օգտագործվում էր լուսավորության համար: Հայաստանում էլեկտրական էներգիայի տարեկան սպառումը կոմունալ-կենցաղային նպատակի համար չի գերազանցել 500 հազար կՎտ.ժամ-ը: Էլեկտրակայաններում աշխատելու համար մարդկանց ընտրում էին նկատի ունենալով նրանց ծանոթ լինելը փականագործության եւ հարակից մասնագիտությունների հետ: Հայաստանում չկային ոչ բարձրագույն, ոչ էլ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, նույնիսկ ուսումնարաններ, որպեսզի կադրեր պատրաստեին էլեկտրակայաններում աշխատելու համար: Էլեկտրակայանների մեծ մասում հերթափոխի ընթացքում աշխատում էր մեկ մարդ: Նա կատարում էր ե՛ւ հերթափոխի մեքենավարի, ե՛ւ էլեկտրիկի պարտականությունները: Այդ տարիներին շահագործման անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքները դեռեւս գտնվում էին շատ ցածր մակարդակի վրա: Դրա պատճառով էլ հաճախ տեղի էին ունենում վթարներ, ինչի հետեւանքով հոսանքահարվում էին աշխատողները եւ շարքից դուրս էին գալիս էներգետիկական սարքավորումները: Մինչեւ 1918թ. Հայաստան քարածուխ եւ նավթամթերքներ բերվել են սահմանափակ քանակությամբ: Բնակչությունը հիմնականում օգտագործել է փայտ, գյուղական վայրերումՙ աթար: 1913թ. Հայաստան է բերվել 13 հազար տոննա քարածուխ եւ 28 հազար տոննա նավթամթերք: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պղնձի արդյունահանումը Հայաստանում նվազեց, որն էլ իր հերթին բերեց էլեկտրական էներգիայի արտադրության կրճատմանը: Հայաստանում 1919 թվականին արտադրվել է մինչեւ 2 միլիոն կՎտ.ժամ, իսկ 1920 թվականինՙ մինչեւ մեկ միլիոն կՎտ.ժամ էլեկտրական էներգիա: 1920 թվականին Հայաստանի էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: Այդ թվականին յուրաքանչյուր բնակչին ընկնում էր ընդամենը 3.2 կՎտ.ժամ էլեկտրական էներգիա: Նկար 1. «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանի ընդհանուր տեսքը |