RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 12666, Տպվել է` 1298, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԷՐԴՈՂԱՆ ԵՎ ԱԼԻԵՎ, ՀԵՌԱՑԵ՛Ք»

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

ՄԱԿ-ի դիմաց գոչում էին հայ, քուրդ, հույն ցուցարարները

Այս տարի Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում տիրող մթնոլորտը հարիր էր աշխարհում տիրող քաղաքական խառնաշփոթին: Գլխավոր ինտրիգը Թրամփն էր, ով որպես ԱՄՆ նախագահ իր առաջին ելույթում բաց տեքստով նշեց Հյուսիսային Կորեայի վերացման հավանականության մասին, եթե այն չդադարի իր միջուկային փորձարկումները: Սակայն աշխարհի առաջնորդների ամենամյա ներկայացուցչական այս հավաքում իր անվան շուրջ ստեղծված ականդալային վարկանիշով Կիմ Չեն Ինին գրեթե չէր զիջում Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով ՄԱԿ-ում հավատարմագրված մեդիայի ամենաորոնվող անձերից էր: Ամերիկյան հանրային (PBS) հեռուստաալիքի լրագրող Ջուդի Ուդրաֆի հետ զրույցում նա հայտնեց, որ իր թիկնապահների համար զինհանդերձանք գնելու միլիոնների արժողության պայմանավորվածությունը չեղարկելը նշանակում է այն, որ Մ. Նահանգները այդ հանդերձանքը տրամադրելու է քուրդ ահաբեկիչներին: Էրդողանն ապա առանց աչք թարթելու հայտնել է PBS-ի մեկնաբանին, որ Թրամփն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Վաշինգտոնում իր թիկնապահների միջադեպի եւ դրան հետեւած լարվածության համար:

Մի քանի ժամ անց Սպիտակ տունը Yahoo-ի իր թղթակցի միջոցով պաշտոնապես հերքեց այդ լուրը: Ըստ երեւույթին Էրդողանը պատրանք ուներ, որ Պուտինի հետ հաջողված «ներողության» հնարքը կաշխատեր նաեւ ամերիկյան նախագահի պարագայում: ՄԱԿ-ի նստաշրջանում ոչ պակաս անհեթեթ եւ զավեշտալի վիճակում էր հայտնվել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը : Սուլթանական ընտանիքիՙ ամուսին-տիկին-դուստր ֆլեշմոբը ՄԱԿ-ի դահլիճում անցնող-դարձող պատվիրակ-«պապարացիների» ուշադրության կենտրոնում էր հայտնվել:

Չորեքշաբթի առավոտյան Ալիեւի ելույթի ընթացքում ՄԱԿ-ի շենքի դիմաց հավաքված հայ ցուցարարները վանկարկում էինՙ «Ալիեւ, դիկտատո՛ր», «Ալիեւ, ֆաշի՛ստ», «Արցա՛խ-Հայաստա՛ն» լոզունգները: «Հավաք հանուն ազատության» խորագրով ցույցին մասնակցում էին ամերիկաբնակ տասնյակ հայեր, քրդեր, հույներ, կազմակերպմամբՙ Հյուսիսային Ամերիկայի քրդական միասնության, «Քեվոք» հիմնադրամի, «Նոր Անգլիայի քրդեր» միասնության, ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հունական խորհրդի: Ցուցարարների դիմացից անցնող միջազգային պատվիրակությունների խմբերի ուշադրությունը դեպի իրենց էին շեղում «Էրդողան, հեռացի՛ր», «Էրդողան-տեռորիստ», «Էրդողան-isis» մեգաֆոնային կոչերը: Անցնողներին բաժանվող թղթերում ասվում էր. «Ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ բռնատիրության, ռասիզմի եւ անհանդուրժողականության: Էրդողան եւ Ալիեւ, դուք անցանկալի եք Մ. Նահանգներում»:

Արդյոք ե՞րբ կբացահայտվի «Ալիեւների լվացքատան» Ամերիկայում գործող մասնաճյուղը եւ մեկ առ մեկ վեր կհանվեն դրա երկար պարաններից օգտվող մարդկանց անունները: Այն, որ Ռաբբի Մարս Շնիերը այդ «կեղտոտ փողերի լվացման» շահառուներից է, կասկած արդեն չի հարուցում: Այս օրերին նրա ջանքերով կազմակերպվեցին Իլհամ Ալիեւի հանդիպումները Ամերիկայի ազդեցիկ հրեական կազմակերպությունների, Հրեական միջազգային կոնգրեսի, Եվրասիական հրեաների պաշտպանության կոալիցիայի, Հյուսիսային ամերիկայի հրեական ֆեդերացիայի եւ Նյու Յորքում գործող հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մահմեդական եւ քրիստոնեա համայնքների միջեւ փոխըմբռնման շրջանակներում Ռաբբի Շնիերը կազմակերպել էր նաեւ Ալիեւի անձնական հանդիպումը ԱՄՆ ավետարանչական եկեղեցու լիդերների հետ: Ո՞ւր եք, հայ ավետարանականներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ