RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017



Տեղադրվել է` 2017-09-21 23:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 10415, Տպվել է` 1296, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՆԻ ՄՅՈՒՍԻ ԿԱՐԻՔԸ

Պ. Ք.

ՄԱԿ-ի ընթացիկ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի համարել այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2009-ի հոկտեմբերին ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Անկարան մինչեւ այժմ չի վավերացրել: Անկարան վավերացման համար առաջ է քաշում անհեթեթ եւ դրանց միանգամայն անհարիր նախապայմաններ: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում էՙ կարծելով, թե կարող է Հայաստանին պահել պատանդի վիճակում եւ այդ փաստաթղթերը վավերացնել ըստ իր հարմարության: Դրական տեղաշարժերի տեւական բացակայության պայմաններում Հայաստանը կարող է չեղյալ ճանաչել այդ փաստաթղթերը», ասել է Սարգսյանը:

Խոսքը հայ-թուրքաական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ սահմանների բացմանը վերաբերող 2009 թ. արձանագրությունների մասին է: Դրանց վավերացման գործընթացը Անկարայում վիժեցվեց Բաքվի ջանքերով: Բաքուն Անկարային ստիպեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել ԼՂ խնդրի հետ: 2011 թ. օգոստոսին Անկարայի խորհրդարանը օրակարգից հանեց 900 օրինագիծ, որոնց մեջ էին նաեւ հայ-թուրքական արձանագրությունները: Սեպտեմբերի 24-ին կառավարությունը դրանք վերադարձրեց պատգամավորներին, բայց վավերացման ժամկետները մինչեւ օրս անորոշ են:

Առավել հեռատես թուրք փորձագետները այն ժամանակ իրենց իշխանություններին նախազգուշացնում էին, որ Անկարան դառնում է Բաքվի նեղ շահերի պատանդը, մինչդեռ վավերացումը կստեղծեր նոր իրավիճակ, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններ եւ կամրապնդեր Թուրքիայի դիրքերն Անդրկովկասում: Բայց Անկարան այն ժամանակ իրեն շատ վստահ էր զգում եւ կարծում էր, թե շուտով Եվրոմիություն կմտնի որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր եւ Անդրկովկասում Արեւմուտքը ներկայացնող դաստիարակի դեր կխաղա: Նախագահ Ալիեւը կարծում էր, որ Ռուսաստանի հարավում մինչեւ Կասպից ծովը հասնող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքում Թուրքիան գլխավոր դեր կխաղա:

Բացի դրանից, Թուրքիան հնարավորություն կստանար կապվել միջինասիական թյուրքալեզու ժողովուրդների հետ: Ղազախական եւ թուրքմենական էներգակիրները հնարավոր կլիներ Եվրոպա հասցնել Ռուսաստանը շրջանցելով: Նման սցենարը ԼՂ հակամարտությունը կտաներ թուրք-վրացական դաշինքի թիկունք, հնարավորություն ստեղծելով ժամանակի ընթացքում հայերին դուրս մղել Արցախից: Բաքուն համոզված էր, որ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը կթուլանա: Ադրբեջանը ժամանակի ընթացքում ընդունեց Թուրքիայի օգտին իր որդեգրած ռազմավարության սխալականությունը, որը Բաքվին թույլ չտվեց ժամանակին փոխել դիրքորոշումը, երկխոսություն սկսել հայերի հետ, ինչը ընդհանուր առմամբ կհամապատասխաներ երկրի ազգային շահերին, քանզի ծայր առան իրադարձություններ, որոնց մասին չէին մտածել Բաքվում:

Սկզբում Անկարան «արաբական գարնան» գործողությունների մեջ ներգրավվեց Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, իսկ հետո ներքաշվեց Սիրիայի ճգնաժամի մեջ: Թուրքիան սկսեց վերածվել Ուկրաինայի. բացի իր հարավային սահմաններում պատերազմի մեջ ներքաշվելուց, քաղաքացիական կռիվների ասպարեզ դարձավ հենց երկրի արեւելքումՙ կռվելով միաժամանակ թե՛ քրդերի եւ թե՛ «Իսլամական պետության» դեմ: Ստեղծված աշխարհաքաղաքական ջրապտույտի ընթացքը փաստորեն անհնար է կասեցնել:

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն Թուրքիայի համար լավագույն դեպքում կավարտվի դաշնապետականացմամբ: Թուրք եւ ադրբեջանցի փորձագետները, որոնք անցյալում այդ խնդիրը համարում էին դրսից բերված սադրանք, ներկայումս բացեիբաց արտահայտվում են: Սկսվել է մեծ քաղաքական խաղ, երբ պանթյուրքիզմի եւ նեոօսմանիզմի ծնած զավակ «քուրդ զավակի» առավել մերձավոր ազգականը Հայաստանն է, «Ռեգնում» գործակալության կայքում գրում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում: Ահա թե ինչու ՀՀ նախագահըՙ Անկարային զգուշացնելով, որ կարող է չեղյալ ճանաչել Ցյուրիխյան արձանագրությունները, փաստորեն հանդես է գալիս ուժի դիրքերից: Հայաստանը կարող է փակել դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ Թուրքիայի նահանջի ճանապարհները: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռեւս ունի մանեւրելու հնարավորություն, քանի որ Ցյուրիխյան արձանագրությունները չեն առնչվում անդրկովկասյան այլ խնդիրների եւ մասնավորապես Ադրբեջանի հետ, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Արեւմուտքը կարող է դա գնահատել, մանավանդ, որ Հայաստանին այլեւս չի դիտարկում բացառապես Ռուսաստանի հետ նրա գործակցության համատեքստում, այլ ավելի շուտ Քրդական հարցի լուծման ասպարեզում կարեւոր գործոնի դերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 22-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ